ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ. ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՐԺ Է

Իշխանական թիմի ցինիզմն անցնում է ամեն չափ ու սահման։ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը խրատատուի կերպարանքով նախատում է ընդդիմությանը. իբր՝ ինչքա՞ն կարելի է խոսել այն մասին, որ իշխանությունը պատերազմ է բերել երկրին, հերիք է արդեն... Այսինքն նրանք որոշել են, թե ամեն ինչ արդեն մոռացված է, և ժամանակն է փակել թեման։

ԻՆՉՔԱՆ ՊԵՏՔ Է, ԱՅՆՔԱՆ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է: ԱՅՍԻՆՔՆ՝ ՄԻՇՏ։ Կան բաներ, որոնք չեն մոռացվում և չեն ներվում։ Եթե այսօր իշխանությունը, արդեն շատ բան վարի տված, փորձում է այլևս չհանձնել դիրքերը և միջազգային կառույցների միջոցով ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, դա բնավ չի նշանակում, թե իշխող թիմը ինդուլգենցիա է ստացել այն ողբերգությունների համար, որ բերել է երկրի գլխին։

Հենց ձեր ապաշնորհ արտաքին քաղաքականությունն ու բանակում կադրային ջարդը կոտրեցին հայոց պետականությունը, հույս տվեցին Ալիևին, որ Արցախի դեմ ագրեսիան հաջողությամբ կպսակվի։ Եվ հենց ձեր թիմն է լիովին պատասխանատու այն բանի համար, որ պատերազմ բերեց իր երկրին, այդ պատերազմի արդյունքների համար։

Այո, այսօր իշխանությունն այլևս չի հանձնում հնարավոր ու անհնար ամեն ինչ, ինչպես եղավ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ սիրուն աչքերի համար Ալիևին նվիրեցին վերահսկողությունը Հայաստանն Իրանին կապող մայրուղու նկատմամբ։ Ադրբեջանական ինչ-որ քարտեզների հիման վրա նվիրեցին Սյունիքի սահմանամերձ տարածքները, թեև չէր անցկացվել ոչ մի սահմանագծում ու սահմանազատում։ Իսկ հետո նվիրեցին նաև Բերձորով անցնող ճանապարհը՝ Սուսի ու Աղավնոյի հետ միասին։

Պատերազմի արդյունքներով Բաքուն չափազանց շատ բան ստացավ հայկական իշխանությունից։ Ստացավ այն թիմից, որի ներկայացուցիչն անկեղծորեն հայտարարում էր, թե Հայաստանում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալն ավելի կարևոր է, քան հաղթանակը Արցախյան առաջին ազատամարտում։ Այդպես էլ գործում էին. շռայլ նվերներ էին մատուցում Ալիևին, որովհետև իշխանությունը պահելն իրենց համար ավելի կարևոր էր։

44-օրյա պատերազմի արդյունքներով Ալիևն արդեն այնքան բան է ստացել Փաշինյանի առատաձեռն թիմից, որ միջազգային հանրությանը լրջորեն մտահոգեց թուրք-ադրբեջանական տանդեմի անհագ ախորժակը։ Մտահոգեց, դրա համար էլ այսօր նա պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը, դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից, ապահովել Արցախի քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը, ազատ արձակել ռազմագերիներին։ Ու թեև Ալիևն առայժմ թքած ունի միջազգային բոլոր բանաձևերի ու հայտարարությունների վրա, այդուհանդերձ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը այլևս իրենց թույլ չեն տալիս միակողմանի ռևերանսներ անել բռնապետ հարևանի առջև։ Ինչով էլ, հավանաբար, բացատրվում է ընդդիմության նկատելի զսպվածությունը իշխանությունների քննադատության հարցում։

Եվ ահա հիմա իշխող թիմը որոշել է, թե անցյալի վրա կարելի է խաչ քաշել, իսկ այսօր իրենք հերոսներ են, որոնք զօրուգիշեր մաքառում են Հայաստանի և Արցախի շահերի համար՝ արժանիորեն լոբբինգավորելով հայկական երկու պետությունների շահերը միջազգային ասպարեզում։ Թեկուզև Արցախը դեռևս շրջափակման մեջ է, ադրբեջանական զորքերը մեր տարածքում են, իսկ ադրբեջանցի դիպուկահարը սպանում է մեր ժամկետային զինծառայողին…

«Հերոսաբար» մաքառում են Արցախի պետականության ողնաշարը կոտրելուց, Արցախն ու Հայաստանը աղետի եզրին դնելուց հետո, ու հիմա արդեն ուղղակի զիջելու ոչինչ չկա, գոնե իշխանության ղեկին մնալու համար ...

Իշխող թիմը չպետք է պատրանքներ ունենա։ Ձեր պատասխանատվությունը հավերժ է: Ձեր մեղքը՝ մշտնջենական: