ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ Է ՀԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ

Հայաստանի հանրությունը հաճախ շփոթում է օգտագործվող երկու եզրույթներ՝ «լեգիտիմ» ու «լեգալ»՝ օրինական եղանակով ընտրված, և դա ունի իր բացատրությունը: 1995 թվականից սկսած՝ հանրությունն ունի անվստահություն պետական ընտրությունների հանդեպ, և ամեն հերթական ընտրությունից հետո ամենահաճախակի լսվող արտահայտությունն է՝ իշխանությունը «լեգիտիմ» չէ, այսինքն՝ օրինական եղանակով չի ընտրվել, եղել են ընտրակեղծիքներ:

Այստեղ շփոթում են «լեգիտիմ» ու «օրինական» հասկացությունները, իրականում պետք է ասվեր, որ կառավարությունն օրինական չէ։ Այս պատճառով այդ երկու հասկացությունները մարդկանց գիտակցության մեջ միախառնվել են: Կարող են լինել օրինական ընտրություններ, ինչպիսին 2021-ի խորհրդարանական ընտրություններն էին, սակայն ժամանակի ընթացքում տվյալ կառավարությունը դառնա ոչ լեգիտիմ: Իրականում ոչ ոք չի կասկածում, որ 2021թ-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրոք հաղթել էր ընտրապայքարում: Դա առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ հանրության մեծամասնությունն ուղղակի չմասնակցեց ընտրություններին, որովհետև նախկին-ներկա երկբևեռ ընտրանքի միջև չէր ցանկանում ընտրություն կատարել:

Այսպիսով, լեգալ՝ օրինական են այն ընտրությունները, որոնց ժամանակ չեն եղել ընտրակեղծիքներ կամ դրանք եղել են այն չափով, որ լուրջ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Իսկ տվյալ պահին լեգիտիմ է այն իշխանությունը, որը կատարում է իր խոստումները, արդարացնում է սպասումները և հանրության մեծամասնության աջակցությունն ունի՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Այդ պատճառով լեգիտիմությունը չափում են աստիճանով՝ բարձր, կամ ցածր, այն է՝ ամեն պահի իրականացվում է հանրային կարծիքի ուսումնասիրություն և ըստ այդմ որոշվում տվյալ պահին իշխանության աջակցության աստիճանը:

2021-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը խոստանում էր խաղաղություն, ասում էր՝ ապագա կա, նաև համոզում էր մարդկանց, որ Արցախը, Նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, թեկուզ այդ կարգավիճակով՝ ռուսական խաղաղապահների ներկայության պայմաններում կկարողանա պահպանել իր էթնիկ դիմագիծը, Հայաստանում կլինի արդարություն ու սոցիալական պայմանների բարելավում: Փաստն այն է, որ գործող կառավարության վարկը՝ հանրային աջակցության աստիճանը, շատ ցածր է, քանի որ ընտրությունների ժամանակ տված խոստումները դրժել է:

Ըստ սոցհարցումների՝ գործող կառավարությունն ունի հանրության մոտ 15%-ի աջակցությունը, ինչը նշանակում է, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, որպեսզի նոր կառավարությունը կարողանա արտահայտել հանրության սպասումները: Դա է արտահերթ ընտրությունների ողջ իմաստը: Հակառակ դեպքում, ինչպես նկարագրված է քաղաքագիտության դասագրքերում, ցածր լեգիտիմություն ունեցող իշխանությունն ունի գոյատևման մեկ եղանակ՝ իշխանությունը պահել ուժային կառույցների միջոցով ու սկսել բռնություններ, ինչը տեսնում ենք այսօրվա Հայաստանում, և գնալով այդ գործելաոճն ավելի է խորանալու:

Սակայն այստեղ կա ևս մեկ հանգամանք, ինչը չենք կարող հաշվի չառնել ժամանակակից աշխարհում, հատկապես այն պայմաններում, որում հայտնվել է Հայաստանը, իշխանությունը պետք է ունենա ոչ միայն ներքին, այլև արտաքին լեգիտիմություն: Քանի որ Հայաստանն օրվա կառավարության գործունեության շնորհիվ իր անվտանգությունը չի կարողանում ապահովել սեփական ուժերով, ապա այն որոնում է արտաքին աշխարհում՝ միջազգային հարթակներում:

Այսպիսով, կամ իշխանությունն ունի իր ժողովրդի վստահությունը, որի վրա հենվելով՝ իր հարաբերություններն է կառուցում արտաքին աշխարհի հետ, կամ իշխանությունը պահելու համար չունի այդ վստահությունը և հենվում է արտաքին խաղացողների վրա ու նրանց միջոցով, ի հեճուկս սեփական ժողովրդի ցանկության, փորձում երկարաձգել պաշտոնավարումը արտաքին օժանդակություն ստանալու շնորհիվ: Երկրորդ տարբերակի դեպքում՝ արտաքին ուժերն իր ժողովրդի դեմ օգտագործելու համար, պետք է զիջումների գնա իր ազգային շահերի հաշվին, ինչը տեսնում ենք ներկայիս Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության քայլերի մեջ:

Այսօր Հայաստանում մենք ունենք երկրորդ տարբերակը գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը, իսկ դրա համար պետք է հանրությանը պառակտված պահի:

Պատահական չէ, որ այս կառավարության քարոզիչների ողջ թեզերը կառուցված են արտաքին քաղաքականության վրա՝ թե ում ենք հովանավոր ընտրում, ումից ենք ստանալու օժանդակություն մեր տարածքների որոշ հատվածներ պահելու համար և դրա համար ում ինչ ենք զիջում, սակայն չկան հանրությանը մոբիլիզացնելու թեզեր, այն է՝ հանրության վրա հենվելով փորձել պաշտպանել մեր սուվերենության փշրանքները:

Ինչպես նշեցինք՝ ցանկացած կառավարություն, ում լեգիտիմության աստիճանը գահավիժել է մինչև 15%, պետք է հրաժարական տա, և հայտարարվեն նոր ընտրություններ։ Դա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու քաղաքակիրթ եղանակ է, և նոր կառավարությունը, ստանալով հանրության վստահության թարմ քվեն, պետք է հենվի սեփական ժողովրդի վրա ու ազգային շահերից ելնելով՝ հարաբերությունների մեջ մտնի արտաքին խաղացողների հետ։

Բնականաբար, նման բարձր գիտակցական պահվածք գործող կառավարությունից չենք կարող ակնկալել, սակայն համախմբված ժողովրդի դեմ ցանկացած կառավարություն անօգնական է, և այս պահին հանգուցալուծումը կախված է ժողովրդի կազմակերպված կամքից։

ACNIS ReView