«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»՝ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՓՈՂԻ ՏԱԿ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման վերաբերյալ հնարավոր խաղաղության պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում չի նախանշվի տարածքների մակերեսը։ Հայաստանի 29,800 քառ. կմ տարածքի և Ադրբեջանի 86,600 քառ. կմ տարածքի ճանաչման մասին հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու համար:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»-Ի ՀԱՂՈՐԴՄԱՄԲ՝ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հարցին, թե որևէ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս ՀՀ-ն ճանաչե՞լ է այդ երկրի տարածքային ամբողջականությունը: Միրզոյանը նշել է, որ ինքը ենթադրում է, որ որևէ երկրի հետ փոխադարձ ճանաչման և հարաբերությունների հաստատման մասին պայմանագրում տարածքի մասին ոչ մի հիշատակում չկա։

«Տարածքային ամբողջականությունը մակերեսով նշելը՝ սրանք քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին, են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանը չունի տարածքային պահանջ ՀՀ-ից։ Ես չեմ կարծում, թե դուք կարծում եք, որ մենք սա պետք է ներառենք ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում», - ասել է Միրզոյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ոչ մի այլ երկրի հետ Հայաստանը չի ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիր տասնամյակների հակամարտությունից հետո։ Ուստի չի կարող լինել նախադեպ, երբ այս կամ այն երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ուղեկցվել է նրա տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ Այնպես որ համապատասխան փորձի բացակայության վկայակոչումն այստեղ այնքան էլ տեղին չէ։ Հայ-ադրբեջանական ներկայիս գործընթացն ընդհանրապես աննախադեպ է, ամեն ինչ արվում է առաջին անգամ։ Թեպետ, սա նշում ենք այնպես, հընթացս։

Ահավասիկ Միրզոյանը պնդում է, թե երկրների տարածքները խաղաղության պայմանագրում չեն նշվելու, իբր՝ քառակուսի կիլոմետրերի մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական հայտարարություններ։ Բայց այստեղ հարց է առաջանում. տեղյա՞կ է արդյոք այդ մասին Նիկոլ Փաշինյանը, որը պնդում է, թե Հայաստանին «կադաստրի վկայական» է պետք։ Նկատենք, որ կադաստրային վկայական չի կարող լինել առանց կոնկրետ մակերեսի հիշատակման։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ ի տարբերություն Փաշինյանի, որը հանդես է գալիս հայտարարություններով, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 քառակուսի կիլոմետր տարածքը, Արցախի ներառմամբ, Ալիևը ոչ մի անգամ պատրաստակամություն չի հայտնել Հայաստանի տարածք ճանաչելու 29,8 քառակուսի կիլոմետրը։ Նույնիսկ քաղաքական հայտարարությունների մակարդակով, չենք խոսում արդեն փաստաթղթային ամրագրման մասին. Բաքուն չի ցանկանում կաշկանդել իր ձեռքերը հայկական տարածքների բռնազավթման հարցում։ Եվ դա հասկանալի է։ Ինչո՞ւ պիտի Ադրբեջանը սահմանափակի իր ախորժակը 29,8 քառակուսի կիլոմետրով, եթե շատ ավելի մեծ նկրտումներ ունի. Սյունիք, Սևան, Երևան։ Ալիևը համարում է, թե այդ ամենը բուն ադրբեջանական տարածքներ են և մտադիր է վերադարձնել դրանք նույնիսկ ուժի կիրառմամբ: Այդպես է Բաքուն հնչեցնում իր ռազմավարական նպատակները, ինչին Երևանը պատասխանում է դատարկ «քաղաքական հայտարարություններով»։

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը չի ցանկանում հայ-ադրբեջանական սահմանի գծանշումն իրականացնել ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզների հիման վրա։ Հիշեցնեմ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հենց այդ քարտեզները պետք է դրվեն սահմանազատման գործընթացի հիմքում։ Հենց այդ քարտեզների համաձայն է Հայաստանը զբաղեցնում 29,8, իսկ Ադրբեջանը՝ 86,6 քառակուսի կիլոմետր տարածք։ Ահա ուրեմն, Ադրբեջանի ԱԳՆ-ը հավաստիացնում է, որ քարտեզների շուրջ կողմերի միջև պայմանավորվածություն չկա։ Բացի այդ, Բաքուն պնդում է, թե սահմանազատման գործընթացը պետք է հիմնված լինի «ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավաբանական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման վրա»: Կարելի է չկասկածել, որ նման վերլուծության հիման վրա ադրբեջանցի մասնագետները «կպարզեն», թե Սյունիքը, Սևանը, Երևանը ադրբեջանական են: Իսկ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր դրա համար Բաքվում անմիջապես կգտնվեն։ Ավելի ճիշտ՝ դրանք արդեն պատրաստ են։ Իզուր չէ, որ Ալիևն ամեն առիթով ու առանց առիթի հայտարարում է, որ սահմանազատման գործընթացն ընթանալու է Բաքվի պայմաններով։ Բնականաբար, այդ պայմանները նախապես պատրաստված են՝ վերլուծության և փաստաթղթերի տեսքով: Եվ իհարկե, «վերլուծությունն» ու «փաստաթղթերը» վկայում են, թե Ադրբեջանի տարածքը շատ ավելի մեծ է, քան 86,6 քառակուսի կիլոմետրը, ներառյալ Արցախը, իսկ Հայաստանի տարածքը շատ ավելի փոքր է, քան 29,8 կիլոմետրը, նույնիսկ առանց այսպես կոչված անկլավների…

Հնարավոր ապագա խաղաղության պայմանագրում, առանց Հայաստանի և Ադրբեջանի մակերեսի նշման, կողմերը ճանաչում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը: Երևանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք։ Իսկ այ Բաքուն սողանցք է ստեղծում հայկական տարածքների յուրացման համար։ Այո, պայմանագրում նշվելու է, թե Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց ո՞վ ասաց, թե, ասենք, Սյունիքը հայկական է ։ Դա ամեն դեպքում մերն է, ուրիշի պատկանելիքին մենք չենք հավակնում, վերցնում ենք մերը, կասեն Բաքվում և կհրամցնեն հապճեպ գրված «փաստաթղթերի» ու «վերլուծությունների» արդյունքների մի ամբողջ կույտ։

Այս իրավիճակում, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, Հայաստանին կմնա միակ, բայց ամենավտանգավոր, պատերազմով սպառնացող ճանապարհը, որից ապագայում կարող է օգտվել արդեն այլ՝ հայոց ազգային և պետական շահերին միտված իշխանությունը: Դա ստորագրված խաղաղության պայմանագրի առ ոչինչ ճանաչումն է, քանի որ Փաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրումը հայկական օրենսդրության խախտում է, որը դեռևս արգելում է Հայաստանի պաշտոնական իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Ակնհայտ է, որ ապագա պաշտոնական Երևանի հրաժարումը այսօրվա փաշինյանական Երևանի ապօրինի ստորագրությունից՝ կնշանակի նոր պատերազմ։

Ավաղ, Հայաստանի իշխանությունն այնպիսի փակուղու մեջ է գցել երկիրը, որ դրանից դուրս գալու բոլոր տարբերակները չափազանց վտանգավոր են հայոց պետության գոյության համար։ Այդ փակուղին կոչվում է «խաղաղության դարաշրջան»՝ թշնամու ատրճանակի փողի տակ։