ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ. ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՍԽԱԼՎՈ՞ՒՄ Է

«Freedom House - ը սխալվում է»,-կտրականորեն հայտարարեց Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ի իր ասուլիսում, մեկնաբանելով հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության պնդումները, որ ՀՀ կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, ընդդիմադիրներին և իրավապաշտպաններին գաղտնալսելու համար: Հաջորդ օրը՝ մարտի 15-ին, ասես ի պատասխան, Freedom House-ն իր «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցում արձանագրեց, որ Հայաստանը գրանցել է ազատության վարկանիշի անկում՝ նախորդ տարվա 55-րդ հորիզոնականից իջնելով 54-րդ։

Իսկ դրանից երկու օր առաջ, մարտի 13-ին, մեկ այլ միջազգային կազմակերպություն՝ «Heritage»-ը արձանագրել էր ՀՀ-ում տնտեսական ազատության ինդեքսի անկում, որն ամենացածրն է 2002 թվականից ի վեր։

«Ժողովրդավարության բաստիոնը», ինչպես մեծադղորդ անվանում են Հայաստանը ռեժիմի ներկայացուցիչները, արդեն ոչ թե ճաք է տալիս ամեն տեղից, այլև վերջնականապես փլուզվել է, և այդ մասին արդեն խոսում են ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլև ինքը՝ «ժողովրդավարության և մարդու իրավունքների գլխավոր պահապան» ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ գերատեսչության մարտի 21-ին հրապարակած տարեկան զեկույցը բառացիորեն լեփ-լեցուն է Հայաստանում տիրող իրավիճակի քննադատական գնահատականներով։ Առանձնահատուկ նշենք, որ ամերիկացիները տեղեկատվությունը ստանում են հիմնականում իրենց իսկ կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններից, որոնք 2018-ին ջերմեռանդորեն սատարեցին «հեղափոխությանը» և երկար ժամանակ բավական լոյալ էին նոր իշխանությունների հանդեպ։

Պետդեպարտամենտը բառացիորեն դատափետել է Փաշինյանի կառավարությանը՝ ասես վերջապես ազատություն տալով իրեն և արտահայտելով նախորդ 3-4 տարիներին կուտակված ու չասված բոլոր դժգոհությունները։ Թե ինչով էր բացատրվում Փաշինյանի նկատմամբ ամերիկացիների այդչափ տևական ներողամտությունը՝ հեշտ է կռահել. պատճառներն ակնհայտորեն քաղաքական հարթության մեջ էին։ Թե ինչով է բացատրվում Հայաստանում արդեն վաղուց տիրող իրողությունների նկատմամբ նրանց վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը՝ այլ խոսակցության թեմա է, բայց պատճառները, ամենայն հավանականությամբ, կրկին իսկ քաղաքական բնույթի են։

Հայաստանի մասով զեկույցի բովանդակության մասին ընթերցողին պատկերացում տալու համար մենք պարզապես մի քանի մեջբերում կներկայացնենք ծավալուն տեքստից, որում լիառատ են բացասական գնահատականներն ու օրինակները։ Ցուցանշական է, որ Ամփոփման մեջ հեղինակները հակիրճ գնահատական են տալիս վերջին խորհրդարանական ընտրություններին, որոնք, սակայն, տեղի են ունեցել ոչ թե հաշվետու 2022-ին, այլ 2021-ին, և որոնցով այդքան հպարտանում է Փաշինյանն ու ամեն կերպ շահարկում դրանց արդյունքները։ Նշելով քարոզարշավի ընթացքում կտրուկ, անհանդուրժողական, սադրիչ և խտրական հռետորաբանության բարձր մակարդակը՝ հեղինակները գրում են. «...թերությունները ներառել են նախընտրական միջոցառումներին մասնակցելու հարկադրանքի դեպքեր, ընտրակաշառքի մեղադրանքներ, իշխող կուսակցության և պետության սահմանազատման բացակայություն, վարչական ռեսուրսների ենթադրյալ չարաշահում, անհամարժեք տեղեկություններ քարոզարշավների ֆինանսավորման վերաբերյալ և բողոքարկման սահմանափակ հնարավորություններ»:

Նույն Ամփոփման մեջ թվարկվում են ՀՀ-ում Մարդու իրավունքների հետ կապված «լուրջ խնդիրները», այդ թվում՝ «վստահության արժանի հաղորդումները անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումների մասին, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, կամայական կամ անօրինական միջամտությունը անձնական կյանքին, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ», ընդհուպ մինչև «երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումներ»։

«Կամայական զրկում կյանքից եվ անօրինական ու քաղաքական դրդապատճառներով այլ սպանություններ» բաժնում փորձագետները մտահոգություն են հայտնում «բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և այդ մահերի արժանահավատ հետաքննություն անցկացնելու իրավապահ մարմինների անկարողության» առնչությամբ: «Զինծառայողների մահվան հետաքննության համար ամենամեծ խոչընդոտը եղել է ինչպես ռազմական հրամանատարության (ներքին հետաքննությունների դեպքում), այնպես էլ գործը հետաքննող կոնկրետ քննչական մարմնի կողմից առանցքային ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը»,- նշվում է զեկույցում:

