15 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ

Կրակոցների տակ ընկնել նրա ծրագրերի մեջ չկար

Չնայած Փաշինյանի խոստումներին՝ 2008թ. մարտի 1-ի գործն առ այսօր բացահայտված չէ, քանզի առ այսօր հրապարակված չեն 10 հոգու սպանած անձանց անունները։ Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այդ առնչությամբ բազմիցս հայտարարել է, որ ռեժիմը պարզապես անկարող է բացահայտել գործը։ Մարտի 1-ի 15-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ ուշադրության են արժանի մի քանի առանցքային դրվագներ։

Սկսեմ նրանից, որ 2008թ.մարտի 19-ի դրությամբ հետախուզման մեջ էին 4 անձ. Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Արմեն Վարդանյանը, Լենդրուշ Տոնոյանը։ Նրանց հայտնաբերման նպատակով իրականացվում էին օպերատիվ-հետախուզական աշխատանքներ։

Զանգվածային անկարգություններ հրահրող Փաշինյանը ծլկեց դեպքի վայրից, հենց որ վիճակը սկսեց թեժանալ։ Կրակոցների տակ ընկնել նրա ծրագրերի մեջ չկար։ Հիշեցնեմ, որ անկախության ողջ նախորդ պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը չգլխավորեց ակցիան 2008թ. մարտի 1-ին, չքայլեց ցուցարարների առաջին շարքերում, զոհվածների մեջ չկա Տեր-Պետրոսյանի թեկնածությանը նախագահական ընտրություններում աջակցած բազմակուսակցական կոնգրեսի ուժերի ոչ մի ներկայացուցիչ։

Ողբերգական դեպքերից հետո 6-րդ օրը Սարյան 16 հասցեում վարձակալած բնակարանում հայտնաբերվեցին և ձերբակալվեցին Տեր-Պետրոսյանի մերձավոր զինակիցներ Արարատ Զուրաբյանն ու Ալեքսանդր Արզումանյանը։ Աչքի անցկացնելով մարտի 19-ի դրությամբ ձերբակալվածների ցուցակը՝ անհնար է չնկատել, որ նրանցից շատերը 2018-ի գարնան իշխանության զավթումից հետո հայտնվել են բարձր պաշտոններում։ Գագիկ Ջհանգիրյան, Ալեքսանդր Արզումանյան, Սասուն Միքայելյան…

Իսկ այ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված իրավապաշտպան Դավիթ Մաթևոսյանն այսօր դժվար թե Նիկոլի կողքին լիներ։ Դա կհաստատեն բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչել են նրան։ Ձերբակալվածների ցուցակում էր ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ, գնդապետ Գուրգեն Եղիազարյանը, որը մահացավ՝ վարակվելով կորոնավիրուսով, իսկ մինչ այդ Սորոսի հետևորդների և Փաշինյանի ամենաթունդ քննադատներից մեկն էր։ Նույն ցուցակում էր նաև ներկայումս կյանքից հեռացած Սմբատ Այվազյանը՝ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, հետագայում պետեկամուտների նախարար։ Այդ ցուցակում էր նաև գործող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայրը։ Կարապետ Ռուբինյանը մեկն է այն մարդկանցից, ում ջանքերով 2008թ. մարտի 1-ին չստացվածը հաջողվեց իրականացնել 2018-ի գարնանը։ Աշխատանքին համապատասխան էլ պարգևն է. նրա որդին 2018թ. մայիսից ի վեր բարձր պաշտոններ է զբաղեցնում…

Սեդան խոստացավ վերակենդանացնել գործը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գեներալներ Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով դատապարտելու փորձի սկանդալային ձախողումից հետո Փաշինյանը թևաթափ չեղավ։ Նա ՍԴ ուղարկեց Սեդա Սաֆարյանին, որը շեմից խոստացավ վերակենդանացնել մարտի 1-ի գործը։

Հիշեցնեմ, որ Քոչարյանին եվ մյուսներին ներկայացված մեղադրանքը հանվեց այն բանից հետո, երբ ՍԴ-ն հաստատեց մեղադրանքի հոդվածի անհամապատասխանությունը Հիմնական օրենքին։ Սաֆարյանը, որը նշյալ դատավարությունում հանդես էր գալիս որպես տուժողների ներկայացուցիչ, թեև դատաքննությունը ոչ մի կերպ չէր վերաբերում 10 մարդու մահվանը, ՍԴ դատավորի պաշտոնում նշանակվելուց հետո խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ իր համար դժվար կլինի աշխատել ՍԴ այն դատավորների կոլեկտիվում, որոնք հակասահմանադրական են ճանաչել մեղադրանքի հոդվածը:

Դատելով ամենից, հենց նման «դժվարությունների» պատճառով Սաֆարյանը ՍԴ դատավորի աթոռին նստելու առաջին իսկ օրվանից խախտեց Սահմանադրությունը, դատական ատյաններ ուղարկելով սեփական ստորագրությամբ միջնորդություններ՝ որպես փաստաբան։ Հիմնական օրենքի այս խախտումը Սաֆարյանն անվանեց «փոքրիկ խնդիր»։ Հեղինակավոր իրավաբաններն այլ կարծիքի են, բայց Փաշինյանին նրանց կարծիքը չի հետաքրքրում…

