ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերումը օրակարգային հարց է՝ բանակցություններում

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը օրակարգային հարց է բանակցային գործընթացում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

Նկատի ունենալով, որ Ադրբեջանի քաղաքական բարձր ղեկավարության կողմից բացահայտ տարածքային պահանջներ են ներկայացվում Հայաստանին՝ մարտի 22-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ ի թիվս այլ հարցերի հետաքրքրվելով, թե արդյոք պաշտոնական Երևանը պահանջելու է , որ նախ Ադրբեջանի զինված ուժերը դուրս գան 2021 թ. մայիսին, 2022թ. սեպտեմբերին օկուպացված ՀՀ տարածքներից, իրականացվի սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա և հետո միայն ստորագրվի Խաղաղության պայմանագիրը։

ՀՀ ԱԳՆ-ն խուսափել է հայտնել, թե պաշտոնական Երևանը որքանով է գործնականում հետևողական՝ իր տարածքային ամբողջականության պահպանության հարցում, քանզի չի պատասխանել, թե արդյոք թշնամու զորքերի հետքաշումը ՀՀ ինքնիշխան տարածքից հանդիսանում է նախապայման՝ պայմանագրի ստորագրման համար։

«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը օրակարգային հարց է բանակցային գործընթացում, ինչի մասին բազմիցս շեշտվել է ՀՀ կառավարության և ԱԳՆ-ի կողմից»,- նշված է գրավոր պատասխանում։ Սակայն ԱԳՆ-ն խուսափել է ասել, թե որքանով է ադրբեջանական զորքերի դուրսբերումը նախապայման՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման համար։