Միշուստին․ Արևմուտքը ոչնչից չի խորշել

2022 թվականին Ռուսաստանին պատժամիջոցային հարված հասցվեց, որին նորագույն պատմության մեջ հավասարը դեռ չէր եղել։ Ընդ որում, Արևմուտքը ոչնչից չի խորշել՝ պայթեցրել են «Հյուսիսային հոսքի» գծերը, կալանք դրել հաշիվների վրա, անջատել միջազգային հաշվարկների համակարգից, փորձել է արգելափակել երկրի ողջ բանկային և տնտեսական գործունեությունը, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա հիշեցրել է, որ սկզբում Արևմուտքը փորձում էր հավաստիացնել, թե պատժամիջոցներն ուղղված չեն շարքային ռուսների դեմ, բայց հիմա, «նույնիսկ գլոբալ քաղաքականությունից հեռու մարդուն հասկանալի է, որ գլխավոր նպատակը հենց ռուս ժողովուրդն էր»:

«Արևմտյան երկրները փորձել են այնպես անել, որ մարդիկ չկարողանան օգտվել բանկային քարտերից, որ սովորական ապրանքներն անհետանան խանութներից, ստիպել են իրենց ընկերություններին հեռանալ ռուսական շուկայից», - ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումայում կառավարության աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնելու ժամանակ։

Նա նշել է, որ պատժամիջոցների միջոցով Արևմուտքն ուզում էր զանգվածային գործազրկություն հրահրել Ռուսաստանում, արմատապես նվազեցնել կյանքի որակը, ինչպես նաև փորձել տապալել ֆինանսական համակարգը, տնտեսական կապերը։ Այս ֆոնին ՌԴ կառավարությունում մշտապես աշխատել են մարդկանց պաշտպանելու միջոցառումների վրա։

Դեռ անցած գարնանը վերլուծաբանները երկնիշ թվերով էին գնահատում ռուսական ՀՆԱ-ի հավանական անկումը։

«Բայց մենք դիմակայեցինք։ Այո, դա հեշտ չէր: Անկումը, որն անխուսափելի է նման պայմաններում, բավականին չափավոր եղավ։ Այնուամենայնիվ, մենք տնտեսությունը աճի հետագիծ վերադարձրեցինք»,- ասել է Միշուստինը, նշելով, որ դրան հաջողվել է հասնել իշխանության բոլոր ճյուղերի համատեղ գործողությունների շնորհիվ։

Նա նշել է, որ այժմ նույնիսկ որոշ միջազգային կազմակերպություններ Ռուսաստանին 2023 թվականի արդյունքներով դրական դինամիկա են կանխատեսում և կանխատեսում են, որ այն 2024 թվականին զարգացած երկրներից ավելի բարձր համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի կհասնի:

«Մեր տնտեսական համակարգն առաջին անգամ չէ, որ նման ճկունություն է ցուցաբերում։ Քովիդային 20 թվականին այն նույնպես ցույց տվեց, որ ավելի կայուն է, քան սպասվում էր: Այդ ճգնաժամն ավելի վստահ անցանք, քան շատ արևմտյան երկրներ, որտեղ ՀՆԱ-ի նվազումը շատ ավելի մեծ էր», - ավելացրել է Միշուստինը։

Նրա խոսքով՝ ռուսական բիզնեսին աջակցելու միջոցները թույլ են տվել նրան ազատված ռեսուրսներն ուղղել դեպի ապրանքների և լոգիստիկայի շղթաների վերակառուցում և օգնել են հարմարվել փոփոխված պայմաններին։

Նա պարզաբանել է, որ իշխանությունը զգալիորեն հեշտացրել է ձեռնարկատիրական գործունեությունը. այսպես, իջեցվել են շահութահարկի դրույքաչափերը մի շարք ոլորտների ձեռնարկությունների համար, ամրագրվել է գույքի կադաստրային արժեքը պետությանը վճարումների հաշվարկման համար, տրամադրվել են ապահովագրավճարների վճարման հետաձգումներ, զրոյացվել է հյուրանոցային ծառայությունների ԱԱՀ-ն, արտոնյալ վարկային ծրագրերի շարք է ներդրվել:

Ռուսաստանում բոլոր բանկային քարտերը, չնայած պատժամիջոցներին, աշխատում են, ՌԴ-ին հաջողվել է նվազեցնել գնաճային ճնշումը և պահպանել բանկային հատվածի կայունությունը:

Sputnik Արմենիա