«Ժողովուրդ»․ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՏԱՑԱԾ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ

2008 թվականի արյունալի մարտի 1-ից 15 արի անց Երևանի կենտրոնում գնդակահարված քաղաքացիների սպանությունները առ այսօր բացահայտված չեն, թեև Նիկոլ Փաշինյանը վաղուց խոստացել էր բացահայտել «ուչաստկովիի մակարդակի գործը», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2018 սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի գաղտնալսման օրը ՀՔԾ-ի՝ այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի հետ ասուլիս էր հրավիրել, ամենայն լրջությամբ հայտարարեց` հստակ ապացույցներ կան, որ Տիգրան Աբգարյանը հատուկջոկատայինների կողմից է սպանվել, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն արտակարգ դրություն էր մտցրել երկրում։

«Բայց որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար… Մեր վերսիան է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վնասվածք է հասցվել, որ Քոչարյանի խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Այս փաստը հիմնավորված է նախաքննության տվյալներով»,– լրատվամիջոցը հիշեցնում է Սասուն Խաչատրյանի ասածը:

Օրաթերթն ընդգծում է, որ առ այսօր այդ հիմնավորման մասին հանրությունը ոչինչ չգիտի, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՍԴ դատավճռով ամբողջությամբ ազատվել է Մարտի 1-ին առնչվող բոլոր մեղադրանքներից։

«ՍԴ-ն համարեց, որ առաջադրված հոդվածը եղել է ապօրինի: Սա միակ ապտակը չէր, որ հասցվեց Սասուն Խաչատրյանին: Նա իր պաշտոնավարման ընթացքում միշտ, հատկապես «Մարտի 1»-ի գործով արել է տարբեր հայտարարություններ, որոնք հետագայում պարզվել են` սուտ էին կամ չհիմնավորված»,–գրում է լրատվամիջոցը:

Թերթը որպես օրինակ հիշեցնում է նույն ասուլիսից մեկ այլ դրվագ, երբ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ ՊՆ պահեստից համազգեստներ են բաժանվել օլիգարխների թիկնազորներին։

«Այս օրվանից անցել է 5 տարի, սակայն Սասուն Խաչատրյանը չի հայտարարել, թե ովքեր էին այդ օլիգարխները, որոնք իրենց թիկնազորին հագցրել էին համազգեստ և բաց թողել ժողովրդի մեջ: Ավելին՝ այդ օլիգարխներից որոշների հետ ուժային կառույցների շատ ղեկավարներ տարբեր պետական միջոցառումների են մասնակցել»,–նշված է հրապարակման մեջ։

Օրաթերթն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ո՛չ Սասուն Խաչատրյանը, ո՛չ նախկին դատախազ Արթուր Դավթյանը, ո՛չ էլ գործող դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով որևէ սպանություն չեն բացահայտել: Որևէ մարդասպան չի հայտնվել ճաղերի հետևում:

«Թեև Նիկոլ Փաշինյանի թիմակիցները փորձում են Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան տեղադրել, բայց պետք է ընդգծել, որ Փաշինյանը իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման, այլ ոչ թե այդ առիթով արձան տեղադրելու խոստումով»,– եզրափակում է պարբերականը։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Մարդիկ փողոց դուրս եկան և պահանջեցին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։

Sputnik Արմենիա