ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ` ԳԼԵՆԴԵԼԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԵՐԻՆ ՀԱՄԵՄԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արցախում և այլ պետություններում ապրող հայերի հարցերն իրարից խիստ տարբեր են։ Դրանք իրար հետ համեմատելը մոլորեցնում է հանրությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դեցենտ Մենուա Սողոմոնյանը` արձագանքելով ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համեմատությանը։
Իշխող ուժի պատգամավոր Գուրգեն Արսենյանը արցախահայերի կարգավիճակը համեմատել էր Գլենդելում, Ջավախքում և այլ երկրներում ապրող հայության կարգավիճակի հետ` ընդգծելով, որ պետական պաշտոնյաների խնդիրն առաջինը ՀՀ քաղաքացիների պաշտպանությունն է։
«Դա կոչվում է հանրությանը մոլորեցնելով` լեգիտիմացնել իրենց դավաճանությունը։ Այսինքն` Արցախի հանձնումը մատուցել հանրությանը որպես պետական շահ։ Սա հենց դավաճանության լեգիտիմացումն է։ Արցախահայության և սփյուռքի հայության հարցերն իրենց սրությամբ, այժմեականությամբ, էքզիստենցիալ բնույթով տարբեր հարցեր են»,–ասում է Սողոմոնյանը։
Դոցենտն ընդգծում է` Ջավախքի, Գլենդելի, Կրասնոդարի (կամ այլ վայրերի, որտեղ կա սփյուռք) հայերը պահպանում են իրենց ինքնությունը։ Նրանց ցեղասպանություն չի սպառնում ինչպես Արցախի հայերի դեպքում։ Ո՛չ ԱՄՆ–ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Վրաստանն այնտեղ ապրող հայության համար գոյութենական սպառնալիք չեն ներկայացնում` ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի։
Սողոմոնյանը, բացի այդ, նշում է, որ ի տարբերություն Արցախի` Գլենդելում ապրող հայերի հարցը հայկական հարցի բաղադրիչ մաս չէ։
«Երկու հայկական պետությունների գոյությունը մեր թշնամու խնդիրները խիստ դժվարացնում է, քանի որ նրանք երկու ճակատով են պայքարում։ Եթե Արցախի Հանրապետությունը չի լինում, նրանք մեկ ճակատով կպայքարեն և իրենց հաջողության շանսերը շատ ավելի մեծ կլինեն»,–ասում է նա։
Սողոմոնյանը հիշեցնում է` արցախցին ապրում է իր դարավոր հայրենիքում և դա հայության հայրենիքն է, և երբ իշխանական թևից հիշատակում են պետական շահի և ազգային շահի միջև ընտրության մասին, չպետք է մոռանան` ինչ է գրված ՀՀ հիմնադիր փաստաթղթում` Անկախության հռչակագրում։
«Ազգային շահը ոչ թե Գուրգեն Արսենյանի մտքի արգասիքն է կամ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի պատկերացումը, այլ շատ որոշակի է և կոնկրետ։ Այս պարագայում ազգային շահը ֆիքսված է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում, որտեղ Արցախի ազատությունը, այնուհետև Արցախի միացումը ՀՀ–ին ամրագրված է որպես ազգային-պետական նպատակ։ Այլ հիմնարար փաստաթուղթ գոյություն չունի, որը կարող է վիճարկել սա։ Այսինքն` մեր պետական շահը` որպես ազգային նպատակ, ունի հստակ իր ձևակերպվածությունը, և դա հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորումն է»,–ասաց փորձագետը։
Հետագայում Արցախի վերամիավորումը մայր հայրենիքի հետ վերահաստատվել է 1992 թվականի հուլիսի 8–ի Գերագույն խորհրդի որոշմամբ, որով գործադիրին արգելվում է ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը կճանաչվի որպես Ադրբեջանի մաս։
Սողոմոնյանը հավելեց, որ վերոնշյալից ելնելով է օրերս մեկնարկել «Ազատ Արցախ հայաքվե» նախաձեռնությունը, որի նպատակն է քրեականացնել ՀՀ–ի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող որևէ հայտարարություն, որևէ գործողություն։