Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ 2008-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԻ ՏԱՆՏԵՐԸ ՄԵՆՔ ԷԻՆՔ, ՀԻՄԱ՝ «ՀՅՈՒՐԵՐՆ» ԵՆ
Հայաստան-Թուրքիա 2008-ի և 2023-ի ֆուտբոլային խաղի տարբերությունն այն է, որ 2008-ին, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, գրել է․
«2008-ին տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա առաջին խաղը. դա ֆուտբոլային դիվանագիտության փուլն էր։
Այսօր նույնպես Հայաստան-Թուրքիա խաղն է՝ հետ և նախաաղետային դիվանագիտության փուլում։
Մտածող-մտահոգ մարդիկ հարցնում են՝ ո՞րն է 2008-ի և այսօրվա խաղի տարբերությունը։ Հազար պատասխան է հնչում։ Երեկ Ս. Ֆարմանյանի «Միայնակ՝ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսին էլ էր այս հարցը առանցքային, և պատասխանի իր տարբերակը 3-րդ նախագահը նույնպես ձևակերպեց։ Պատասխանները տարբեր են, բոլորն էլ՝ հետաքրքիր։
Պատասխանի իմ տարբերակը մաքսիմալ պարզ է. 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են։
Եվ հետպատերազմյան վերականգնման մեր քաղաքական մտքի առանցքում էլ պետք է լինի հենց այդ նպատակը՝ սեփական տան մեջ (հայրենիքում) վերականգնել տանտիրոջ կարգավիճակը։ Սա հոգեբանություն է, հանրային տրամադրություններ, մտածողության տեսակ. հենց մենք Հայաստանում և Արցախում կրկին սկսեցինք մեզ զգալ տանտեր, մեզ կվերաբերվեն հենց այդպես, մեզ հետ կբանակցեն այդպես, և վերջապես դուրս կգանք այս անվերջանալի ստորացուցիչ մղձավանջից. երբ առավոտ էսկալացիա են գուժում, երեկոյան՝ խաղաղություն։
Ինչ վերաբերում է իմ գործընկերոջ գրքին, ապա այն պետք է կարդալ»։