Արցախի օմբուդսմեն․ Շրջափակման պատճառով 43 անգամ կրճատվել է մեքենաների հոսքը Լաչինի միջանցքով

Շրջափակման 100 օրվա ընթացքում Արցախի օմբուդսմենի գրասենյակը հանդես է եկել բազմաթիվ զեկույցներով, որոնք արտացոլել են մարդու իրավունքների խախտումների ընդհանուր պատկերը և առանձին իրավունքների վերաբերյալ տվյալները։ Զեկույցները փոխանցվել են միջազգային կազմակերպություններին և դիվանագետներին։ Այս մասին հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը «Արցախ. շրջափակման 100 օր» տեսակամրջի ժամանակ։

Արցախի օմբուդսմենը Արգենտինայում է և մասնակցելու է մարդու իրավունքների միջազգային համաժողովին։ Նա տեղեկացրել է, որ մարդու իրավունքների և ցեղասպանության վերաբերյալ առանձին քննարկման շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպանածին քաղաքականությունը և գոյութենաբանական մարտահրավերները, որոնք կանգնած են Արցախի ժողովրդի առջև։

«100 օրվա հարյուրերոդ օրը ներկայացվել է ծավալուն զեկույց, այն տարածվել է որպես փաստաթուղթ։ Դրանում նշված են Արցախի ժողովրդի հիմնական իրավունքների և ազատությունների խախտումները։ Դա, առաջին հերթին, տեղաշարժի ազատության իրավունքն է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով»,- նշել է Ստեփանյանը։ Նրա խոսքով, եթե մինչև շրջափակումը ճանապարհով անցնում էր օրական միջինը 1 400 մարդ, ապա 100 օրում՝ ընդամենը 1 376։ 43 անգամ կրճատվել է մեքենաների հոսքը ճանապարհով։ Մինչև շրջափակումը ամեն օր տեղափոխվել է մոտ 400 տոննա մթերք, իսկ շրջափակման ընթացքում՝ 3 707 տոննա՝ 11 անգամ ավելի քիչ, քան պետք է։

Օմբուդսմենը հիշեցրել է ընտանիքների բաժանման, բուժօգնության անբավարարության, Ադրբեջանի կողմից գազի պարբերական անջատումների և էլեկտրահաղորդագծերի վթարների վերացմանը խանգարելու խնդիրների մասին։ Ավելի քան 9 հազար մարդ կորցրել է աշխատանքը, փակվել են բազմաթիվ ձեռնարկություններ, փաստել է օմբուդսմենը։ «Ջեռուցման խնդիրների պատճառով խախտվել է երեխաների ուսանելու իրավունքը»,- ընդգծել է Գեղամ Ստեփանյանը։ Օմբուդսմենը նշել է նաև, որ էներգակիրների մատակարարումների խափանումները դարձել են անտառների հատման և Սարսանգի ՀԷԿ-ի չափից ավելի ծանրաբեռնվածության պատճառ։ «Դադարեցվել են շինարարական աշխատանքները, ինչի պատճառով տուժում են տեղահանված մարդիկ»,- նշել է օմբուդսմենը։

Ամփոփելով՝ օմբուդսմենն ընդգծել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և իրավունքի իրականացումն Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը չեզոքացնելու միակ միջոցն են։

News.am