Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին՝ խնդրելով, որ իրենց մանդատի ողջ ուժով միջնորդական ջանքեր գործադրեն՝ ուղղված Բերձորի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը։

«Միաժամանակ խնդրել եմ հանդես գալ հրապարակային քննադատական հայտարարությամբ՝ ուղղված Ադրբեջանի հանցավոր վարքագծին»,–գրել է Թովմասյանը ֆեյսբուքյան էջում։

Նա հիշեցրել է, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը կրակել է Արցախում գյուղաշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ, շեշտել է մարտի 25-ի միջադեպը, երբ Ադրբեջանը հատել է Արցախի ԶՈւ–ի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:

«Վերոնշյալ գործողություններով Ադրբեջանը փորձում է խզել միակ կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև, իսկ թիրախավորելով խաղաղ բնակիչներին` խաթարում է Արցախի ժողովրդի կյանքի, նրանց խաղաղ գոյակցության իրավունքը, փորձում ստեղծել վախի մթնոլորտ»,–գրել է Թովմասյանը։

Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանն անտեսում է Լաչինն ապաշրջափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը` մարտահրավեր նետելով ամբողջ միջազգային իրավակարգին։

Sputnik Արմենիա