ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ «ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ» ՈՐՈՆԵԼԻՍ 11 ՀԱԶԱՐ ԴԱՍԱԼԻՔ Է ԳՏԵԼ

44-օրյա պատերազմի ընթացքում հայկական բանակում «5-րդ շարասյան» առկայության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանամետ բոլոր քարոզիչները սկսեցին եռանդագին փնտրել այդ «5-րդ շարասյունը»՝ իրենց հնարավորությունների և ստորաքարշության ներածի չափով։ Փնտրեցի՜ն, փնտրեցի՜ն և ոչինչ չգտան:

ԲԱՅՑ ԱՅԴԺԱՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ ԻՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿԻՆԸ։ Ճիշտ է, «5-րդ շարասյուն» չգտավ, բայց փոխարենը «գտավ» 44-օրյա պատերազմի ժամանակ հայոց բանակից դասալքած 11 հազար մարդ։ Թիվը, հավանաբար, փոխ է առել Իլհամ Ալիևից, որը, ճիշտ է, խոսել է «10 հազար հայ դասալիքների» մասին…

Վերջին պատերազմում զոհված զինվորի հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ Աննա Հակոբյանը սկսեց նրանով, որ հանդիմանեց ելույթ ունեցողներից մեկին, որն ասում էր, որ մխիթարություն չկա, քանի որ չգիտենք, թե ինչի համար զոհվեց Դավիթ Շահնազարյանը…

«Ինչպես թե՝ ինչի համար»,- վրդովվեց վարչապետի կողակիցը, մոռանալով, որ դրանք բառացիորեն իր խոսքերն են. երիտասարդը մեջբերել էր հենց իրեն: Մի՞թե հենց ինքը՝ Աննա Հակոբյանը չէր, որ ասում էր, թե Ղարաբաղյան առաջին պատերազմում մեր զինվորները «զոհվել են հանուն ոչնչի»։ Երևի այն ժամանակ նրան պետք էր դա ասել, որպեսզի վարկաբեկի նախկին իշխանություններին և ամրապնդի իր թիմի իշխանությունը։ Բայց այսօր նա արդեն խոսում է ոչ թե «հանուն ոչնչի» զոհվածների, այլ «դասալիքների» մասին, որպեսզի իր թիմի ճակատից սրբի դավաճանի խարանը։ Խարան, որը հավերժ է, անկախ նրանից, թե որքան հեռուն կթքեն ոմանք և ինչ թիկնազորով կշրջեն։

Աննա Հակոբյանը խոսում է 11 հազար դասալիքների մասին։ Ստում է, իհարկե, ինչպես սովոր է դա անել իրենց ողջ թիմը։ Ինչպես դիպուկ նկատեց փաստաբան Հայկ Ալումյանը, թող գոնե մի դասալիքի անուն տա... Հասցեական նշի… Իհարկե, չի նշի: Նա խոսում է հարուցված քրեական գործերի մասին։ Բայց մենք գիտենք, թե ինչ արժեն իշխանության պատվերով հարուցված քրեական գործերը։ Դրանք փսկում են հիմնականում դեռ դատից առաջ։

Եվ այսպես, Աննա Հակոբյանը ստեց 11 հազար դասալիքների մասին։ Ինչպես որ ստում էր՝ գրելով «200 դավաճան գեներալների» մասին... Այն ժամանակ նա, իհարկե, ոչ մի ապացույց չներկայացրեց։ Վստահ ենք, որ ոչ մի ապացույց չի ներկայացնի նաև հիմա։

Բայց ենթադրենք, թե դասալիքները շատ էին, բնավ ոչ 11 հազար, բայց այնուամենայնիվ շատ։ Չի՞ առաջանում արդյոք օրինաչափ հարցը. ինչո՞ւ այդպիսիք չկային ո՛չ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, ո՛չ էլ Քառօրյա պատերազմի՝ 2016-ին։ Պատասխանը պարզ է. այն ժամանակ իշխանության ղեկին Փաշինյանն ու իր թիմը չէին։

ՀԱՅՏՆԻ Է, ՈՐ ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏՈՒՄ։ «Սիրո և համերաշխության թավշե, ոչ բռնի հեղափոխությունից» հետո նոր իշխանությունները երկու տարվա ընթացքում այնպիսի մթնոլորտ ստեղծեցին Հայաստանում, որ մեծարանք էին վայելում արդեն բնավ ոչ այն հերոսները, որոնք, Աննա Հակոբյանի բնորոշմամբ, զոհվել էին «հանուն ոչնչի»։ Մեծարվում էին, հակառակը, բանակում չծառայած ճարպիկները. թքող սիմոնյանների, աքացի տվող ալեքսանյանների, կարիերայի համար քաղաքական ճամբարներ փոխող կոնջորյանների և այլոց կարգի...

Նիկոլաճտերի իշխանության երկու տարի, և 2020 թվականին արդեն հարգանք ու պատիվ էին վայելում ոչ թե նրանք, ովքեր պաշտպանում էին Հայրենիքը, այլ նրանք, ովքեր ամեն հնարք բանեցնելով խուսափում էին բանակում ծառայելուց, փոխարենը կարիերա էին անում, այդ թվում՝ քաղաքական, ընդգրկված «Քաղաքացիական պայմանագրի» շարքերում: Եվ նրանք «հերոսաբար» հասան պատգամավորական մանդատի։ Այսինքն դասալքությունը՝ որպես երևույթ, արդեն դարձավ պատվաբեր կամ, ժամանակակից ժարգոնով ասած, «թրենդային»։ Ահա և դասալիքների մեծ, շա՜տ մեծ գաղտնիքը, որ հայտնաբերել է Աննա Հակոբյանը «5-րդ շարասյուն» որոնելիս, որի մասին իր վերջին ասուլիսի ժամանակ հիմարաբար, ինչպես միշտ, բլթացրեց Փաշինյանը։

Եվ պատահական չէ, որ պետական դավաճանության առնչությամբ այն գործերը, որ այսօր բացահայտում է ԱԱԾ-ն, վերաբերում են հենց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման ժամանակաշրջանին։ Այսինքն հենց այս թիմի կառավարման շրջանում է, հատկապես պատերազմից հետո, որ այս կամ այն զինվորականները համաձայնություն են տվել համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, ինչի մասին վկայում են ԱԱԾ մամլո հաղորդագրությունները։

Արժե՞ արդյոք այսքանից հետո զարմանալ, որ ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, մեկնաբանելով «5-րդ շարասյան» մասին Փաշինյանի խոսքերը, հակիրճ արտահայտվեց այն իմաստով, որ եթե անգամ «5-րդ շարասյուն» եղել է, ապա դա գլխավորել է ինքը՝ Փաշինյանը։