Սանոսյանն անդրադարձել է անկլավների հարցին

Բանակցություններում անկլավների հետ կապված տարբեր քննարկումներ և սցենարներ կան։ Այս մասին Աժ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով անկլավների վերաբերյալ հարցին։

«Ակնհայտ է, որ երբ որ այդ պրոցեսը հասունանա՝ կարևոր դերակատարում կունենա այդտեղ իրավական փաստաթղթերը։ Այսինքն` որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունի իրավական հիմքեր։ Կարծում եմ` այդ ժամանակ գործընկերները կտեսնեն` որ տարածքը ինչ իրավական հիմք ունի»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` ակնհայտ է, որ անլկավային տարածքներ և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմը ունի։ Այդպիսի հատվածներից է 90–ականների պատերազմից հետո հատկապես Տավուշի մարզում տարածքները, որոնք գտնվում են հիմա Ադրբեջանի տիրապետության տակ։

«Կարծում եմ` այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»,–ասաց նա։

Նախարարը համաձայն չէ լրագրողների դիտարկման հետ, որ անկլավները հանձնվում են։

«Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, ինչու եք գիշեր–ցերեկ հանձնելուց խոսում»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ` Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում պետք է գտնեն լուծումներ և ինչպես Սյունիքում գտան լուծումներ` փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։ Նախարարը հորդորեց դեպքերից առաջ չընկնել և համբերել։

Sputnik Արմենիա