Թովմասյանը Փաշինյանին՝ Ժողովրդավարության ներքին սպառնալիքները առկա են Հայաստանում

Ժողովրդավարության ներքին սպառնալիքները առկա են Հայաստանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում թիվ մեկ բրենդ հռչակված ժողովրդավարությանը սպառնացող վտանգներ չկան:

«Կոռուպցիայի և դատական անկախության մասին բարձրաձայնումները դուք բոլորդ լսել եք, նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլի» արձանագրած հետընթացի մասին: Դրանք հենց այն ցուցանիշներն են, որոնք սպառնում են ՀՀ-ում ժողովրդավարությանը

Այո, Հայաստանում կար փոփոխությունների կարիք և դրա համար եղավ հեղափոխությունը: Բայց թղթի վրա արձնագրել, իսկ իրական կյանքում դա չունենալ, դա չի նշանակում, որ մեզ մոտ եղավ փոփոխություն: Ես կուզենամ, որ իսկապես այն, ինչ խոստացել է իշխանությունը, այդպիսի կյանքով ապրի և այդ նարատիվները կյանքի կոչի, որովհետև միայն լոզունգներով հնարավոր չէ կառավարել երկիրը»,-ասաց Թովմասյանը:

Անդրադառնալով ընտրություններին ընդդիմադիր գործիչն ասաց. «Այս պահին Վանաձորում ամենաշատ ձայն հավաքած ուժը ներկայացնող անձը, որը կարող էր ընտրվել քաղաքապետ։ և հավանաբար կընտրվեր, եթե այս պահին կալանավորված չլիներ: Այսինքն քաղաքացու կամքի արտահայտությունը կարևորող իշխանությունը կալանավորել է ամենաշատ ձայն հավաքած ուժի ղեկավարին: Սա սպառնալիք է ներքին ժողովրդավարությանը:

Նաև տարբեր համայնքներում ավագանու անդամները, որոնք պետք է կառավարեին կամ պետք է լինեին ավագանու անդամ, տարբեր սպառնալիքների պայմաններում ուղղակի հրաժարվեցին մանդատից, որ իրենց ազատությունը կարողանան վայելել: Այսինքն պետք է ընտրեին՝ կալանքը կամ մանդատը»:

Թովմասյանը նաև հիշեցրեց ՔՊ կուսակցության վարչության ընտրություններում կեղծիքների հայտնաբերումը. «Այս ամենից հետո ասել, որ ինչ-որ բան է փոխվել, ես այդ կարծիքին չեմ, մենք այլ ակնկալիք ու սպասելիք ունեինք:

Շատ է խոսվում, որ կուսակցությունների ֆինանսավորումը և անկախությունը առաջնային են, բայց մենք ծանոթացանք ՔՊ-ի վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությանը, ես մի թիվ եմ մտաբերում այս պահին, որ 523 նվեր էր ստացել կուսակցությունը, անհայտ է ումից, ինչ հանգամանքներում և ինչի դիմաց են տրվել: Առաջ դրան անվանում էին կոռուպցիա: Հիմա էլ պետք է ձևակերպումն այդպես լինի»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

News.am