ԵՄ-ն խոստացել է պատասխանել Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայմանը

Եվրամիությունն իր տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Բելառուսի դիրքորոշումը հաշվի կառնի այդ երկրի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստելիս, հայտարարել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«Պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կապված է կոնկրետ գործողությունների հետ։ Այսինքն, եթե նույնիսկ նախկինում պատժամիջոցներն արդեն քննարկվել են, ապա դրանք կհարմարեցվեն իրադարձությունների զարգացմանը և էսկալացիային»,-ասել է նա։

Ստանոն հավելել է «Դա կլիներ էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգության համար, և դա անպատասխան չի մնա ԵՄ անդամ պետությունների կողմից: Եթե դա տեղի ունենա, ապա կլինեն համապատասխան հետևանքներ»։

Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցների փաթեթի բովանդակությանը, ապա ԵՄ ներկայացուցիչը չի մեկնաբանել այդ հարցը՝ վկայակոչելով ապագա սահմանափակող միջոցների շուրջ ցանկացած բանակցությունների գաղտնիություն։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են, որ, չխախտելով միջազգային պարտավորությունները, մարտավարական միջուկային զենք կտեղակայեն Բելառուսում:

News.am