«ՀԱՅԵԼԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ

Ցրտերն անցնելուն պես խորհրդարանական ընդդիմությունը մի շարք հանդիպումներ ունեցավ մարզերում, ինչին ռեժիմի պարագլուխը պատասխանեց է «հայելային» նախաձեռնությամբ։ Նա ՔՊ խմբակցության պատգամավորներին գործուղեց մարզեր՝ բնակչության հետ հանդիպումներ անցկացնելու։ Այդ հանդիպումների ընթացքում իշխող կուսակցության անդամները պետք է ժողովրդին պատմեին քաղաքացիների բարեկեցության աճի նկատմամբ իշխանությունների և անձամբ Փաշինյանի անխոնջ հոգացողության մասին։

Այդ հանդիպումների արդյունքներով պարզվեց, որ մի շարք համայնքներում պատգամավորներին ընդունել են, մեղմ ասած, ոչ այնքան բարյացակամ, արդյունքում նախաձեռնությունը փոխարկվել է ՔՊ-ի տեղական ստորաբաժանումների հետ պատգամավորների հանդիպումների, իսկ շարքային քաղաքացիների հետ հանդիպումները հատուկենտ են եղել: Պետք է արժանին մատուցել կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանին այն բանի համար, որ նա հրապարակավ և ազնվորեն ներկայացրեց սահմանամերձ Շուռնուխ համայնքի բնակիչների դժգոհությունն իշխանությունների գործունեությունից՝ մատնանշելով չկատարված մի շարք խոստումներ:

Փաշինյանն ինքն էլ այս օրերին այցելեց մի քանի մարզեր, սակայն Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացվող բարեգեղ պատկերները չեն արտացոլում իրական վիճակը։ Փաշինյանը պատգամավորներից մասնավոր ռեժիմով զեկույցներ է ստացել այն մասին, որ մարզերում ՔՊ-ին շատ վատ են վերաբերվում, Փաշինյանին ամենուր համարում են ստախոս, մարդիկ բացահայտ ասում են, որ սխալվել են՝ նրան վստահելով երկիրը։

Այն մասին, որ բոլոր սոցհարցումները ցույց են տալիս ռեժիմի պարագլխի և նրա կուսակցության վարկանիշի սրընթաց անկումը, հաղորդվել է բազմիցս։ Մայրաքաղաքում թափ է հավաքում փողոցային պայքարը, մարզերում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումները լեփ-լեցուն դահլիճներ են հավաքում։ Փաշինյանը բառացիորեն սեփական կաշվի վրա է զգում, թե ինչպես է համաժողովրդական վստահությանը փոխարինելու գալիս համատարած հիասթափությունն ու համաժողովրդական ատելությունը։ Նա գիտակցում է, որ հողը փախչում է իր ոտքի տակից, սակայն շարունակում է ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, և ժամանակ է ձգում…

Փաշինյանը վախենում է չհասցնել

Փաշինյանը վախենում է, որ ներքաղաքական ապակայունացումն իրեն թույլ չի տա ավարտին հասցնել «հարաբերությունների կարգավորման համաձայնագրի» ստորագրման գործընթացը՝ Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչումով և այնուհետ ինքնիշխան Հայաստանի մի շարք տարածքների հանձնումով։

Վախը պայմանավորված է նրանով, որ միայն այդ դեպքում ուժի մեջ կմտնեն իր անձնական և ընտանիքի անդամների անվտանգության երաշխիքները Արևմտյան Եվրոպայի տարածքում ինչ-որ տեղ: ՔՊ խմբակցության ներսում խմորումները կանխելու համար Փաշինյանը հայտարարեց, թե հունիսին Դիլիջանում տեղի կունենա քաղաքական ժողով, որը կհաստատի տեսանելի հեռանկարի «ճանապարհային քարտեզը»՝ Երևանի ավագանու աշնանը նշանակված ընտրությունների հաշվառումով։

Մինչ Փաշինյանը ձևացնում է, թե ամեն ինչ կարգին է, ՔՊ խմբակցության պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ, մայրաքաղաքում տեղաշարժվում են ավտոմեքենաներով կամ անձնական թիկնազորի ուղեկցությամբ: Բանն այն է, որ նրանց երեսին ու թիկունքից ամենուր գոչում են «Դավաճա՛ն», ընդ որում՝ ոչ միայն անցորդները, այլև բազմաբնակարան շենքերում իրենց իսկ հարևանները, իսկ վերջերս այդ գոչյունների ներքո ՔՊ խմբակցության անդամ մի տիկին ստիպված է եղել լքել վարսավիրանոցը, որտեղ նրան շեմից մերժել են ծառայություններ մատուցել։

Մինչև հունիս տեղի կունենան բազմաթիվ իրադարձություններ, կապված, մասնավորապես, Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ փաստաթղթի ստորագրման վաշինգտոնյան թորվածքի «ճանապարհային քարտեզի» կատարման հետ, որից հետո կշարունակվի ինքնիշխան Հայաստանի՝ ՄԱԿ-ի անդամ պետության տարածքի բռնազավթումը։ Փաշինյանը պետք է հասցնի հանձնել Արցախը և Հայաստանի մի մասը, նախքան ներքաղաքական ապակայունացումը կստիպի իրեն լքել երկիրը ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի աջակցությամբ, որը ներկայումս Ալիևի պայմաններով սահմանազատման հետ կապված հարցերի գլխավոր վերահսկիչն է։

Հունիսին Դիլիջանում Նիկոլը խոստանում է բացել բոլոր խաղաքարտերը, եթե, իհարկե, մայիսին տեղի չունենան իրադարձություններ, որոնք կստիպեն նրան ընդհատել իր ծրագրերը՝ հանուն սեփական անվտանգության։ Ռեժիմի պարագլուխը գերազանց հաշիվ է տալիս իրեն, որ վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրումից հետո արևմտյան գործընկերները կարող են «քցել» իրեն անվտանգության երաշխիքների առումով, և այդժամ դավաճանի ճակատագիրը կվճռի ժողովուրդը։ Ի դեպ, մայիսին Փաշինյանը նախատեսում է այցելել Սյունիք։ Սյունեցի պատգամավորներ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը և Նարեկ Ղահրամանյանն արդեն աշխատում են այդ այցը նախապատրաստելու ուղղությամբ, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ դավաճանը չի ստանա թվով երկրորդ «սյունյաց ողջույնը»: