Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ. ՍԱ ԴԵՌ ՍԿԻԶԲՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք ականատեսն ենք նրա, թե ինչ է բանակցվում կուլիսներում։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Նա համոզված է, որ քաղաքական սակարկություններ են տարվում այն ուղղությամբ, որ Հայաստանը ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել էր, որ Վաշինգտոնը «ողջունում է նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցի վերաբերյալ»։
Նշենք, որ խոսքն Ալիևի հայտարարության մասին է՝ Լեռնային Ղարաբաղի հայերին ուղղված սպառնալիքներով։
«ԱՄՆ-ի այս հայտարարությունը կարելի է թարգմանել այսպես. «Եթե դուք ճանաչել եք Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա այս տարածքում ինչ նախագահի մասին է խոսքը»,- հավելեց քաղաքագետը։
Սա, ըստ փորձագետի, միայն սկիզբն է։
«Հաջորդաբար կբարձրացվի Հայաստանից ֆինանսավորումը դադարեցնելու հարցը, անձնագրերի հարցը, դասագրքերի հարցը և այլն։ Գործընթացն ունի անշրջելիության բնույթ։ Այն պահից, երբ Հայաստանի իշխանությունները ԼՂ-ն ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս, նրանց որևէ լծակ չմնաց»,- ընդգծեց նա։
Էլբակյանը դա անվանեց կապիտուլացիայի դասական քաղաքականություն։
«Հայաստանի իշխանությունները շահարկել են այն, որ դա կբերի Ադրբեջանի կողմից Հայաստանի 29800 քառակուսի կմ մետր տարածքի ճանաչմանը։ Բայց Բաքուն հայտարարում է, որ դա էլ չի ճանաչում։ Հայաստանի իշխանությունների Լեռնային Ղարաբաղում հայերի որոշակի իրավունքների մասին հայտարարությունները միտված են միայն մարդկանց զգոնությունը բթացնելուն, ոչ ավելին։ Այլևս առարկայական բանակցություններ չեն ընթանում»,- եզրափակեց նա։