ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՐ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է
Նիկոլ Փաշինյանը անցկացրեց հերթական ասուլիսը։ Կենդանի ասուլիս, որտեղ վարչապետին հարցեր տալ թույլատրված էր ոչ միայն իշխանամետ լրատվամիջոցներին, այլև նրանց, ովքեր այնքան էլ բարեհաճ չեն նրա հանդեպ։
Շատերը ասուլիսից առաջ անհանգստանում էին. ի՞նչ կհրամցնի Նիկոլն այս անգամ։ Չէ՞ որ պատահական չէ, որ մամուլի ասուլիս հրավիրվեց այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց «Արևմտյան Ադրբեջանի» և անկլավային յոթ գյուղերի նկատմամբ Բաքվի հավակնությունների մասին։ Եվ այն բանից հետո, երբ Բաքուն Ստեփանակերտին «հրավիրեց» Բաքու՝ բանակցելու, իսկ Ստեփանակերտը Բաքվին արդեն մերժել է։
Այստեղից էլ՝ մտավախությունները։ Առաջին մտավախությունը. բա որ հանկարծ Նիկոլի մտքով անցնի ասել, թե արցախցիները պետք է գնան Բաքու։ Երկրորդը. բա որ հանկարծ մեր խաղաղասեր Նիկոլը հայտարարի, թե «արևմտյան ադրբեջանցիները» կարող են թեկուզ վաղը գալ, սեփականություն գնել ու հանգիստ ապրել Հայաստանում, ինքը երաշխավորում է։ Երկրորդ մտավախությունն արտահայտում էին որոշ փորձագետներ, իսկ առաջինը՝ նույնիսկ Արցախի խորհրդարանականները, որոնք հանդես եկան հայտարարությամբ, որով փաստացի կոչ արեցին չդավաճանել իրենց։ Կոչ արեցին պաշտոնական Երևանին չուրանալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Անկեղծ ասած, վստահ էինք, որ մտավախությունները թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում չափազանցված էին։ Մամլո ասուլիսն այդ առումով իսկապես սենսացիաներ չմատուցեց։ Նիկոլն իրեն պարկեշտ էր պահում։ Հիշեցրեց հայերի իրավունքների մասին, որոնք ստիպված էին հեռանալ Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Շամխորից, Շահումյանից, Գետաշենից, Հադրութից, Շուշիից... Եվ հայտարարեց, որ Ստեփանակերտի որոշելիքն է՝ ընդունել Բաքվի ապակառուցողական-սադրիչ հրավերը, թե ոչ։ Ճիշտ է, արտառոց հայտարարությունների պակաս չկար։ Օրինակ, երբ նա մեղադրեց Սերժ Սարգսյանին անլրջության մեջ, պաշտպանեց իջեցված գնով թանկարժեք բնակարան գնելու Պապիկյանի իրավունքը, կամ երբ ասաց, թե, պարզվում է, մենք պարտվել ենք պատերազմում, որովհետև բանակում և ԱԱԾ-ում գործում էր հինգերորդ շարասյունը…
Բայց ասուլիսը լսել հետաքրքիր էր։ Քանի որ արդեն իմունիտետ ունենք վարչապետի հայտարարությունների նկատմամբ։ Ավելի ճիշտ՝ ըմբռնում, թե ինչպես վերաբերվել նրա հայտարարություններին։ Ողջ գաղտնիքն այն է, որ եթե ուզում եք լսել վարչապետի ասուլիսները, ապա պետք է մշակեք նրա ասածներից և ասելու ձևից բացարձակապես չվրդովվելու հմտություն։
Պետք է հասկանալ, որ դա մեր Նիկոլն է։ Եվ սկզբունքորեն նա կարող է ասել ինչ խելքին փչի։ Բացարձակապես ամեն ինչ: Եվ, ինչպես ցույց է տվել պրակտիկան, ինչ էլ որ ասի, պատասխանատվության չի ենթարկվի։ Ինչ էլ որ Փաշինյանն ասի, ժողովուրդը փողոց դուրս չի գա ու նրան չի տապալի, որովհետև մեր իմաստուն ժողովուրդը վաղուց արդեն ձեռքը թափ է տվել այն ամենի վրա, ինչ ասում է Նիկոլը։ Ուստի, լսելով վարչապետի պատասխանները լրագրողների սուր հարցերին, հիշեցի Շտիրլիցի մասին մի անեկդոտ։
Թե ով է Շտիրլիցը, ավագ սերունդը գիտի, իսկ սելֆիի սերնդին, հավանաբար, իմանալն այլևս պարտադիր չէ։ Իսկ անեկդոտը հետևյալն է: Հիտլերի շտաբը՝ 1941-ի հունիսի սկզբին: Ինքը՝ ֆյուրերը, ռեյխի բարձրագույն ռազմական հրամանատարությունը և հատուկ ծառայությունների ղեկավարները խոնարհված են ռազմական քարտեզների վրա և վերջին ճշգրտումներն են անում «Բարբարոսա» ծրագրում։ Դե, ավագ սերունդը գիտի, թե դա ինչ ծրագիր է, իսկ կրտսեր սերնդին, հավանաբար, իմանալն արդեն պարտադիր չէ։
Ահա ուրեմն, նրանք վերջին շտկումներն են անում, մեկ էլ հանկարծ դուռը բացվում է, մտնում է մի մարդ, մոտենում սեղանին, ծալում գլխավոր ռազմական քարտեզը, դնում գրպանն ու դուրս գալիս:
Զարմացած Հիտլերը հարցնում է. «Սա ի՞նչ էր։ Ո՞վ է այդ մարդը»։ Մյուլլերը տխուր պատասխանում է. «Շտանդարտենֆյուրեր Շտիրլիցն է, նույն ինքը՝ ռուսական ռազմական հետախուզության գնդապետ Մաքսիմ Մաքսիմովիչ Իսաևը...»:
Հիտլեր-Ուրեմն ինչո՞ւ չեք բռնում նրան:
Մյուլլեր-Անիմաստ է, իմ ֆյուրեր, միևնույն է, տակից դուրս կգա…