Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՑ ՉԵՂԱՐԿԵԼ Է 2020Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք, վերջապես, պարտավոր ենք փաստել, որ Ալիևը որևէ պայմանավորվածություն չի կատարելու, որևէ ստորագրություն չի հարգելու՝ անգամ իր իսկ ստորագրությունը։ Կեղծ օրակարգից դուրս գալ է պետք ու ընդունել, որ Ադրբեջանին զսպել հնարավոր է միայն ուժով։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Ադրբեջանը, փաստացի, դեկտեմբերի 12-ից չեղարկել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ալիևն իր իսկ ստորագրությունն էլ է անտեսում, ոտնահարում։ Հայտարարություններով Ադրբեջանին կանգնեցնել հնարավոր չէ. է՞լ ինչ պետք է լինի, որ դա հասկանանք։ Արցախի իշխանությունները քաղաքական կամք դրսևորելու դեպքում կարող ենք իրավիճակը փոխել. ի վերջո, կեղծ օրակարգից ազատվել է պետք։ ՀՀ իշխանությունը մանևրեց ու իր վրայից թոթափեց Արցախի հարցում ունեցած պատասխանատվությունը՝ չնայած Փաշինյանի ստորագրությունն է համաձայնագրի տակ։ ՀՀ իշխանությունն Արցախի հարցը ռուս-ադրբեջանական տիրույթում է դիտարկում, Արցախից էլ չեն հակառակվում, ստիպում ստանձնած պատասխանատվությունը կատարել»,-ասում է տիկին Հակոբյանը։

Ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն էլ, ըստ պատգամավորի, չհամակարգված գործելն է, հստակ քաղաքականությամբ չշարժվելը։
«Խաղաղապահների օգնությամբ մեր բանակը ունակ է կանխել թշնամու ներխուժումները, ուղղակի չկան համակարգված գործողություններ։ Պատերազմից հետո բազմիցս են մեր զինված ուժերը ապացուցել, որ կարող են պաշտպանվել։ Ադրբեջանական վերջին ներխուժումն էլ կարելի էր կանխել, ինչպես դրա հաջորդ փորձը կանխվեց, որի արդյունքում թշնամուն թույլ չտրվեց ռազմավարական բարձունքը գրավել»,-ասում է պատգամավորը և հավելում, որ Փառուխ-Քարագլխի՝ թշնամու հսկողության տակ անցնելու փաստն արձանագրելն ու առաջ անցնելը կոպիտ սխալ էր։

Հակոբյանի ներկայացմամբ՝ նման հարմարվողական քաղաքականության անթույլատրելիության մասին բազմիցս են բարձրաձայնել Արցախի ընդդիմադիր ուժերը ու դա արել են ոչ թե հայտարարություններով, այլ, նախ և առաջ, իշխանությունների հետ հանդիպումների, քննարկումների ժամանակ։

«Փաստինֆո»