ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ, ԹԵ՞ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

ՄԱԿ-ի հրապարակած նոր «Երջանկության վարկանիշում» Հայաստանը 79-րդ տեղն է զբաղեցրել հետազոտված 137 երկրների շարքում, տեղավորվելով Նեպալի և Տաջիկստանի միջև, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

Տարածաշրջանի երկրներից World Happiness Report-ում, որն ընդգրկում է 2020-2022թթ. ժամանակահատվածը, Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին՝ 70-րդ հորիզոնականում: Վրաստանը 90-րդ տեղում է, Ուկրաինան՝ 92-րդ, Իրանը՝ 101-րդ, Թուրքիան՝ 106-րդ (Ադրբեջանը վարկանիշում նշված չէ - խմբ.):

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թերեվս սխալ չի լինի այն պնդումը, որ գոյություն ունեն մարդկային երջանկության 8 միլիարդ բանաձևեր: Մոլորակի յուրաքանչյուր բնակիչ ունի իր սեփականը (բանաձևը), երջանիկ կյանքի չափորոշիչների իր ուրույն հավաքածուն: Այդուհանդերձ 2011թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց բանաձև, որը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին գնահատել իրենց ժողովրդի երջանկությունը և օգտագործել այն որպես կողմնորոշիչ պետության քաղաքականության մեջ: Այդ ժամանակից ի վեր փորձագետները պարբերաբար ուսումնասիրում և կազմում են աշխարհի երկրների վարկանիշը ըստ երջանկության մակարդակի՝ ինչ-որ ընդհանրական բանաձևի հիման վրա: Գնահատման ժամանակ հաշվի են առնվում այնպիսի բնութագրիչներ, ինչպիսիք են մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տևողությունը, քաղաքացիական ազատությունների ապահովումը, զբաղվածության երաշխիքները, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաև հասարակական կարծիքի հարցումների արդյունքները:

10 տարվա ընթացքում Հայաստանի դիրքերը երջանիկ երկրների ցանկում փոխվել են չափազանց արմատականորեն։ Գլխապտույտ վերելքներին փոխարինելու են եկել կտրուկ անկումները։ Օրինակ, եթե 2012-ին երկիրը զբաղեցնում էր 53-րդ տեղը, ապա 2015-ին իջավ 110-րդ հորիզոնական: 2017-ին ընդհանրապես հայտնվեցինք վարկանիշի 121-րդ հորիզոնականում: Գրեթե հատակին: Բայց հետո եկավ տոտալ «թավիշը», երկիրը վեր հրվեց հատակից, և սկսվեց աճող երջանկության շրջանը։ Եվ ահա Հայաստանը 79-րդ տեղում է։ Զի՛լ է, այնպես չէ՞: Պարզապես այստեղ պետք է ուշադրություն դարձնել, թե հատկապես ինչով է «թավիշը» երջանկացրել հայ ժողովրդին։

Վերջին տարիներին Հայաստանում նվազել է կենսամակարդակը։ Սա անվիճելի փաստ է։ Եթե նախկինների օրոք, այսինքն 2017-ին երկրում աղքատության մակարդակը կազմում էր 25,7%, ապա 2021-ին այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով 27%-ի։ 2022-ի վերաբերյալ տվյալները կառավարությունը դեռ չի հրապարակել։ Սակայն նշենք, որ դեռևս անցած տարի Հայաստանի էկոնոմիկայի նախարարը չէր բացառում, որ տարվա արդյունքներով աղքատությունը կարող է հասնել նույնիսկ 42%-ի։ Հասել է արդյոք այդ մակարդակին, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Իսկ մինչ այդ արձանագրենք փաստը. փաշինյանական թիմի կառավարման տարիներին երկրում աղքատության մակարդակն աճել է։ Ընդ որում, հիշեցնեմ, հայ ժողովուրդն ավելի երջանիկ է դարձել։

Վերջին տարիներին Հայաստանը համավարակ ու պատերազմ է ապրել։ Կովիդը ավելի քան 8 հազար կյանք խլեց, իսկ 44-օրյա պատերազմում զոհվեց գրեթե 5 հազար մարդ։ Եվս ավելի քան 200 մարդ զոհվեց անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի ժամանակ։ Գումարած հազարավոր վիրավորները: Ընդ որում, հիշեցնեմ, հայ ժողովուրդն ավելի երջանիկ է դարձել։

Վերջին տարիներին Հայաստանը կորցրել է Ադրբեջանի կողմից բռնազավթված իր ինքնիշխան տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր։ Բացի այդ, վիթխարի կորուստ է այն, որ այսօր օրակարգում Երևանի կողմից Արցախի ճանաչման հարցն է որպես Ադրբեջանի մաս։ Հայաստանը կորցրել է Արցախի հետ հաղորդակցությունը։ Բացի այդ, աճում է լարվածությունը ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ Երևանի հարաբերություններում, ինչը սպառնում է դաշնակիցների կորստով։ Ընդ որում, հիշեցնեմ, հայ ժողովուրդն ավելի երջանիկ է դարձել։

Կարելի է ժամեր շարունակ թվարկել փաստեր, որոնք վկայում են փաշինյանական թիմի կառավարման տարիներին Հայաստանի հսկայական կորուստների մասին։ Ամեն օրը կորուստ է բերում: Բայց պարզապես ապշեցուցիչ է, որ այս խորապատկերին հայ հասարակությունն ավելի երջանիկ է դառնում։ Իհարկե, յուրաքանչյուրն ունի երջանկության իր սեփական բանաձևը։ Բայց մերը (բանաձևը) նման է ախտորոշման: Մեր երջանկությունը մազոխիզմի տեսք ունի: Մանավանդ կողքից դիտողի աչքում: