ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՄՏԱԾԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ․ 26 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԱԾ ԻՈՍԻՖ ԱՂԱՋԱՆՈՎԻ ՔՈՒՅՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
1996 թվականի հուլիսին հայ հասարակությունը ցնցեց բժշկական ինստիտուտի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սարսափելի սպանությունը։ 1996 թվականի վերջին դատարանի որոշմամբ սպանվածի համակուրսեցի Մհեր Ենոքյանը և նրա ընկեր Արամ Հարությունյանը մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, Ենոքյանը՝ գնդակահարության՝ որպես սպանության կազմակերպիչ։ Գործի նյութերի համաձայն՝ հանցակիցները մանրակրկիտ նախապատրաստվել են սպանությանը, հանցագործությունը կատարելուց հետո թաքցրել են մարմինը, սպանվածի ծնողներից պահանջել 20 հազար դոլար: Հայաստանի կողմից մահապատժի մորատորիում հայտարարելուց հետո Ենոքյանի պատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ Ի տարբերություն 15 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Հարությունյանի՝ Ենոքյանը ոչ դատավարության ընթացքում, ոչ էլ դրանից հետո իր մեղքը չի ընդունել և չի զղջացել: Նա երկու անգամ փախել է կալանավայրից (2004 և 2009 թվականներին)։
Հայաստանում իշխանափոխությունից հետո Ենոքյանն ակտիվորեն ձգտում է պայմանական վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) և արդեն հասել է ազատ ռեժիմի ՔԿՀ տեղափոխմանը, մեծամասամբ՝ Պետական վերահսկող ծառայության մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած կնոջ ջանքերի շնորհիվ։ Հարությունյանի ազատ արձակումից հետո Ենոքյանը փորձում է մեղքը բարդել հանցակցի վրա և այդպիսով հասնել նրան, որ ազատ արձակվի։ Այժմ Ենոքյանի միջնորդությունը դատարանում է։ Ապրիլի 11-ին, ժամը 15-ին, Աջափնյակ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում տեղի կունենա Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցով դատական նիստ: Այս կապակցությամբ News.am-ը զրուցել է սպանվածի քրոջ՝ Ելենա Աղաջանովայի հետ։
«Դատարանը քննում է դաժան մարդասպանի՝ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը։ Մեկ նիստ կայացել է, նշանակվել է երկրորդը։ Մարդասպանը փորձում է դատարանին, առաջին հերթին, ապա նաև հանրությանը համոզել, որ ուղղվել է և արժանի է ազատության մեջ ապրելու, հասարակության մեջ ապրելու: Ես խորապես համոզված եմ, որ դիտավորյալ, ծրագրված սպանություն կատարած անձը դրա իրավունքը չունի։ Իրավունք չունի ազատության մեջ լինել, իրավունք չունի օրինակ ծառայել։ Պարզապես իրավունք չունի շփվել առողջ մարդկանց հետ։ Այժմ նա փորձում է ապացուցել, որ նման դաժան արարքից հետո հնարավոր է ուղղվել։ Իմ բժշկական փորձը, մյուսների փորձը, ամբողջ համաշխարհային փորձը խոսում են այն մասին, որ նման բան հնարավոր չէ։ Հնարավոր է որոշ ժամանակով թաքցնել ձեր իրական դեմքը, զսպել ձեզ, բայց փոխվել՝ ոչ։ Եթե ուղեղն այնքան դեֆորմացված է, որ Ենոքյանն ընդունակ է դիտավորյալ, մանրակրկիտ ծրագրված սպանության, ապա դա հնարավոր չէ հանել մարդու միջից։ Նա սպանությունը կատարել է երիտասարդ տարիքում։ Անցել է 26 տարի: Սպանել է եղբորս՝ իր համակուրսեցուն։ Եղբայրս սովորել է բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում։ Իհարկե, ծրագրերը շատ էին...90-ականները բարդ տարիներ էին, բայց երիտասարդները միշտ լավատեսությամբ են նայում ապագային՝ երազելով ապագա մասնագիտության, ընտանիքի մասին...Ինչ-որ սրիկայի որոշմամբ այդ ամենը չիրականացավ...»,-արցունքները զսպելով պատմում է Ելենա Աղաջանովան:
Նա ընդգծում է՝ սպանությունը ծրագրված է եղել, դա ապացուցվել է դատարանում, և դա քննարկման առարկա չէ, որքան էլ մարդասպան Ենոքյանը ջանա համոզել, որ կազմակերպիչն ինքը չէ, կատարողն ինքը չէ: Դա ապացուցված է։ «Եվ դա ամենևին չի նշանակում, որ մենք չենք մեղադրում հանցագործության երկրորդ մասնակցին՝ Արամ Հարությունյանին։ Նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, ամբողջ պատիժը կրեց, ազատ արձակվեց, և հիմա մենք որևէ իրավունք չունենք քննարկելու դատարանի որոշումը։ Ենոքյանին դատարանը դատապարտել է մահապատժի, իսկ ավելի ուշ փոխարինել ցմահ բանտարկությամբ։