«Խոշտանգումներ և դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի այլ տեսակներ» բաժնում ասվում է. «...հաղորդումներ են ստացվել այն մասին, որ անվտանգության ուժերի աշխատակիցները շարունակել են խոշտանգել կամ այլ կերպ ծանակել արգելանքի տակ գտնվող անձանց», ինչպես նաև «հաղորդումներ ոստիկանության բաժիններում չարաշահումների մասին։ …Քրեական արդարադատության մարմինները շարունակել են հիմք ընդունել հարցաքննությունների ընթացքում ստացած խոստովանություններն ու տեղեկատվությունը՝ մեղադրական դատավճիռ կայացնելու համար»:

«Կամայական ձերբակալություններ» բաժնում նույնպես նշվում է բազմաթիվ հաղորդումների առկայությունը «ենթադրաբար ընտրությունների հետ կապված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից ցուցարարների կամայական ձերբակալությունների մասին»: Որպես օրինակ նշվում է Տավուշի մարզում ՏԻՄ ընտրությունների օրը համայնքապետարանի երկու աշխատակիցների ձերբակալությունը, որոնք կապված էին «Իմ հզոր համայնք» ընդդիմադիր կոալիցիայի հետ։ «Այդ ձերբակալությունները հաջորդեցին Սյունիքի մարզում ընդդիմության հետ կապված չորս քաղաքապետների ձերբակալմանը 2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրանից հետո»,- գրում են զեկույցի հեղինակները:

Պետդեպարտամենտի ամենախիստ գնահատականներին է արժանացել Փաշինյանի կողմից գրեթե 5 տարվա ընթացքում բառացիորեն այլանդակված դատական համակարգը, որը, ինչպես նշվում է զեկույցում, «չի ապահովել արդար և հրապարակային դատաքննության քաղաքացիների իրավունքի պահպանումը»: Դատական իշխանությունը չի համարվում անկախ կամ անկողմնակալ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին ցուցաբերած դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով, արձանագրում են փորձագետները, մատնանշելով «դատավորների վրա ազդելու կառավարության փորձերի մասին չհաստատված հաղորդագրությունները» և այն փաստը, որ կառավարության գործադրած ճնշումն ու հասարակության կողմից վստահության բացակայությունը «վերացրել են դատավորների պաշտոններին հավակնելու պրոֆեսիոնալների ցանկությունը»:

«Գործող բոլոր դատավորների, հատկապես բարձրագույն դատական խորհրդի և Սահմանադրական դատարանի անդամների ստուգման բացակայությունն օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա, խաթարում է դատական համակարգի լիարժեքությունը»,- համարում է Պետդեպարտամենտը: ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման հետ կապված պատմությունը «է՛լ ավելի թուլացրեց հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ»։ «Իրավապաշտպանները նշել են, որ որոշ դատավորներ ճնշումների են ենթարկվել վերադաս պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ ԲԴԽ որոշումների միջոցով»,- նշում են փորձագետները, հիշատակելով դատավորների նկատմամբ ընտրողական պատժի կիրառման մասին։

«Խաղաղ հավաքների ազատություն» բաժնում ներկայացված են «ոստիկանության կողմից ցուցարարների, այդ թվում կանանց նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման, դաժան վերաբերմունքի, ծեծի և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, առանց պատճառները բացատրելու ձերբակալման» մի քանի աղմկահարույց դեպքեր: Մասնավորապես, խոսքը մայիսի և հունիսի սկզբի իրադարձությունների մասին է, երբ տեղի էին ունենում ընդդիմության կազմակերպած զանգվածային բողոքի ցույցերը, ինչպես նաև սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցածի։ «Չնայած ոստիկանության աշխատակիցների դեմ հարուցված բազմաթիվ քրեական գործերին, տարեվերջին ոչ մի ոստիկանի մեղադրանք չի ներկայացվել անհամաչափ ուժի կիրառման կամ այլ հանցագործությունների համար»,- ընդգծում են զեկույցի հեղինակները:

Թերթի մի հոդվածում պարզապես անհնար է ներկայացնել բոլոր գնահատականները, կամ գոնե դրանց զգալի մասը, որ տվել է Պետդեպարտամենտը նախկինում իր կողմից այնքա՜ն սիրված ու գուրգուրված ռեժիմին։ Առանձնահատուկ նշենք իշխանությունների հպարտության ևս մեկ առարկա. համակարգային կոռուպցիայի իբր բացակայությունը, ինչի մասին նույնպես հայտարարեց Փաշինյանը վերջին ասուլիսում։ ԱՄՆ կառավարությունը, ինչպես պարզվում է, այլ կարծիքի է այդ առնչությամբ՝ նշելով. «Երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարգի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին»։

Ասված ամենից հետո Փաշինյանին կարելի է տալ միայն մեկ հարց. Պետդեպարտամենտը նույնպես սխալվո՞ւմ է այն հարցում, թե ինչպիսին է Մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակը Հայաստանում՝ «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալուց 4 տարի անց։ Թե՞ Նիկոլը որոշել է այս առումով էլ հավասարվել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հանցագործությունների գծով իր ոճրակից Ալիևին՝ վերջնականապես ոչնչացնելով իր տխրահռչակ «հեղափոխության» ամենաարժեքավոր «ապրանքանիշը». ժողովրդավարությունը։