ՔԱՆԻ՞ ՀԱՅԻ ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՄԻՋԱԴԵՊԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏՈՒՄ

Քաղաքացիական անձանց շրջանում խուճապից խուսափելու համար

Ապրիլի 11-ին Տեղ համայնքի մերձակայքում 4 հայ զինվորի կյանք խլած փոխհրաձգությունից հետո նմանատիպ ներխուժում է սպասվում Վարդենիսում:

Չնայած պաշտոնատար անձանց հավաստիացումներին, սահմանամերձ համայնքների բնակիչները սպասում են զինված միջադեպի կրկնության, ընդ որում՝ սահմանի այն հատվածներում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայից։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ տարածքների բնակիչները բացառություն չեն։ Նրանք արդեն վերապրել են 2021թ.մայիսի 12-ի բռնազավթումը, այնուհետ՝ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիան, որի օրերին ակտիվացան 2021թ. մայիսին մարզի տարածք ներթափանցած զավթիչները։ Այժմ վախենում են հայկական տարածքի խորք զավթիչների ապրիլյան առաջխաղացման շարունակությունից։

Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ապրիլի 11-ի միջադեպից հետո ՔՊ-ական դրածոների թվին պատկանող տեղական մակարդակի ղեկավարներին հրահանգվել է չտեղեկացնել բնակչությանը իրական վիճակի մասին՝ քաղաքացիական անձանց շրջանում խուճապից խուսափելու համար։ Այդ իսկ պատճառով այս օրերին հավաստի տեղեկատվություն է ստացվում սահմանամերձ համայնքների նախկին ղեկավարներից։

Իրավիճակը պայթյունավտանգ է

Օրինակ, Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետիսյանը նշել է, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո հակառակորդը մեծ ուժեր է կենտրոնացրել Վարդենիսի շուրջ։

Մոտ 7 ամիս շարունակ շինարարական աշխատանքներ են ընթանում, ամրացվում դիրքերը, իրավիճակը, նրա գնահատմամբ, տվյալ պահին պայթյունավտանգ է։ Տեղի բնակիչներին այլևս չես համոզի, թե իրենք հարձակման չեն ենթարկվի, սահմանամերձ համայնքների բնակիչները գիտակցում են, որ Սյունիքում զավթիչների առաջխաղացման արյունալի միջադեպին, ամենայն հավանականությամբ, կհաջորդեն համանման գործողություններ Գեղարքունիքի մարզի տարածքում: Մարդիկ սպասում են ապրիլի 11-ին Տեղ համայնքի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի կրկնությանը։

Գեղամասարի բնակիչներն արդեն հաշվարկել են, որ ողջ համայնքը զավթելու համար հակառակորդին կպահանջվի առավելագույնը 10 րոպե։ Ավետիսյանի խոսքերով, սեպտեմբերյան իրադարձություններից հետո իշխանությունները բնակչությանը զենք են բաժանել, իսկ հետո հետ վերցրել, հետևաբար՝ համայնքի տղամարդիկ իրենց տները պաշտպանելու ոչինչ չունեն, եթե կրկնվի Տեղ համայնքի իրավիճակը: Եթե մարդկանց զենքը չխլեին, ապա, ըստ համայնքի նախկին ղեկավարի, հնարավոր կլիներ դիմադրություն ցուցաբերել

Ջերմուկի փոխքաղաքապետն ասաց, թե քաղաքում զբոսաշրջիկների հոսք կա

Պաշտոնատար անձինք ամեն օր ստում են ժողովրդին, թե Տեղ համայնքի մերձակայքի իրադարձությունները չեն կրկնվի սահմանի այլ հատվածներում, որտեղ մարտի 29-ից ի վեր առաջխաղացում է գրանցվել դեպի Հայաստանի տարածքի խորք:

Օրինակ, Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանն օրերս հայտարարեց, թե քաղաքում ամեն ինչ հանգիստ է, բնակիչները վերադարձել են իրենց տները, և նույնիսկ զբոսաշրջիկների հոսք կա: Հիշեցնեմ, որ 2022 թվականի սեպտեմբերին մեր երկրի տարածք ադրբեջանցիների ներխուժումը 3 օրից էլ պակաս ժամանակահատվածում 200 կյանք խլեց։ Ագրեսիայի սկսվելուց հետո Ջերմուկի բնակիչները հաշված ժամերի ընթացքում լքել են իրենց տները։

