Ռուբեն Վարդանյան․ Կամ հայ ես ու կանգնած ես Արցախի կողքին, կամ հայ չես, եթե Արցախի կողքին չես

Կարևոր քայլերն առաջին հերթին պետք է անեն Արցախի նախագահն ու իշխող ուժը։ Նահանջելու տեղ չկա, պետք է որոշումներ կայացնել։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ներսում բոլորը հասկանում են իրավիճակը և պետք է պատրաստվեն բոլոր ունեցած ուժերով մեր հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց նա։

Վարդանյանը վստահ է, որ Հայաստանում և ոչ միայն մարդիկ կկանգնեն Արցախի կողքին։

«Բայց նրանք պետք է զգան, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի` մեր հողում ապրելու մեր իրավունքը պաշտպանելու համար: Սա պետք չէ բարձրաձայն անել»,- հավելեց նա:

Նրա խոսքով, Ալիևի հնչեցրած սադրանքն այլ տարբերակ չի թողնում.

«Պետք է պատրաստվել ամեն ինչի ՝ հասկանալով, որ այս իրավիճակում պետք է ապավինենք սեփական ուժերին՝ փորձելով աշխարհին բացատրել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, չունի այնպիսի լուծում, ինչպիսին ուզում է Ադրբեջանը։ Այդ մոտեցումը կայանում է նրանում, որ մենք դառնում ենք Ադրբեջանի մաս, ինչը կհանգեցնի նոր ցեղասպանության, Արցախից հայերի վտարման։ Սա մեզ համար անընդունելի կլինի։

Հիմա առավելագույնս պարզ է դարձել՝ կամ հայ ես ու կանգնած ես Արցախի կողքին, կամ հայ չես, եթե Արցախի կողքին չես։

Արցախի հայերը 1988 թվականից սկսեցին պայքարել սեփական օրենքներով ապրելու իրավունքի համար, և ոչ ոք չի կարող մեզ զրկել այդ իրավունքից։

Որոշումները, որոնք կարող են ընդունել տարբեր երկրներ, ի վերջո, պետք է իրականացվեն Արցախում։ Եթե ​​Արցախի ժողովուրդն ու իշխանությունները միասին հայտարարեն, որ չեն ենթարկվելու՝ վկայակոչելով պատմական փորձը, այդ թվում՝ Նախիջևանում, Շաումյանում և Խորհրդային Ադրբեջանի այլ շրջաններում ապրող հայերի փորձը։ Սա ամենակարևոր քայլն է և այս դիրքորոշումը պետք է հասկանա առաջին հերթին Ադրբեջանը, աշխարհը և Հայաստանը։

Մենք հասկանում ենք իրավիճակը և ամեն օր պատրաստվում ենք, ամեն ինչ անում ենք, որպեսզի համապատասխան մակարդակի պատրաստվածություն լինի, մեր դիրքորոշումը կլինի հստակ և կոնկրետ»,- շեշտեց նախկին պետնախարարը։

News.am