Արմինե ՕՀԱՆՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԺԵԶՐԿԵՑԻՆ ԶԼՄ-ՆԵՐԸ
«Կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր Աստծու և խղճի առաջ պատասխան տա, այլ ոչ թե մտածի, թե իր քայլն ում է ձեռնտու, ում՝ վնասակար»,- «Հայկական օրակարգ. կանայք պատմական այս դժվար փուլում» քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
Նա կարևորեց, թե հասարակությունը ինչ սեգմենտներից է բաղկացած, ինչ հետաքրքրություններ ունի հանրային դաշտում, ինչով է առաջնորդվում և ինչ նախասիրություններ ունի:
«Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր հասարակությունն շատ ավելի խայտաբղետ է, փոքր սեգմենտներից է կազմված, քան այլ երկրների հասարակությունները և 2018 թվականից հետա ավելացավ տարաձայնությունները տարբեր հատվածների միջև»,-ասաց Օհանյանը:
Նրա կարծիքով՝ նախկինում կային գաղափարներ, նպատակներ, որոնց շուրջ հասարակությունը միասնական էր մտածում, իսկ 2018 թվականից հետո դրանք այնպես փոշիացան, որ հասարակությունը պառակտվեց և դարձավ մի խայտաբղետ բազմություն, որը մի կողմից շփոթահար է, կորցրել է ուղենիշը, չգիտի ինչի համար է ապրում, որն է իր նպատակը, ինչի շուրջ ինքը և իր հարևանը կարող են ուենալ ընդհանուր դաշտ, մյուս կողմից էլ չի կողմնորոշում, թե ինչ անեն, որ ավելի լավ ապրեն ավելի լավ երկիր ունենան:
Թերթի խմբագիրը համոզմունք հայտնեց, որ այդ խառնաշփոթը մի կողմից արհեստականորեն ստեղծվեց հենց իշխանությունների կողմից, մյուս կողմից բնական պրոցեսների արդյունքում է ձևավորվել:
Նրա խոսքով՝ մինչև 2018 թվականը չկար որևէ մի հայ, որը Ցեղասպանությունը, կամ Արցախի անկախությունը կասկածի տակ դներ:
«Եթե անգամ մարդը կարող էր մտածել այդ մասին՝ չեր համարձակվի բարձրաձայնել, քանի որ համընդհանուր պարսավանքի կարող էր արժանանալ»,-հայտարարեց Արմինե Օհանյանը և հավելեց. «Այսօր չկան հասարակությանը միավորող արժեքները, գաղափարները և նպատակները, ամենապարզ հարցերում հասարակությունը բազմազան է մտածում և դժվար է աշխատել նրա հետ»:
Ըստ նրա՝ իշխանությունը հասարակությունից հանեց արժեքային գաղափարական հենքը, մյուս կողմից էլ անվստահություն ներշնչեց գրագետ հանրային խոսքի նկատմամբ:
«Իշխանությունները արժեզրկեցին ԶԼՄ-ները, հասարակությանը մտցրեցին «Փերֆեկտ ԹիՎի»-ների մի դաշտ, որտեղ մարդը, եթե նույնիսկ շատ բարձր մեդիագրագիտություն ունի, շատ դժվար է կողմնորոշվում, թե որն է ճիշտը, որը կեղծիքը, ազնիվն ու անազնիվը»-նկատեց «Հրապարակ » թերթի խմբագիրը:
Իրավիճակից ելքը Օհանյանը տեսնում է նոր ասելիք դաշտ բերելու մեջ, որպեսզի հասարակությանը համախմբեն, գաղափարական հենքը ապահովեն և տանեն հիմնական նպատակին՝ հայրենիքի փրկությանը և իշխանափոխությանը: