ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲԵՐԴԱՎԱՆԸ ԳՐԵԹԵ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ Է

Սահմանապահ Բերդավանը Տավուշի մարզի այն գյուղերից է, որտեղ նոր տեխնոլոգիաներով աշխատող ենթակառուցվածքներն սկսել են տեղակայվել 2016 թվականից: Երկարատև ազդեցության ծրագրի արդյունքը տարեցտարի ավելացել է. լուսավորվել են նոր փողոցներ, թեթևացել է համայնքի ֆինանսական բեռը: Այդ հարցում գյուղին աջակցել են տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Գործընկերության ամփոփ պատկերը փաստում է, որ հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելը սկզբունքային մոտեցում է դարձել աջակցող կողմերի համար:

Մինչև 2021 թվականը, Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագրով, Բերդավանում տեղադրվել է 440 LED-լուսարձակ: Էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորել է 15 կմ ճանապարհահատված: 2022 թվականին էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 65-ով՝ ընդհանուր առմամբ լուսավորելով ճանապարհի 2,3 կմ երկարությամբ հատված: Միայն փողոցների լուսավորության ծրագրով, 2016-2022 թվականներին տեղադրվել է 505 LED-լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 17,3 կմ երկարությամբ ճանապարհ: Վերջին ծրագրից հետո Բերդավանն արտաքին լուսավորության խնդիր գրեթե չունի: Ծրագրերի իրականացման ընթացքում իր ներդրումն է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:

«Տարիների ընթացքում հասել ենք այնպիսի վիճակի, որ արդեն ունենք գրեթե 100%-ով լուսավորված գյուղ: Ծրագիրը կարևոր է մի քանի տեսանկյունից. լուծվում է գիշերային ժամերին անվտանգ անցուդարձի խնդիրը, տնտեսվում են համայնքի միջոցները, իսկ երիտասարդությունը, տեսնելով արդյունքը, իր վաղվա օրը փորձում է տեսնել գյուղում: Եթե գյուղում ենթակառուցվածքները զարգացած չլինեն, գյուղացին այստեղ չի մնա: Մեր գերխնդիրը բարենպաստ պայմաններ ստեղծելն է՝ գյուղացուն գյուղում պահելու համար»,-ասել է Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը:

Բերդավանում համոզված են, որ ենթակառուցվածքների զարգացումն ու տարբեր ծրագրերի իրականացումը թույլ կտա հնարավորինս մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը: Իսկ համաչափ զարգացման հեռանկարը կնպաստի երիտասարդների ներուժը ծննդավայրում օգտագործելու հնարավորությանը:

Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության արդյունքում 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ: LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ծառայում են անհամեմատ ավելի երկար և սպառում 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Галерея (7 фото)

Основная тема:
Теги: