ՄԱԳՆԻՈՒՄՈՎ ՀԱՐՈՒՍՏ ՄԹԵՐՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ ԱՄԵՆ ՕՐ ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մագնիումը ամենակարևոր սննդարար նյութերից է, որոնք օրգանիզմն ստանում է սննդի հետ։ Այդ միկրոտարրը մեծ նշանակություն ունի մկանների և նյարդերի գործունեության համար։ Բացի այդ, այն էներգիա է հաղորդում (մագնիումի ցածր մակարդակը կարող է հոգնածության մշտական զգացողություն առաջացնել)։ Շատ բժիշկներ նաև նշում են, որ մագնիումի անբավարարությունը մեծացնում է բարձր արյան ճնշման, սրտի հիվանդությունների, դիաբետի և անգամ կանանց արթրիտի հավանականությունը։

Բավականաչափ մագնիում ստանալու համար ամենօրյա սննդաբաժնում պետք է ներառել հետևյալ մթերքները.

Կանաչատերև բանջարեղեններ

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ հում սպանախի մեկ բաժակը պարունակում է մոտ 7 միլիգրամ մագնիում, ինչն օգնում է մոտենալ նրա ամենօրյա նորմին։

Սերմեր, ընկույզներ

Մագնիումով հատկապես հարուստ են նուշը, կեշյուն, գետնընկույզը։

Յուղոտ ձուկ

Սրտի AHA ասոցիացիան խորհուրդ է տալիս օգտագործել յուղոտ ձուկ, գոնե շաբաթը երկու անգամ։

Ընդեղեն

Օրինակ, սոյան, որը հարուստ է սպիտակուցով, բնական մագնիումի հիանալի աղբյուր է։ Նրա «ազգակիցները»՝ լոբին, բակլան, ոսպը և ոլոռը, նույնպես հարուստ են դրանով։

Ավոկադո

Ավոկադոյի կեսը պարունակում է 19 միլիգրամից ոչ պակաս մագնիում։

Բանան

100 գրամ բանանի միջուկը մոտ 30 միլիգրամ մագնիում է ապահովում։ Դրանում շատ կա նաև կալիում, ինչի շնորհիվ բանանի օգտագործումն օգտակար է սրտի համար։

Յոգուրտ

Մագնիումի բարձր պարունակության շնորհիվ յոգուրտն ապահովում է էներգիա, իսկ այլ բաղադրիչների հաշվին օգնում է առողջ պահել աղիները և վերահսկել քաշը։

Կարտոֆիլ

Թարմ կարտոֆիլն օգտակար է ուտել կեղևով, որը նույնպես մեծ չափաքանակով մագնիում է պարունակում։

Մագնիումի օրական նորմը տղամարդկանց համար մոտ 400 միլիգրամ է, կանանց համար՝ մոտ 300։

News.am