ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՄՈՌԱՆԱԼ
ԵՄ Դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ, կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ, հաղորդում է Նովոստի Արմենիան։
«Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ Հարկավոր է հետևել նախկին պարտավորություններին, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված, որոնք ընդունվել են 2022թ. հոկտեմբերին Պրահայում՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։
«Մենք կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ ենք անում ։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,-մատնանշում է Դիվանագիտական ծառայությունը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ, ապա դրա օգնությամբ «բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելն» արդեն իսկ անասելի բարդ է նույնիսկ տեսականորեն։ Գուցե Բրյուսելում դեռևս չեն գիտակցել, բայց արդեն մի քանի օր է, ինչ եվրոդիտորդների դերը Հայաստանի տարածքում արդեն ակնհայտորեն առավել քան կասկածելի է թվում բոլորին։ Եվ առավելևս այն փաստը, որ հայկական սահմանամերձ տարածքներից առաքելության հավաքած տեղեկատվությունն ուղարկվում է Բաքու, մեղմ ասած, չի ամրապնդում նրա նկատմամբ վստահությունը։ Այնպես որ դժվար թե հիմա, այդպիսի կորսված վստահությամբ և ծայրաստիճան կասկածելի հեղինակությամբ, եվրոառաքելությունն առհասարակ կարողանա ինչ-որ դրական բան անել։ Թեպետ, տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Խոսքը լարվածության լիցքաթափման ԵՄ ներկայացուցչի առաջարկած մոդելի մասին է։
Տվյալ դեղատոմսում առանձնակի ուշադրության է արժանի թերևս նույնիսկ ոչ այն, որ կոչեր են հնչում պահպանելու 1991 թվականի սահմանը և տեղափոխելու երկու կողմերի զինված ուժերն անվտանգ հեռավորության վրա։ Այստեղ առավել կարևորն այն է, ինչը բոլորովին չի հիշատակվում։ Այն է՝ ընդգծելով Պրահայի պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը, բացարձակապես ոչինչ չի ասվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։ Դա նշանակում է, որ տեսադաշտից դուրս թողնելով այդ հայտարարության կետերում հստակ նշված կարևորագույն պարտավորությունների մի ամբողջ համալիր, ԵՄ-ն արգելակում է սահմանագծման գործընթացը։ Այլ կերպ ասած, առաջարկվում է մոռանալ 2020 թվականին ամրագրված պարտավորությունները։
Իսկ հիմա անդրադառնանք նոյեմբերյան փաստաթղթին։ Դրա առաջին կետն ազդարարում է. «2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ ԵՄ-ի կողմից առաջարկվող մոդելը փաստորեն առաջարկում է մոռանալ այն մասին, որ ադրբեջանական կողմը չի կատարել այդ պարտավորությունը և մինչև օրս շարունակում է իր դիրքերի առաջխաղացումը։
Հայտարարության վեցերորդ կետն ասում է. «Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և չի տարածվի Շուշի քաղաքի վրա, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիներին որոշվելու է Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման պլանը, որը կապահովի կապը Ստեփանակերտի և Հայաստանի միջև՝ հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի վերաբաշխմամբ:
Ադրբեջանի երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով»։
ԱՅՍ ԿԵՏԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ, արդեն չորս ամիս շրջափակված պահելով Արցախը, ինչի մասին ևս առաջարկվում է մոռանալ։
Ութերորդ կետ. «Իրականացվում է ռազմագերիների և այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակում»։ Հիշեցնենք, որ առ այսօր ադրբեջանական կողմը չի վերադարձնում տասնյակ հայ ռազմագերիների, ինչի մասին լիցքաթափման եվրոպական մեթոդը կրկին իսկ լռում է։
Եվ ահա մեզ առաջարկվում է հաշտվել այս ամենի հետ, արագացնել սահմանագծման գործընթացը և մոռանալ այն մասին, որ արդեն երկուսուկես տարի շարունակ ադրբեջանական բանտերում են մնում և խոշտանգումների ենթարկվում Հայաստանի քաղաքացիներ։ Այն մասին, որ 120 հազար արցախցիներ Բաքվի ռեժիմի պատանդն են արդեն չորս ամիս։ Առաջարկվում է համակերպվել տարածքային կորուստների հետ, որոնք հետևանքն են այն բանի, որ ադրբեջանական կողմը քայլ առ քայլ շարունակում է իր զավթողական հարձակումը։ Կրկնում եմ, ԵՄ դեղատոմսում մի բառ անգամ չկա այն մասին, որ կողմերը պարտավոր են կատարել 44-օրյա պատերազմից հետո իրենց ստանձնած պարտավորությունները։ Ասես այդպիսի պարտավորություններ ընդհանրապես չեն եղել։
Մինչդեռ դրանք ոչ միայն պարզապես կան, այլև լիովին ու անվերապահորեն կատարվել են, տեղ-տեղ՝ նույնիսկ գերակատարվել հայկական կողմից, և կոպտորեն խախտվել են ադրբեջանական կողմից։ Այս իրավիճակում առաջ մղել սահմանազատման և սահմանից երկու կողմերի ռազմական ստորաբաժանումների հետքաշման գաղափարները, նշանակում է միայն մեկ բան. հերթական զիջումները կորզել հայկական կողմից և չեղարկել ադրբեջանական կողմի նախկին պարտավորությունները…