Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԾՎԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ

Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի դատավարությունը պետք է վերածվի նոր քաղաքացիական շարժման: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

«Այս դատը գնում է այսօրվա Հայաստանում, որտեղ խաղի կանոնները շատ այլասերված են, կա մեկ հոգու իշխանություն և պետական բոլոր ինստիտուտները ծառայում են մեկ հոգուն: Գրիգորի Խաչատուրովի դատավարությունը պետք է վերածվի նոր քաղաքացիական շարժման ի պաշտպանություն՝ ազգային արժանապատվության, չլռելու շարժման, որովհետև եթե մենք ամեն ինչ լռում ենք, ամեն անգամ ավելի այլանդակ տեսարանի ենք հանդիպում»:

Հարցին, թե ի՞նչ քայլեր են պետք, որպեսզի հանրային գործընթաց մեկնարկի, Հովհաննիսյանն ասաց. «Գրագետ քայլեր են պետք: Կարծում եմ՝ միջավայրը կա, մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են: Հասարակության տրամադրությունները շատ բարդ են, դրանք գնալով փոխվում են: Հասարակությունը սկսում է արթնանալ: Գրագետ քայլերի դեպքում մենք կստանանք լավ արդյունք»:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 10-ին, Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ քրեական գործը։ Դատարանի բակում են հավաքվել գործով ամբաստանյալների աջակիցները, որոնց թվում են՝ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

News.am