30 մլն դրամը գլխավոր սադրիչի մեղքով թափված արյան գի՞նն էր

15 տարի անց դեռևս նշված չեն 10 խաղաղ բնակիչներին սպանած մարդկանց անունները, փոխարենը ժողովուրդն այս ընթացքում վերջնականապես համոզվեց, թե ով էր կազմակերպել բնավ ոչ խաղաղ ցույցը քաղաքապետարանի և Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում։ Գլխավոր կազմակերպիչներից մեկը, նստելով վարչապետի աթոռին, անմիջապես հրամայեց 30-ական միլիոն դրամ հատկացնել 10 զոհերի հարազատներին։ Մարտի 1-2-ի դեպքերի ընթացքում տուժածները նույնպես փոխհատուցում ստացան

15 տարի անց կցանկանայինք հրավիրել ընթերցողների ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ ոստիկանության հետ ցուցարարների բախումից հետո նույնիսկ 10-րդ օրը Երևան քաղաքի ոստիկանության բաժինները շարունակում էին անհայտ անձանցից տեղեկություններ ստանալ տարբեր վայրերում թողած զենքի և զինամթերքի մասին։ Այդ հաղորդումներն ամենաստույգ ապացույցն են այն բանի, որ քաղաքապետարանի մոտ մարտի 1-ի ակցիան ամենևին էլ խաղաղ չէր։ Չենք խոսում արդեն ցուցարարների ձեռքի մահակների մասին, որոնցով նրանք ծեծում էին ոստիկաններին (ըստ որոշ տեղեկությունների, մահակները պատրաստել են Արարատ Զուրաբյանի արհեստանոցում՝ հատուկ այդ նպատակով), մեքենաների հրկիզման, Մոլոտովի կոկտեյլների։

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 186 ոստիկաններ, ընդ որում վնասվածքների մեծ մասը՝ հրազենային։ Կան փաստեր և ցուցմունքներ, որոնք վկայում են այն մասին, թե ինչպես են «անզեն» ու «խաղաղ» ցուցարարները կրակել ոստիկանների վրա։ Ընդ որում փաստահավաք խումբը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ներկայիս նախագահ Անդրանիկ Քոչարյանի և վերոնշյալ Ս.Սաֆարյանի գլխավորությամբ, փորձում էր «կոնկրետ օրինակներով» ապացուցել, թե իշխանությունը գնդակահարել է «խաղաղ» ցույցը։ Այդ մասին նույնիսկ գրքույկ են տպագրել…

«Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»,- բարձրախոսով ճղավում էր Փաշինյանը՝ դիմելով 2008թ. մարտի 1-ի ակցիայի մասնակիցներին։ Նա ճղավում էր նաև այն մասին, թե ինչպես իր «հոգին փառավորվեց»՝ տեսնելով, թե ինչպես են ցուցարարները խլում զենքը ոստիկաններից։ Այդ ճառի երկրորդ օրը Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակվեց հայկական դիրքերի վրա, բայց Երևանում այդ մասին չէին խոսում, մայրաքաղաքի բնակիչների ուշադրությունը սևեռված էր 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու փաստի վրա. նրանցից երկուսը ձերբակալված էին, մյուս երկուսը՝ հետախուզման մեջ։

Արյունահեղությունից հետո երրորդ օրը Տեր-Պետրոսյանը ՍԴ ներկայացավ բարձր տրամադրությամբ. թիմակիցները նրան դիմավորեցին ծափահարություններով։ Նախկին նախագահն ընթերցեց իր ուղերձը, ծիծաղեց ու հեռացավ։ Չորրորդ օրը Երևան ժամանեց Մեթյու Բրայզան, իսկ ութերորդ օրը՝ Թոմաս Համմարբերգը. նրանց ժամանումից առաջ ԱՄՆ դեսպանատունն արդեն զեկուցել էր ԿՀՎ-ին Հայաստանում գունավոր հեղափոխության առաջին փորձի ձախողման մասին…

10 մարդու մահով ավարտված իրադարձություններից մեկ շաբաթ անց Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մարտի 21-ից կանոնավորապես բողոքի ակցիաներ է անցկացնելու։ Դրան հաջորդեց «կողմերի հաշտեցում» կոչեցյալ կատակերգությունը. կոնգրեսի անդամ կուսակցությունների առաջնորդները կլոր սեղանի շուրջ քննարկում սկսեցին իշխող ուժերի պատգամավորների հետ:

Այդ հայտարարությունից հետո մտածող հանրությունը կորցրեց վերջին հույսը, որ նախկին նախագահն ու ՀՀՇ ռեժիմի պարագլուխը կձերբակալվի սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի համար։ 10 տարի անց՝ 2018 թվականի գարնանը այդ փորձը հաջողվեց, բայց արդեն առանց հրկիզումների և Մոլոտովի կոկտեյլների։ Զենքի տեղը զբաղեցրել էին զանգվածների ապուշացման նորագույն տեխնոլոգիաները՝ հեղափոխական կարգախոսների և թմբուկների զարկի ներքո, ինչպես նաև ցանցային փողոցային պայքարն ու Սորոսի հիմնադրամի միջոցով լվացված ալիևյան նավթադոլարները։

Գունավոր այլանդակության հայկական ծաղրապատկերի գլուխ կանգնեց Տեր-Պետրոսյանի քաղաքական սանիկը, 2008թ. արյունահեղության գլխավոր հրահրողը: Իշխանավարման 5 տարիների ընթացքում այդ սանիկը բազում հայերի արյուն թափեց, և սա դեռ վերջը չէ, իսկ ակունքները պետք է փնտրել 15-ամյա վաղեմության՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում: