ԵՐԲ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ
Բաքուն դիմեց հերթական սադրանքի և առաջ բերեց իր դիրքերը՝ ձգտելով վերահսկողության տակ վերցնել Ստեփանակերտը Շուշիի շրջանի մի քանի գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՓՈՔՐ-ԻՆՉ ՀԱԿԱՍԱԿԱՆ Է: Ըստ ադրբեջանական աղբյուրների, իրենց ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել բարձունքը, որտեղից երևում է ճանապարհը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտնում է, որ ադրբեջանցի զինվորականների առաջխաղացումից հետո ՌԽԶ-ն իր վերահսկողության տակ է վերցրել այդ բարձունքը և այժմ համոզում է ադրբեջանցիներին վերադառնալ ելման դիրքեր: Արցախի տեղեկատվական շտաբն իր հերթին հաղորդում է, որ Արցախի Պաշտպանության բանակն իր սեփական քայլերն է ձեռնարկում՝ անհրաժեշտության դեպքում այդ ճանապարհով անվտանգ երթևեկությունն ապահովելու համար:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ադրբեջանցիներն առաջ են շարժվել՝ ճանապարհի նկատմամբ կրակային վերահսկողություն ապահովելու նպատակով։ Ինչ վերաբերում է ՌԽԶ-ի փորձերին՝ համոզելու ադրբեջանցիներին նահանջել նախկինում զբաղեցրած դիրքեր, ապա անցյալի փորձից կարելի է ենթադրել, թե ինչով դա կավարտվի. Բաքուն հետ չի քաշվի։ Իսկ ՌԽԶ-ն ուժային միջոցներ չի ձեռնարկի այն պատճառով, որ իր խնդիրն է համարում կողմերի միջև բախումներ թույլ չտալը, այլ ոչ թե ռազմական հակամարտության մեջ ներքաշվելը, նույնիսկ եթե կողմերից մեկը կոպտորեն խախտում է նախկինում ստանձնած պարտավորությունները։ Տվյալ դեպքում խոսքը Լաչինի միջանցքի անխափան գործունեությունն ապահովելու Բաքվի պարտավորության մասին է։ Ոչ թե մեկ մայրուղու, այլ 5 կիլոմետրանոց միջանցքի, որը գտնվում է ՌԽԶ-ի վերահսկողության տակ։
Ցուցանշական է, որ տվյալ դեպքում քննարկվող ճանապարհը գյուղական է, գրունտային, պիտանի է միայն բարձր անցունակությամբ տրանսպորտի համար, սակայն Բաքուն ձգտում է վերահսկողության տակ վերցնել նաև այդ ճանապարհը: Ընդ որում, եթե Արցախը Հայաստանին կապող հիմնական մայրուղին Բաքուն փակել էր «բնապահպանների» ակցիայի դիմակի տակ, ապա հիմա որոշել են, որ դիմակավորվելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա։ Գրունտային ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ձգտում են հաստատել արդեն անմիջականորեն ադրբեջանցի զինվորականները. կորչե՛ն խաղերը։
Ինքնին շատ խոսուն մոտեցում է։ Այն մասին, թե ինչպես է Բաքուն վերաբերվում 9.11.2020-ի եռակողմ հայտարարությամբ իր պարտավորությունը կատարելու և Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը։ Այսինքն Բաքուն ոչ միայն անտեսում է դատարանի որոշումը, այլև հակառակը, ձգտում է լիակատար դարձնել Արցախի շրջափակումը...
Միակ բանը, որ առայժմ խանգարում է Ալիևին, ՌԽԶ-ն է, որի շնորհիվ Արցախ են գնում հումանիտար բեռները և օգնություն է գալիս Կարմիր խաչից։ Բայց քանի որ ակնհայտ են Արցախի լիակատար շրջափակման Բաքվի ծրագրերը՝ թե՛ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման, թե՛ ՌԽԶ-ի անտեսումով, ապա հասկանալի է, որ տարածաշրջանում խաղաղապահների գտնվելու հնգամյա ժամկետի ավարտից հետո Բաքուն համաձայնություն չի տա նրանց ևս 5-ամյա ներկայությանը…
Եվ այսպես, Բաքուն Երևանին ու մնացյալ ողջ աշխարհին ասում է, որ թքած ունի ինչպես ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման, այնպես էլ և՛ միջազգային կառույցների հայտարարությունների, և՛ նախկինում իր իսկ ստանձնած պարտավորությունների վրա։ Ոչինչ չի կարող փոխել Ալիևի որոշումը՝ ավարտին հասցնելու Արցախն ամբողջապես էթնիկ զտման ենթարկելու իր ծրագիրը։
Հայաստանի և Արցախի համար միակ հնարավորությունն այն է, որ Արցախում խաղաղապահների ներկայության մնացած 2 տարիների ընթացքում ամրապնդվենք այնքան, որ կարողանանք ինքնուրույն ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգ կյանքը: Ներկայիս իշխանության օրոք նման հեռանկարը բացառվում է։ Իշխանություն, որը համոզում է ինչպես համաշխարհային հանրությանը, այնպես էլ Ալիևին, որ պատրաստ է ցանկացած զիջման, միայն թե իրեն հանգիստ թողնեն 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում։ Քանզի 2018-ի «սիրո և համերաշխության թավշե, ոչ բռնի հեղափոխությունը» ախր «ավելի կարևոր» է, քան Արցախը…