ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵ՞Ր
Ադրբեջանական զինվորականները մոտեցնում են տեխնիկան Հայաստանի հետ սահմանին և Արցախի շփման գծին, որտեղ փորձում են նոր դիրքեր գրավել, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Այդ ծրագրերին դիմակայում են Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները և ռուս խաղաղապահները, որոնք փոքր ուժերով փորձում են զսպել ահագնացումը, ուստի, ինչպես հայտնում են ղարաբաղյան աղբյուրները, տեղակայել են իրենց դիրքերը ագրեսորներից տասնյակ մետր հեռավորության վրա։
Իրանական աղբյուրներն իրենց հերթին հաղորդում են, որ Բաքուն թույլ է տվել իսրայելցիներին օգտագործել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքը, մասնավորապես՝ Արցախի բռնազավթված շրջանները, հակաիրանական հետախուզական և այլ գործունեության համար: Թեհրանը, արդեն որերորդ անգամ, զգուշացնում է Բաքվին այդպիսի վարքագծի, ինչպես նաև տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին:
Այս խորապատկերին Հայաստանի ՍԴ-ն հայտարարում է, թե Հռոմի ստատուտին Երևանի միանալը չի հակասում հայկական օրենսդրությանը, թեև 2004-ին հակառակ որոշում է կայացվել։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի խորհրդարանն ու նախագահը Հաագայի դատարանի կանոնադրության շրջանակներում կսահմանափակվեն համաներման և ներման գործառույթների առումով։ Այսինքն Հռոմի ստատուտը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը, որը լոկ խոսքերով այնքա՜ն սիրում է գովերգել Փաշինյանի իշխող թիմը։
Մոսկվայի արձագանքն իրեն սպասեցնել չտվեց։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳՆ-ը բացարձակապես անընդունելի է անվանել միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդերի խորապատկերին, որ տրվել է Հաագայի դատարանի կողմից: ՏԱՍՍ-ի աղբյուրը մանրամասնում է, որ Մոսկվան նախազգուշացրել է Երևանին նման որոշման ծայրաստիճան բացասական հետևանքների մասին:
Կարո՞ղ էր Մոսկվան Երևանին զգուշացնել ոչ հրապարակայնորեն։ Կարող էր: Ամենայն հավանականությամբ՝ այդպես էլ վարվել է։ Ուրեմն ինչո՞ւ հետո հրապարակավ հնչեցրեց իր նախազգուշացումը։ Պատճառը մեկն է. որպեսզի բոլորը, առաջին հերթին՝ Հայաստանում, իմանան. Մոսկվան նախազգուշացրել է։
Իսկ Երևա՞նը: Պաշտոնական Երևանը օժանդակում է Արևմուտքին հակառուսական քաղաքականության մեջ, և շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի համար կարևորը ոչ թե Արցախի ճակատագիրն է, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու Արևմուտքի ծրագրերի իրագործումը, իսկ թե ինչ կլինի հետո, երկրորդական բան է։ Ըստ էության, ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացումը հենց այդ մասին է։ Զգուշացում Հայաստանի և Արցախի քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի զբաղեցրած դիրքորոշման մասին:
Հայ ժողովրդի պատմության մեջ մեկ անգամ չէ, որ արձանագրվել են Արևմուտքի աջակցության վրա երկրի իշխանությունների կառուցած հաշվարկների արդյունքները։ Որպես կանոն, այդ հաշվարկներն ավարտվել են ողբերգություններով, որոնք հաղթահարելու համար հետագա սերունդներից պահանջվել են երկար տարիներ։ Քանի որ մեծ տարբերություն կա Օսմանյան ծրագրերին դիմակայելու հարցում Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության և արևմտյան աշխարհի աջակցության միջև։
Առաջինը արտահայտվում է ագրեսորին զսպող կոնկրետ ռազմական աջակցությամբ, ինչպես դա այսօր տեղի է ունենում արցախ-ադրբեջանական շփման գծում և հայ-թուրքական սահմանին։ Չնայած Ռուսաստանի համար բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակին։
Երկրորդը՝ հայտարարություններով ու բանաձևերով, այդպիսի շատ գեղեցիկ նախշուն թղթերով, որոնք միայն նյարդայնացնում են ագրեսորին, և խթանում նրան «լուծելու» Հայկական հարցը վաղուց փորձարկված հանրահայտ ձևաններով ու սցենարներով։ Սա մենք գիտենք ոչ միայն պատմությունից, այլև տեսնում ենք այսօր Բաքվի ձեռնարկած քայլերում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից և ԵՄ առաքելության Հայաստան ժամանելուց հետո, որը հետևում է... անհասկանալի է, թե ինչին և չգիտես, թե ում։
Այս խորապատկերին Արցախյան հավաստի աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը դադարեցրել է Լաչինի միջանցքով այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, որը նրա նախարար Սանոսյանը խոստացել էր ավարտել այս տարվա գարնան սկզբին…