Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ՆԵՐԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ»
Արցախյան հարցը միջազգային հակամարտությունից հետևողականորեն վերածվել է «ներադրբեջանական» հարցի։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Երբ Հայաստանի իշխանությունները Բաքվին կոչ են անում հարցերը քննարկել Արցախի ժողովրդի հետ, իսկ Արցախի ներկայացուցիչները այդ հարցերը քննարկում են «մետրոպոլիայի» հետ, դա նշանակում է, որ հարցը դարձել է ներքաղաքական։ Հենց դրան է Բաքուն ձգտել 30 տարի»,-նշեց նա։
Սարգսյանը նշեց, որ ավելի վաղ՝ դեռ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց առաջ, Հայաստանի և Ադրբեջանի ջանքերով դե ֆակտո դադարել է գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը:
«Ադրբեջանն ասում է, որ արցախահայությունը կամ պետք է դառնա երկրի քաղաքացի առանց որևէ արտոնության, կամ պետք է լքի Արցախը։ Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ախորժակը ուտելիս է գալիս։ Հայաստանի իշխանությունները օրակարգից հանել են Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցերը, սակայն Թուրքիան նոր պահանջներ է ներկայացնում միջանցքների և Հայաստանի զինանշանի փոփոխության տեսքով։ Ադրբեջանը նաև ցույց է տվել, որ բավարարված չէ նրանով, ինչին հասել է։ Ուստի «Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» թեզն ամբողջությամբ փլուզվեց»,-հավելեց փորձագետը։
Արցախի շրջափակումը նա լուրջ մարտահրավեր անվանեց ողջ հայության համար։
Բանակցությունների նոր փուլը ձախողվել է, Բաքուն ցանկանում է խնդիրը լուծել ուժով
Հայաստանի բանակցողը պետք է փոխվեր, և այդ ժամանակ իրավիճակն այլ կլիներ, կբացվեին նոր հնարավորություններ դիվանագիտության համար, շատ բաներից կարելի կլիներ խուսափել։ Բայց կառավարող վարչակարգը գնաց իշխանությունը պահելու ճանապարհով, ինչից հետո տեղի ունեցան բախումներ, այդ թվում սեպտեմբերյանը։ Հետո սկսվեց բանակցությունների նոր փուլը, որը նույնպես ձախողվեց, քանի որ Ադրբեջանը ցանկանում է խնդիրն ուժով լուծել,- ասել է քաղաքագետը։
Նա նշել է, որ պատերազմի ռիսկերը եղել եվ պահպանվում են։
Սարգսյանը նկատել է, որ Ադրբեջանի ագրեսիայի նախորդ փուլերի ժամանակ Հայաստանի ԶՈւ-ի բոլոր հնարավորությունները չեն օգտագործվել։
«Գուցե նման ցանկություն չկար։ Պատճառը հենց պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, ոչ թե նախկին իշխանությունների ժառանգությունը»,- ավելացրել է քաղաքագետը։
Նա կարծում է, որ վերջին հինգ տարում Հայաստանը համարժեք արտաքին քաղաքականություն և անվտանգության ոլորտի քաղաքականություն չի վարել, չի հասել որևէ արդյունքի, ընդհակառակը, եղել են ձախողումներ, այդ թվում դաշնակիցների հետ հարաբերություններում։
Նրա համոզմամբ, ԱՄՆ-ը Հայաստանի հետ ոչ մի երկկողմ օրակարգ էլ չունի, Վաշինգտոնը չի էլ թաքցրել, որ իրեն տարածաշրջանում խաղաղություն է հարկավոր՝ անկախ կոնֆիգուրացիայից։ Ամենագլխավորն ԱՄՆ-ի համար հակառակորդ երկրին տարածաշրջանից դուրս մղելն է։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ ևս ռազմավարական հարաբերություններ Հայաստանն արդեն չունի, Երևանի մեղքը դրանում նույնպես մեծ է։ Բացի այդ, եղել է Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու պոտենցիալ, բայց նորից Հայաստանի մեղքով այդ պոտենցիալը չի իրացվել։ Ընդ որում՝ ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն չեն հայտարարել և չեն հայտարարի, որ պատրաստ են լինել Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգության, ինչպես նաև տարածքային ամբողջականության երաշխավորը։ Արևմուտքը շահագրգռված չէ նման պարտավորություններ հանձն առնելու հարցում»,- ընդգծել է փորձագետը։
Նա կրկնել է, որ ԱՄՆ-ը ընդամենը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, իսկ Մոսկվան փորձում է թույլ չտալ դա։
ԱՄՆ դեսպանի այցի իմաստը Լաչինի միջանցք
ԱՄՆ-ն շատ ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում։ Այս երկրի նոր դեսպանը ներկայացրել է իր առաջնահերթությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում և հայ-թուրքական հարաբերությունների բարելավում,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Նա բացատրեց, որ դեսպանի երեկվա այցը կապված էր իրավիճակին տեղում ծանոթանալու ցանկության հետ։
«Սա կարևոր ազդանշան է Ադրբեջանին և միջազգային հանրությանը, որ հարցը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, և դեսպանը կրկնեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մասին կոչը։ Նա այսպիսով ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները աջակցում է այս գործընթացին։ Սա շատ հստակ ազդանշան է»,- ասաց Սարգսյանը։
Փորձագետը չբացառեց, որ տարածաշրջան կարող են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ երկրների դեսպաններ, ինչպես նաև ԵՄ երկրների դեսպաններ։
«Ուրիշ բան, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերում արցախյան հարցում Արևմուտքի ներգրավվածությանը։ Դժվար է պատկերացնել, որ եթե ռուսները հեռանան Արցախից, Ադրբեջանը կհամաձայնի այլ ուժերի տեղակայմանը, այդ թվում՝ արևմտյան։ Ռուսների հետևից կգնան նաև Արցախի հայերը, ինչը ռիսկային կլինի Հայաստանի իշխանությունների համար, որոնք մատնանշում են, որ ռուսները պետք է մնան և ապահովեն արցախահայության անվտանգությունը»,- ընդգծեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քուինը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ մարտի 9-ին այցելել էր այն հատվածը, որտեղից սկսվում է Լաչինի միջանցքը։
News.am-ի նյութերով