Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է ավելի քան 50 ոստիկան

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան հայտնել է, որ մարտի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարների հետ բախումների հետևանքով վիրավորվել է իրավապահ մարմինների 53 ներկայացուցիչ։

«78 անձ ձերբակալվել է, հինգը տուգանվել, 53 իրավապահ վիրավորվել է։ 11 ցուցարար տեղափոխվել է հիվանդանոց, 12-ը տեղում օգնություն է ստացել փրկարարներից»,- նշում է BFMTV հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի տվյալները։

Անկարգությունների գլխավոր կազմակերպողները եղել են սևազգեստ և դիմակով ցույցի մասնակիցները։ Նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր և շշեր են նետել։ Իսկ մինչ այդ ջարդել և թալանել են Leclerc սուպերմարկետը, այրել աղբամաններ և վնասել քաղաքային գույքը։

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել անկարգությունների մասնակիցներին ցրելու և հրշեջների ժամանման և շարասյան ազատ տեղաշարժի համար։ Միաժամանակ, իրավապահ մարմինները նշում են ցուցարարների հիմնական կազմակերպված շարասյան հանգիստ ու խաղաղ վարքագծի մասին։

News.am