Ստեփանակերտում տրվել է Ռազմականացված հնգամարտի առաջնության հանրապետական փուլի մեկնարկը

Այսօր՝ մարտի 22-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցում տրվել է Ռազմականացված հնգամարտի առաջնության հանրապետական փուլի մեկնարկը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցումներին մասնակցել են Արցախի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական հաստատությունների 7-9-րդ դասարանների պատանիներից կազմված հավաքական թիմերը: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էր հինգ մասնակից և մեկ մարզիչ-ներկայացուցիչ:

«ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ՊԲ համատեղ ջանքերով կազմակերպվող Ռազմականացված հնգամարտի մրցումները դարձել են ավանդական և մշտապես անց են կացվում երկու փուլով: Շրջանային փուլում հաղթած 6 թիմերը մասնակցում են հանրապետական փուլին: Մրցումների նպատակն է առաջին հերթին հայրենիքի հուսալի պաշտպաններ պատրաստել և նրանց մեջ ամրագրել և սերմանել ռազմահայրենասիրական հատկանիշներ ու հայրենասիրական բարձր որակներ, ամենայն աչալրջությամբ հոգ տանել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրով նախատեսված նյութերի հնարավորինս հանգամանալից մատուցմանը` լուրջ մրցակցային պայքարի դրսևորմամբ»,-մեզ հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության Նախնական զինվորական պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության նախազորակոչային պատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Ավետիսյանը:

Մրցումների արդյունքները կամփոփվեն վաղը՝ մարտի 23-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Հաղթող թիմերը ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կպարգևատրվեն դիպլոմներով, պատվոգրերով, կստանան դրամական պարգևներ և արժեքավոր նվերներ, իսկ անհատական մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները և մարզիչները` նախարարության պատվոգրեր և դրամական պարգևներ: