Նրանք դավաճան են. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ
44–օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը մի խումբ քաղաքացիների հետ ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ` «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։
Ավելի վաղ Նաիրա Մելիքյանը կոչ էր արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք իսկապես մտահոգ են Արցախի և Հայաստանի ճակատագրով, միանալ իրեն։
Կառավարության մոտ հավաքված տասնյակ քաղաքացիները, այդ թվում նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, իրենց հետ բերել էին մի շարք պաստառներ։
Նրանք գետնին գցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի քանի պատգամավորների լուսանկարներ և սկսեցին քայլել դրանց վրայով։
Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցներն այդ նկարները կարմիր գույնով ներկեցին։ «Սա խորհրդանշում է, որ հայրենիքը հանձնածները, ազգադավները, մեր երկիրը արյան մեջ թաթախածները, պատասխանատվության են ենթարկվելու»,–բողոքի ակցիայի ժամանակ ասաց Զոհրաբյանը։
Ելույթ ունեցավ նաև զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը։ Նա նշեց, որ այստեղ են հավաքվել մայիսյան եռատոնի նախօրյակին, որն այժմ ասոցացվում է միայն պարտության հետ։
Sputnik Արմենիա