«ԿԻՆԸ…». ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ
Կանանց միամսյակի կապակցությամբ՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ ընկերությունը ներկայացրել է «Կինը․․․» նախագիծը․ հինգ պատմություն հինգ հաջողակ կանանց մասին։
Նախագծի հերոսուհիները պատմում են իրենց երազանքների մասին, այն մասին, թե ինչպես են հիմնել և զարգացրել իրենց բիզնեսը, ինչպես են հաղթահարում խոչընդոտները և ինչ հաջողությունների են հասել: Նախագծի առաջնային նպատակն էր ոգեշնչել հայ կանանց ստեղծագործելու ու առաջ շարժվելու՝ եթե կա սեփական բիզնեսը հիմնելու գաղափար ու ցանկություն:
Առաջին պատմության հերոսուհին երգչուհի, «Մախմուր» ձեռագործ պայուսակների բրենդի հիմնադիր Արփին է: «Մախմուր աղջիկ» երգը (հեղինակ՝ Խաչատուր Ավետիսյան) երգչուհու կատարմամբ նոր շունչ ստացավ և արդյունքում ստեղծվեց մի բիզնես, որով այսօր լցվում է Արփիի կյանքը։ «Այսօր կինը շատ մեծ տեղ ունի ժամանակակից աշխարհում և նա պետք է տեսնի, թե ինչն է իրեն էներգիա տալիս, ինչից է այն քաղում, ստանում, որովհետև նա դա տալու է դիմացինին»։
Երկրորդ պատմության հերոսուհին Լինա Գագիկյանն է՝ «Piafchik Handmade» ձեռագործ զարդերի բրենդի հիմնադիրը: Բրենդն առաջարկում է ազգային մոտիվներով արույրից (լատունից) զարդեր, որոնց նպատակը ոչ միայն նորաձևության մաս լինելն է, այլև կրել յուրօրինակ սիմվոլիկա, որը խորհրդանշում է հային, հայկական ավանդույթներն ու խորհուրդները։ Լինան երազում է «Piafchik»-ը տեսնել միջազգային նորաձևության բեմերում, որով կարող է ճանաչելի դարձնել հայկական մշակութային տարրերը։ «Սիրե՛ք ձեր գաղափարները, և, եթե սիրեք, թեկուզ փոքր քայլերով առաջ գնալով անպայման կհաջողեք»։
Հաջորդ տեսանյութը պատմում է «CarolinaArt»-ի հիմնադիր, նկարչուհի Կարոլինա Մարկոսյանի մասին։ Նա նկարում է կերամիկայի և ապակու վրա՝ օգտագործելով հայկական ավանդական գորգանախշերն ու թռչնագրերը, պահպանում հայկական նկարչական արվեստին բնորոշ բոլոր գույները և համադրությունները, ինչպես նաև ստանում նոր երանգներ և նոր շունչ տալիս նկարչությանը։ Կարոլինան նաև նվերներ է պատրաստել Հոլիվուդի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության համար՝ 8 օրում նկարելով 95 թեյնիկ։ «Մեր հայ կանայք բոլորը բազմաշնորհ են։ Կինը պետք է ինքնաբավ լինի։ Կապ չունի՝ աշխատում է, հոգս ունի, տանը գործեր ունի, երեխաներ, ամուսին։ Մարդ պետք է իր սիրելի գործով զբաղվի, որ դառնա ինքնաբավ, իսկ ինքնաբավ մարդը միշտ լինում է բարի և վատ բան երբեք չի անում»։
Չորրորդ պատմության հերոսուհին Ալավերդիում գործող «Իրիս» հյուրատան հիմնադիր Իրինա Իսրայելյանն է, որը հայկական հյուրընկալությամբ ու մեծագույն սիրով բազմաթիվ զբոսաշրջիկներին է ցույց տալիս Հայաստանի գեղեցկությունը: Քսանյոթ տարվա մանկավարժական գործունեությունից հետո սկսել է անգլերեն սովորել, յուրացնում է թվային մարքեթինգը, քանի որ իր համար «ուշ» հասկացություն չկա։ Թվում է՝ արտասահմանցին ամեն ինչ ունի, ամեն ինչ տեսել է, բայց հերոսուհին ամեն օր հիացական խոսքեր է լսում Հայաստանի և հայերի նիստուկացի մասին, հայկական սովորույթների մասին։ «Հայ կինն ի սկզբանե ուժեղ է իր բնույթով, իր գենետիկայով։ Ոչ մի ազգ չգիտեմ, որտեղ հայ կնոջից շատ տղամարդու կողքին կանգնած ու պայքարած կին լինի։ Ֆրանսիան մի Ժաննա դ՛Արկ ունի, արձան է կանգնեցվել, բայց Հայաստանում այդքան արձան չի տեղավորվի»։
Եզրափակող տեսանյութի հերոսուհին լուսանկարիչ Անիտա Մատինյանն է, որի ֆոտոստուդիան զբաղվում է հատկապես նորածինների լուսանկարմամբ: Ինչպես Անիտան է ասում՝ եթե կա նպատակ, ուրեմն անպայման պետք է գնալ դրա հետևից: Նա վստահ է՝ մայրությունն իր համար նախևառաջ ինքնաբացահայտում է, որովհետև միայն մայր լինելուց հետո ես հասկանում, թե որքան ուժեղ ես։ «Վստահ եմ, որ յուրաքանչյուր կին ունի շատ մեծ պոտենցիալ, որ կարող է շատ բան տալ աշխարհին, ու եթե ունի նպատակներ, գաղափարներ, բիզնես իդեաներ, բայց ունի դրանք իրականացնելու մտավախություններ, անպայման պետք է անի այդ համարձակ քայլը, թռիչք կատարի դեպի առաջ՝ դեպի նպատակներ»։
«Կինը…» նախագիծը նվիրված է կանանց միամսյակին, և այն նորովի է ներկայացնում կնոջ դերը ժամանակակից աշխարհում: Բոլոր տեսանյութերը հասանելի են ընկերության ֆեյսբուքյան էջում և յութուբյան ալիքներում:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։