Եվ մենք պահանջում ենք, որ նա կրի իրեն նշանակված ամբողջ պատիժը։ Հիմա նա փորձում է բոլորին, գուցե նույնիսկ ինքն իրեն ապացուցել, որ ուղղվել է։ Մեր երկրում ուղղման աստիճանը գնահատվում է բալային համակարգով։ Հնարավոր է, որ նման համակարգը լավ է ուսումնական գործընթացում, չնայած այնտեղ, ինչպես ցույց է տվել պրակտիկան, միայն միավորային կամ թեստային համակարգը չի կարող լիովին գնահատական տալ: Մեզ փորձում են ապացուցել, որ տարբեր միջոցառումներին մասնակցելով ինչ-որ քանակությամբ միավորներ հավաքելով՝ փոխվում է մարդասպանի հոգեբանությունը։ Վերջին տարիներին Ենոքյանն իսկապես փորձում է մասնակցել շախմատային մրցույթների, ինչ-որ խաղային միջոցառումների, գրում է հոդվածներ, հանդես է գալիս որպես բլոգեր և զբաղվում բարեգործությամբ՝ վաստակած գումարը փոխանցելով հիմնադրամներին ու կազմակերպություններին: Ակնհայտ է, որ բոլորը պետք է հրճվանք զգան և դա համարեն փոփոխությունների ցուցիչ։ Ես այդպես չեմ կարծում»: Օրենքը համարում է, որ թվարկվածները՝ բարեգործական գործունեությունը, հոդվածները, միջոցառումներին մասնակցությունը, բնութագրում են դրական կերպար, և բալային համակարգի հիման վրա պետությունը ստիպված այդ ցուցանիշներն ու ՊՎԱ-ի միջնորդությունը փոխանցում է դատարան՝ հաստատելու իր ուղղման կուրսը, և որ նա կարող է ապրել սովորական մարդկանց կյանքով։
«Ես կարծում եմ, որ պետությունը պարտավոր է մտածել հասարակության անվտանգության մասին։ Երբ խոսում ենք անվտանգության մասին, առաջին հերթին մտածում ենք պետական սահմանի մասին, բայց քաղաքացին հասարակության ներսում էլ պետք է պաշտպանված լինի։ Իսկ քաղաքացին ինչպես կարող է իրեն ապահով զգալ։ Երբ մարդասպանները չեն քայլում փողոցներով, երբ նրանց թույլ չեն տալիս մտնել ուսումնական հաստատություններ, երբ նրանց իրավունք չի տրվում լրատվամիջոցների միջոցով խաբել՝ ներշնչելով, որ իրենք «ուղղվել են»։ Ենոքյանն արդեն ազատ ռեժիմի ՔԿՀ-ում է։ Սա նշանակում է, որ նա առավոտյան դուրս է գալիս և երեկոյան վերադառնում, կարող է աշխատել, սովորել և նույնիսկ հանցանք գործել, չնայած կարծում են, որ հիմա զգույշ կլինի: Ինչ-որ դատավոր որոշել է, որ նա արժանի է ազատ ռեժիմի։ Եվ մենք՝ որպես տուժող կողմ, նույնիսկ տեղեկացված չենք եղել, որ դատավարություն է ընթանում, քննարկվում է ազատ ռեժիմի հարցը։ Այս մասին տեղեկացանք լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից։ Մենք բողոքարկել ենք, բայց դատարանը որոշել է, որ մարդասպանը կարող է ազատության մեջ լինել։ Ի դեպ, մեր երկրում մարդասպաններին երկար արձակուրդ է սպասվում։ Ոչ մի աշխատող մարդու նման արձակուրդ չի տրվում։ Եվ դրանից հետո մենք պետք է հավատանք մեր պետության իմաստությանը և արդարադատությանը: Ինչպե՞ս կարող է քաղաքացին իրեն ապահով զգալ փողոցում՝ իմանալով, որ դատարանը կարող է ազատ արձակել նույնիսկ չզղջացող մարդասպանին։ Իսկ չէ՞ որ Ենոքյանի օրինակին հաստատ հետևորդներ կգտնվեն, քանի որ հանցանք կատարելով՝ կարելի է լիարժեք պատիժ չկրել»,-ասում է Ելենա Աղաջանովան։ Սպանվածի քույրը կարծում է, որ ՊՎԱ-ին կարող են հավակնել նրանք, ովքեր ընդունել են մեղքը և զղջացել։
«Ենոքյանը չի ընդունում, չի զղջում, և Հարությունյանի ազատ արձակվելուց հետո փորձում է մեղքը բարդել նրա վրա։ Սա նշանակում է, որ նա ընդհանրապես չի փոխվել և ունակ է նույն հանցագործության, որոշ ժամանակ անց, որոշ հանգամանքների ազդեցության տակ: Բայց դա տեղի կունենա, և կարծում եմ, որ մեր երկրի ցանկացած բնակիչ պետք է վախենա, որ ենոքյանները կարող են լինել փողոցում, մտնել իրենց տուն։ Ոչ թե հենց ինքը՝ Ենոքյանը, այլ նրա օրինակով ու ամենաթողությամբ ոգևորված մեկը։ Ես հասկանում եմ, երբ ներումը կամ ՊՎԱ-ն վերաբերում է անզգուշությամբ սպանություն կատարած անձին։
Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչ կարող է տեղի ունենալ, օրինակ՝ վթար։ Եվ կարծում եմ, որ մարդասպանին ազատ արձակելով՝ դատարանը պետք է ականջալուր լինի նաև տուժող կողմին։ Եթե տուժող կողմը համոզված է, որ սպանությունը դիտավորյալ չի եղել, առավել ևս, երբ տարիներ են անցել, տուժող կողմը կարող է ներել հարազատի սպանությունը: Բայց այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, երբ սպանությունը ծրագրվեց և մանրամասն նախապատրաստվեց՝ սկսած մետաղական բանալիից, որով առաջին հարվածը հասցվել է եղբորս անշարժացնելու համար...եղբայրս մարզիկ էր, նրանք չէին կարողանա դա անել, ուստի հարձակվեցին ստոր կերպով, մեջքից․․․Եղբորս մարմնի վրա տասնյակ վնասվածքներ կային, այդ թվում՝ մի քանի մահացու վնասվածքներ, կոտրված գանգ...Իսկ նրանց վրա՝ ոչ մի քերծվածք․․․Դա անհնար է մոռանալ և ներել․․․»։
Մարիամ Լեվինա, News.am