ՀՀ-ն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար

Հայաստանն առարկություններ կներկայացնի ՄԻԵԴ՝ կապված Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների դեմ քրեական հետապնդում հարուցելու հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նախօրեին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտնել էր, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել երկու հայ զինծառայողների վերաբերյալ տվյալներ։

Առևանգված 2 հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տեղեկացրել է, թե ինչ հոդվածներով են դրանք հարուցվել։

«Մեր կարծիքով, սա հերթական ապօրինությունն է, որը կատարվել էր նաև նախորդ դեպքերով գերեվարված անձանց նկատմամբ։ Այս մասով մենք դեռ մեր առարկությունները կներկայացնենք Եվրոպական դատարան»,- ասաց Կիրակոսյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացրել են նաև առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ որոշակի բժշկական տեղեկանքներ և մի շարք այլ մանրամասներ, որոնք պետք է վկայեն, որ Բաքուն կատարում է կոնվենցիայի պահանջները։

Հայկական կողմը մանրամասն ուսումնասիրում է այդ փաստաթղթերը։ Մինչև հունիսի 16-ը ՄԻԵԴ-ը հայկական կողմին ժամանակ է տվել մեկնաբանություններ ներկայացնելու համար։

«Մինչև ամսի 16-ը մենք մեր դիրքորոշումները կներկայացնենք, և դրա հիման վրա դատարանը որոշում կկայացնի»,- ասաց Կիրակոսյանը։