ՖԵՆՈՄԵՆԱԼ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ 2023 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար 92,3 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը, հաղորդում է Sputnik Արմենիան։

Բյուջեի աջակցության տրամադրման համար որպես անհրաժեշտ պայման են նշված կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանն ուղղված գործողությունները, հավասարության ամրապնդումն ու մարդկային կապիտալի զարգացումը, արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացումը և հակազդումը կոռուպցիային: Վարկը տրամադրվում է 19 տարի ժամկետով:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԳՈՒՄԱՐԸ, ԻՀԱՐԿԵ, ՊԱՏԿԱՌԵԼԻ Է: Հատկապես Հայաստանի պարտքային բեռի լրացուցիչ աճի տեսանկյունից։ Հատկապես հաշվի առնելով, որ այս կառավարությունը ծանրագույն ժառանգություն է թողնում ապագա սերունդներին։ Սակայն դա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ խոսքը չնչին գումարի մասին է։

Ահավասիկ կառավարությունը պատրաստվում է նոր վարկի հաշվին ծածկել բյուջեի դեֆիցիտը։ Մինչդեռ նույն այդ կառավարությունն ընթացիկ տարվա բյուջեն կազմել է այնպիսի պակասուրդով, որ հիշյալ վարկը կարող է ծածկել այդ դեֆիցիտի ընդամենը 13,5%-ը։ 2023 թվականի բյուջեի համաձայն՝ գանձարանի ծախսերի ծավալը 289 միլիարդով գերազանցում է եկամուտների ծավալը։ Իսկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկը կազմում է 38,5 միլիարդ։ Հետևաբար, ընթացիկ տարվա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար անհրաժեշտ կլինի վերցնել նույն ծավալի ևս 6 վարկ։

Ներկայացնենք այս կառավարության կողմից պետության ֆինանսական միջոցների կառավարման հարցում տիրող իրավիճակը բնութագրող ևս մեկ ցուցանիշ։ Բանն այն է, որ ընթացիկ տարվա միայն մեկ ամսում՝ հունվարին, բյուջեի դեֆիցիտը հասել է 78 միլիարդ դրամի, ինչը երկու անգամ ավելի է վերոնշյալ վարկային համաձայնագրով Հայաստանին տրամադրվող գումարից։ Փաստորեն, հայկական գանձարանի մեկ ամսվա գերածախսը միայն կիսով չափ է ծածկվում վարկով, որը հարկ կլինի մարել գրեթե 20 տարի։

Պարտքերի փոս Հայաստանի գահավիժման խորապատկերին կառավարության շռայլությունը պարզապես արտառոց է։ Բայց ավելի շատ դա նման է ամենաիսկական վնասարարության ապագա սերունդների շահերին, եթե հաշվի առնենք այն փաստը, որ անցյալ տարի Հայաստանի տնտեսությունը հզոր վերելք է ապրել։ Թե ինչի շնորհիվ է դա տեղի ունեցել, հայտնի է։ Պատճառները, բնականաբար, սուբյեկտիվ են։ Բայց ինչևէ, ավելի քան 12% տնտեսական աճը կարող էր ապահովել բավարար ռեսուրսներ՝ գանձարանի եկամուտների և ծախսերի միջև ճեղքվածքը փակելու համար: Պարադոքսալ է, բայց փաստ. այդ ճեղքվածքը ոչ թե կրճատվել է, այլ մեծացել։ Ինչպես նշվեց վերը, այս տարվա հունվարին բյուջեի դեֆիցիտը կազմել է 78 միլիարդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա հունվարին այդ ցուցանիշն ավելի փոքր էր ավելի քան 17 միլիարդով:

Թավշե կառավարությունը, անկասկած, ռեկորդակիր է։ Նա գերազանցել է երկրի պարտքային պարտավորությունների աճի բոլոր ռեկորդները, ինչն ապացուցել են ժամանակն ու վիճակագրությունը։ Գերազանցել է նաև պետական միջոցների վատնման և փոշիացման ռեկորդները, ինչը նույնպես բազմիցս ապացուցված է։ Բայց նրա (կառավարության) գլխավոր ռեկորդն այնուամենայնիվ այլ է։ Գործող իշխանության անպատասխանատվության մակարդակը պարզապես ֆենոմենալ է