Միհրան Պողոսյան. Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը լրատվամիջոցներին տեսանյութ է ուղարկել, որում երևում է, թե ինչպես են «Մրգենի» ՍՊ ընկերության աշխատակիցները մրգի արկղերում հայտնաբերում թմրանյութը։

 


Նշենք, որ մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Դեպքի վերաբերյալ հայտարարություն էր արել նաև Միհրան Պողոսյանը, ով կապ ունի ընկերության հետ: Այնուհետև ԱԱԾ-ն դեպքի առնչությամբ տարածել է երկրորդ հաղորդագրությունը, որում նշվում է, որ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

News.am