Անցած ամիսներին զինվորականները բազմիցս հաղորդել են, որ հայկական ստորաբաժանումները ագրեսիայի ժամանակ լքել են դիրքերը ռազմավարական նշանակության բարձունքներում, ինչից հետևում է, որ ագրեսիայի կրկնության դեպքում կրակն իր վրա է վերցնելու զինվորականների մի փոքր խումբը, որոնք մնացել են լեռնային բարձունքներում: Այս մասին տեղյակ են նաև Ջերմուկի բնակիչները, սակայն փոխքաղաքապետը խանդավառությամբ հաղորդեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, թե զբոսաշրջային սեզոնն արդեն մեկնարկել է, ինչը տարվա այս եղանակին ամենևին էլ բնորոշ երևույթ չէ:

Ընդ որում, մեզ հայտնի է դարձել, որ ներկայումս դեռ ավարտված չեն վերանորոգման աշխատանքները մի շարք պանսիոնատներում ու առողջարաններում, օրինակ՝ «Արմենիա» և «Գլաձոր» առողջարաններում։ Ջերմուկում հանգստացողների թվաքանակի մասին կդատենք ամառային սեզոնի արդյունքներով, իսկ այսօր ճիշտ ժամանակն է փաստելու, որ ռեժիմի քարոզչամեքենան միտումնավոր ապատեղեկացնում է սահմանամերձ համայնքների քաղաքացիներին, թե Տեղ համայնքի միջադեպը չի կրկնվելու, և անհանգստանալու առիթ չկա:

Մարդիկ գիտեն, թե որտեղից է գալու դժբախտությունը հաջորդ անգամ

Բնակիչները հավատում են սեփական աչքերին, այլ ոչ թե քարոզչամեքենային։ Նրանք հետևում են, թե ինչպես են օրերի տաքանալուն պես վերսկսվել ադրբեջանցիների հին դիրքերի կահավորման և նորերի կառուցման աշխատանքները։ Այդ դիրքերը տեսանելի են անզեն աչքով։

Աշխատանքը եռում է զօրուգիշեր, չնայած այն հանգամանքին, որ դեռ ոչ բոլոր գագաթների ձյունն է հալչել, իսկ թաց հողը թույլ չի տալիս կանոնավորապես դիրքեր բերել ծանր զինտեխնիկան: Մի խոսքով, զավթիչները հայկական հողում զգում են իրենց ինչպես սեփական տանը, իսկ ռեժիմի քարոզչամեքենան՝ Պետրոս Ղազարյանի գլխավորությամբ, պատմում է, թե ամեն ինչ հանդարտ է, և անհանգստանալու առիթ չկա։ Այդ նպատակով Հանրային հեռուստաընկերությունը, որը զբաղված է փաշինյանական ռեժիմի շահերի սպասարկմամբ, նույնիսկ սրընթաց այց կատարեց Սյունիք

Չնայած Փաշինյանի բոլոր փորձերին՝ զսպելու Հայաստանի տարածքում ադրբեջանցիների խորանալու փաստերի հարուցած զանգվածային վրդովմունքը, մարդիկ տեղերում շատ լավ գիտեն, թե հաջորդ անգամ որտեղից է գալու դժբախտությունը։ Սահմանամերձ համայնքների բնակիչները շարունակում են աղաղակել, որ իրենց տները, բանջարանոցներն ու արոտավայրերը պաշտպանված չեն զավթիչների ներխուժումից, որ իրենք ինքնապաշտպանության զենք չունեն, բայց իշխանությունը նրանց չի լսում կամ ձևացնում է, թե չի լսում: Քանի՞ հայի կյանք է խլելու սահմանամերձ հաջորդ միջադեպը։ Քանի՞ մարդ չի կարողանալու պաշտպանել իրեն ու իր ընտանիքը, քանի որ իշխանությունը խլել է իր զենքը:

Ամենուր չէ, որ զավթիչներին կդիմավորեն ինչպես Տեղ համայնքում, մի շարք վայրերում նրանք անարգել շարունակում են առաջ շարժվել, դիրքեր կառուցում քաղաքացիական օբյեկտների անմիջական հարևանությամբ, անասունների արածեցման և գարնանացանի աշխատանքների համար նախատեսված տարածքներում։ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժներից հետո, թե իբր՝ Տեղ համայնքում ամեն ինչ խաղաղ է, հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները շարունակում են դիրքեր կառուցել եռապատկված եռանդով, ապրիլի 11-ին 4 հայ զինվորի կյանք խլած միջադեպի վայր են բերվել հավելյալ ուժեր: Ակներև է հակառակորդի թվային առավելությունը, հայկական դիրքերը գտնվում են կրակոցի հեռավորության վրա։

Վտանգն ահագնանում է օրըստօրե, հակառակորդը կրակում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, բոլոր հատվածներում կրակոցները կրում են մշտական բնույթ: Կարսում Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժություններն ընթանում են հարձակողական սցենարով, իսկ Փաշինյանը դատողություններ է անում նախքան սահմանազատումը «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու անհրաժեշտության մասին…