ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ. ՀԵՔԻԱԹՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2022 թվականին Հայաստանից Եգիպտոս զբոսաշրջային այցելությունների թիվը գերազանցել է 100 հազարը, հակառակ ուղղությամբ ցուցանիշներն աննշան են։ Այս մասին մամլո ասուլիսում հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

«Դա մեր բնակչության մոտ 3 տոկոսն է։ Այժմ մենք ակնկալում ենք համաչափ թվով այցելություններ եգիպտական կողմից, իսկ դա բավական մեծ թիվ է՝ մոտ 3 մլն մարդ»,- ասել է Ապրեսյանը։ Սակայն, անդրադառնալով առկա տվյալներին, նա նշել է, որ Եգիպտոսից Հայաստան այցելությունների թիվը դեռ փոքր է, բայց հույս կա, որ վիզային ռեժիմի պարզեցման և այլ աշխատանքների շնորհիվ հոսքը կավելանա:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե որտեղից Ապրեսյանին այդպիսի հույսեր, դժվար է ասել։ Իսկ նրա բերած փաստարկը, թե իբր՝ եթե Հայաստանի քաղաքացիների 3%-ը հանգստանում է Եգիպտոսում, ապա եգիպտացիների 3%-ն էլ կարող է հանգստանալ Հայաստանում, ուղղակի անհեթեթ է։ Նույն հաջողությամբ, նույն տրամաբանությամբ, կարելի է հայտարարել, թե անցած տարի Հայաստանից տարբեր ուղղություններով մեկնել է 1 մլն 138 հազար զբոսաշրջիկ։ Իսկ դա Հայաստանի բնակչության 37%-ն է։ Համապատասխանաբար, հիմքեր ունենք հուսալու, թե մոլորակի բնակչության 37%-ը կարող է գալ Հայաստան։ Հեռանկարը, համաձայնեք, ծայրահեղ «հավակնոտ» է։

Մեխակ Ապրեսյանի հույսը՝ կապված 3 միլիոն եգիպտացի զբոսաշրջիկների Հայաստան գալու հնարավորության հետ, անհեթեթ է նաև այն պարզ պատճառով, որ անցած տարի նրանք (եգիպտացի զբոսաշրջիկները) ընդամենը 1681 էին։ Ինչպե՞ս կարելի է, ունենալով այդպիսի բազային ցուցանիշ, 3 միլիոն ակնկալել հեռանկարում։ Թեպետ, հայտնի է՝ ինչպես։ Բավական է հիշողության մեջ թարմացնել մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանի պատմած հեքիաթը թավշե կառավարության առաջիկա 30 տարիների ծրագրերի մասին։ Այդ «հիմնարար աշխատության» առանձին գլուխ նվիրված էր զբոսաշրջությանը, և դրա հեղինակի՝ Փաշինյանի վարկածով, 2050 թվականին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը պետք է հասած լինի 15 միլիոնի։ Ըստ երևույթին, Ապրեսյանը տարվել է այդ հեքիաթներով և այժմ դրանց (հեքիաթների) մոտիվներով է գնահատում Հայաստանի զբոսաշրջային ներուժը առանձին վերցրած եգիպտական ուղղությամբ։

Մինչդեռ, հաշվի առնելով անցած տարվա զբոսաշրջային վիճակագրությունը, շատ ավելի իրատեսական են պատկերանում այլ աղբյուրներից զբոսաշրջային այցելությունների հեռանկարները։ Աղբյուրներ, որոնք, ուղիղն ասենք, բնավ ամենահրապուրիչը չեն՝ Հայաստանի պետական շահերի տեսանկյունից։

Նախևառաջ՝ խոսքը Ադրբեջանի մասին է։ Հենց այն երկրի, որը զավթում է ՀՀ տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր, պարբերաբար սադրանքներ կազմակերպում սահմանին, ցեղասպան քաղաքականություն իրականացնում արցախցիների նկատմամբ։ Դե, և բացահայտ հավակնում է Հայաստանի ողջ տարածքին։ Եվ ահա, ինչպես պարզվում է, անցած տարի Հայաստան է այցելել ադրբեջանցի 5 զբոսաշրջիկ։ Իհարկե, դա այնքան էլ շատ չէ: Բայց չմոռանանք, որ անցած տարին նշանավորվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայով, որը հարյուրավոր հայ զինվորների կյանք խլեց։ Չմոռանանք, որ այդ ագրեսիան հսկայական վնաս հասցրեց, այդ թվում՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, վերածելով, մասնավորապես, Ջերմուկը նախ ռազմական գործողությունների գոտու, իսկ հետո՝ մշտական ռազմական սպառնալիքի տակ գտնվող տարածքի։ Եվ ահա այս խորապատկերին ադրբեջանցիները, դեռևս 5 մարդ թվաքանակով, հանգստացել են Հայաստանում։ Եվ ակնհայտ է, որ այդ ադրբեջանցիները համարել են, թե հանգստանում են իրենց հողի վրա։

2022 թվականը թռիչքային տարի էր նաև Թուրքիայի քաղաքացի զբոսաշրջիկների ներհոսքի առումով։ Ընդհանուր առմամբ եղել է 9479 այց։ 2021-ի համեմատ ցուցանիշն աճել է 2,5 անգամ։ Բայց այստեղ, թերևս, արժե ուշադրություն դարձնել ոչ միայն Հայաստան հանգստանալու եկած Թուրքիայի քաղաքացիների թվի աճին, այլև նրանց որակին։ Հիշենք միջադեպը Վեդիում, որտեղ թուրք ամուսնական զույգը վիրավորում էր հայերին, ծածանում թուրքական դրոշը՝ ծեծկռտուք հրահրելով տեղի բնակիչների հետ…

Եգիպտոսից զբոսաշրջիկների հավանական 3-միլիոնանոց ներհոսքի մասին հեքիաթներն, իհարկե, ուրախալի են հնչում։ Սակայն ամենևին ուրախալի չէ, որ առավել քան ակնհայտ է նման բազմամիլիոնանոց զբոսաշրջային ներհոսքի հնարավորությունը, միայն թե՝ Ադրբեջանից և Թուրքիայից։ Այն երկրներից, որոնց հասարակությունները համարում են Հայաստանն իրենց կալվածքը և թույն են շնչում հայերի նկատմամբ։