ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՆԱև «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ԳՈՐԾՈՎ ՀԱՅՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱԿ–ի միազգային դատարանը կասեցրել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հայցի ըստ էության քննությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ավելի վաղ` ապրիլի 21-ին, դատարանը կասեցրել էր նաև «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով հայցի քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։

Այս գործընթացը տեղի է ունեցել կողմերի ներկայացրած առարկություններից հետո, սա բնականոն գործընթաց է` կողմերի առարկությունները քննելու համար։

«Երբ պետությունները ներկայացնում են իրենց ամբողջական հայցադիմումը, ունենում են 3 ամիս, որպեսզի ներկայացնեն իրենց առարկությունները` համապատասխանաբար, միմյանց դեմ ներկայացված հայցերի վերաբերյալ։ Դրանից հետո դատարանը պետք է քննարկի` արդյոք ընդունելի՞ են ներկայացված հայցապանջները, թե՞ ոչ, կամ արդյոք դատարանը իրավազորություն ունի այդ հարցերը քննելու, թե չունի»,– նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Եղիշե Կիրակոսյանը օրինակ բերեց Ադրբեջանի հայցադիմումը, որտեղ տեղ գտած մի շարք պահանջներ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի առարկային չեն վերաբերվում։

«Դա նշանակում է իրավազորությունից դուրս են, մենք այդ առարկությունը ներկայացրել ենք։ Կան նաև հարցեր, որոնք ժամանակային առումով են դուրս դատարանի իրավազորությունից, որովհետև այն պահից առաջ են եղել, երբ պետությունները դարձել են այդ կոնվենցիայի մասնակից։ Հիմա այս հարցերը դատարանը պարտավոր է քննարկել»,– նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Եղիշե Կիրակոսյանը պնդում է, որ սա շատ կարևոր փուլ է, քանի որ ադրբեջանական հայցը, ըստ էության, պարզապես հայելային արձագանք է Հայաստանի հայցին։

«Չկարողանալով բովանդակային հարցեր բարձրացնել՝ նրանք ուզում են արհեստական բալանս ապահովել գործի քննության ժամանակ»,– հավելեց նա։

Հայկական կողմի գնահատմամբ` հայցի լսումները տեղի կունենան հաջորդ տարվա սկզբին։