Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստները» բողոքի ցույց են անցկացրել՝ Ալիևից պահանջելով իրենց գումարը

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում վերջին օրերին ակտիվիորեն քննարկվում է օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի մոտ պետական ֆինանսավորմամբ գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները բողոքում են իրենց ֆինանսավորման կրճատման դեմ։ Ցուցարարների թվում են եղել նաև Ադրբեջանի իշխանությունների հրահանգով Լաչինի միջանցքը մի քանի ամիս ապօրինի փակած այսպես կոչված «էկոակտիվիստներից»։ Մասնավորապես, լուսանկարներում երևում են դեռևս դեկտեմբերին Լաչինի միջանցքում աղավնուն խեղդելով հայտնի դարձած տիկինը, նաև՝ «Սոցիալական աջակցություն պատերազմի կանանց վետերաններին» ՀԿ ղեկավար Ռադե Աբբասը, որի կազմակերպությունը ևս ակտիվորեն մասնակցում էր միջանցքի փակմանը։

Ուշագրավ է, որ օրերս Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին աջակցության պետական ​​գործակալությունը հրապարակել էր 2023 թվականի փոքր դրամաշնորհների մրցույթի արդյունքները։ Արդյունքների հրապարակումից հետո էլ սկսվել է կազմակերպությունների անդամների ցույցը, որոնք բողոքում են իրենց դրամաշնորհների կրճատման կամ չեղարկման դեմ։ Ի դեպ, այս բողոքի ակցիայից հետո Ադրբեջանի պետական քարոզչամեքենան լծվել է նրանց սևացնելու գործին։

Factor.am

Галерея (5 фото)