Լեոնիդ ՆԵՐՍԻՍՅԱՆ․ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԶԵՆՔԻ ԴԻՄԱՑ ԻՐԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ

Իրանը, հնարավոր է, չի ցանկանում զենք վաճառել Հայաստանին, որպեսզի շատ չվատթարանա հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը Թեհրանը նույնպես դիտարկում է որպես իր ազդեցության գոտի։ Միգուցե, Իրանը ցանկանում է ինչ-որ բան վաճառել, բայց դրա դիմաց, հնարավոր է, ցանկանում է ավելի խորը դաշնակցային հարաբերություններ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց APRI Armenia-ի գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Փորձագետը կարծում է, որ հրետանին սպառազինության ամենակարևոր տեսակներից մեկն է, որը Հայաստանը պետք է ձեռք բերի, քանի որ կորուստները հսկայական էին:

«Եթե բոլոր հնդկական պայմանագրերը ճիշտ են, ապա հարցն առաջին փուլում փակված է, թեև միշտ կարելի է շարունակել։ Ամեն դեպքում և՛ հրթիռային, և՛ փողավոր հրետանու առումով դա մեծ առաջընթաց կլինի»,-նշեց Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ հնդկական լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել Հնդկաստանից Հայաստանի կողմից «MArG» ինքնագնաց հաուբիցների գնման մասին։ Մինչ այդ հրապարակումներ են եղել նաև «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հակատանկային համալիրների և այլ սպառազինությունների մասին։

Փորձագետը չափազանց կարևորեց նաև հակաօդային պաշտպանության միջոցների գնումը։

«Չնայած հիմա դժվար է որակյալ արտադրանք ձեռք բերել այս ոլորտում, քանի որ Ռուսաստանը գործնականում ոչ մեկին ոչինչ չի մատակարարում։ Այլ երկրներ ունեն որոշակի անալոգներ, պարզապես ամեն ինչի համար ժամանակ է պահանջվում, շատ դժվար է արագ գնելը»,-նշեց նա։

Արամ Դանիելյան, News.am