ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄԵԿ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Ապրիլի 29-ին ԿԴեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով: Երկար տարիներ փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, նաև 44-օրյա Արցախյան պատերազմից հետո ստեղծված մշակութային, երիտասարդական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու վերջին 35 տարվա ընթացքում Հայաստան տեղափոխված փախստականները կհավաքվեն ՄՀՀ-ի համերգային դահլիճում։

'Старые и новые беженцы азербайджанской агрессии: прошлое, настоящее, будущее'

Հայտնի է, որ 1988-1992 թթ. և 2020 թ ադրբեջանական իշխանությունների հայատյաց, ցեղասպանական, ռազմական հանցագործությունների հետևանքով տեղի է ունեցել տասնյակ հազարավոր հայերի բռնի տեղահանում Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից։ Խաղաղ բնակիչները՝ մեծերը, երեխաները, ծերերը, փախչելով ադրբեջանցի մարդասպաններից ու բարբարոսներից, ստիպված եղան լքել հայրենիքը ու հաստատվել Հայաստանում և այլ երկրներում։ 1988 թ-ից ի վեր ստեղծվել են փախստականների հարցերով զբաղվող, նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանող տարբեր հասարակական կազմակերպություններ։ 2020 թ Արցախյան պատերազմի և Արցախի շրջանների օկուպացիայի հետևանքով հայ փախստականների մի նոր ալիք գոյացավ։ Իրավական դաշտում ի հայտ եկան նոր կազմակերպություններ, որոնց նպատակն է օգնություն ցուցաբերել Արցախի Հանրապետության, Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի և այլ շրջաններից բռնի տեղահանված անձանց։

«Այսօր մենք հայտնվել ենք մի նոր իրավիճակում, երբ փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունները սկսել են իրար օգնել։ Հասկանալի դարձավ, որ եկել է մի պահ, երբ պետք է միավորել բոլորի ջանքերն ու կազմակերպել միջոցառում, որը թույլ կտա մի ամբիոնից բարձրաձայնել փախստականների հետ կապված բոլոր խնդիրները պահանջները։ Կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները քաջ գիտակցում են, որ ժամանակն է համակարգել բոլոր գործողություններն ու մոտեցումները, արդյունավետ դարձնելով փախստականների խնդիրների շուրջ տարվող աշխատանքը։ Այսպես ծնվեց համաժողովի գաղափարը, որը բոլորիս թույլ կտա խոսել փախստականների խնդիրների մասին, գտնել նրանց լուծումները և հասցեական պահանջներ ձևավորել», - ասաց լրագրող, «Դիզակ ԱՐՏ» Մշակութային ՀԿ համահիմնադիր,  «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովի կազմկոմիտեի անդամ Լիաննա Պետրոսյանը։

 'Старые и новые беженцы азербайджанской агрессии: прошлое, настоящее, будущее'

Համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն քննարկելու Ադրբեջանի կողմից այդ երկրի հայ քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների՝ Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի, Շահումյանի շրջանի հայ բնակչության դեպորտացիայի, բռնի տեղահանման և էթնիկ զտումների գործնական քաղականության նկատմամբ միջազգային քաղաքական գնահատականի, դատաիրավական գործողությունների բացակայության, ինչպես նաև փախստականների իրավունքների վերականգնման, այդ թվում վերադարձի իրավունքի հարցերը:

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆՔ, Ո՞Ր ՀԱՐՑԵՐՆ ԵՆ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ,  ինչ ընդհանրություններ և տարբերություններ կան տարբեր ժամանակահատվածներում ու տարբեր շրջաններից բռնի տեղահանված անձանց միջև։ Նախատեսվում է ակտիվացնել փախստականների իրավունքների, փախստականության պահի գույքային և այլ կորուստների, կորցրած փաստաթղթերի, այդ տարածքում իրականացված և իրականացվող մշակութային ցեղասպանության խնդիրները։ Մեր նպատակներից է համաժողովի արդյունքները հասու դարձնել թե հայ, թե միջազգային հանրությանը», - շարունակեց Լիաննա Պետրոսյանը, շեշտելով, որ մինչ օրս այս հարցերի շուրջ ոչ մի դատաիրավական գործառույթներ չեն իրականացվել։ «Համաժողովի ընթացքում կուսումնասիրվեն նաև ագրեսորներին պատասխանության ենթարկելու, հայ փախստականների իրավունքները, այդ թվում հայրենիք և իրենց տները վերադարձի իրավունքը վերականգնելու հարցերը»։

Հասարակական կազմակերպությունները, մտահոգված լինելով փախստականության տարբեր շերտերի բազմաբնույթ հարցերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում հայտնված փախստականներին և Արցախում ապրող բնակչությանը սպառնացող գոյաբանական վտանգներով, նպատակ են դրել համաժողովի միջոցով նպաստել խնդիրների բաց, հրապարակային քննարկմանը և մեկ ընդհանուր հարթակում տարբեր վայրերում բնակվող փախստականների հանդիպմանը, երկխոսությանը և համաձայնեցված առաջարկներ անելուն:

«Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովի կազմկոմիտեի անդամներն են «Ա.Դ. Սախարովի անվան «Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մերի Խաչատրյանը, «Փախստականները և միջազգային իրավունքը»  քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, «Դիզակ ԱՐՏ» Մշակութային ՀԿ-ի նախագահ Լիաննա Պետրոսյանը, որը ներկայացնում է 2020 թ պատերազմից հետո Հայաստանում հիմնված բոլոր արցախյան կազմակերպությունները և բռնի տեղահանված արցախցիներին։

Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից բոլոր այն փախստականները, ովքեր կցանկանան մասնակցել համաժողովին, պետք է մինչև ապրիլի 25-ը ներառյալ նախապես գրանցվեն [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարեն կազմկոմիտեի անդամների ստորև ներկայացված հեռախոսահամարներին՝ Մերի Խաչատրյան՝ 093 985549, Էլեոնորա Ասատրյան՝ 091 419593, Մարիամ Ավագյան՝ 093 438756, Լիաննա Պետրոսյան՝ 098 899333 ։

 «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովին մասնակցության գրանցումն արդեն սկսված է, ապագա մասնակիցների քանակն օրեցօր աճում է։ Նշենք, որ գրանցումը անհրաժեշտ է ոչ միայն մասնակցությունը հաստատելու, այլ նաև տարբեր կազմակերպչական հարցեր լուծելու, օրինակ, մասնակիցներին տրանսպորտով տեղափոխելու համար, և այլն: