Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՆ ԹՈՂՆԵԼ ԻՆՉ-ՈՐ ԱՐՏԱՔԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջերս տարբեր տեղերից ավելի հաճախ եմ լսում այլընտրանքներ չունենալու մասին: Այսօր իբր այլընտրանք չունենք, քան ապօրինի անցակետն օգտագործելը, վաղը միգուցե այլ կարմիր գիծ հատելու «այլընտրանք չենք ունենա»... Բարեբախտաբար, Արցախում այդպես մտածողները շատ չեն, քանի որ մեր պատմությունը մեզ ապացուցել է, որ այլընտրանքներ միշտ կան, պարզապես դրանք ոչ միշտ են հեշտ և հաճախ պահանջում են շատ ծանր աշխատանք, ուժերի կենտրոնացում ու համախմբում, հրաժարում շատ բաներից, նվիրում: Բայց միայն այդպես մենք կարող ենք ստիպել, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն:

Ապագան մեր ձեռքերում է: Ես դեմ եմ պարզապես հոսանքին տրվելուն և սեփական ժողովրդի ճակատագրի որոշման հարցն ինչ-որ արտաքին խաղացողների թողնելուն: Հնարավոր են տարբեր սցենարներ, որոնք մենք կարող ենք մշակել ու իրականացնել: Միայն մեր սեփական սցենարները կարող են մեզ դրական արդյունք ապահովել: Իսկ ոչինչ չանելը համարժեք է թույլ տալուն, որ մեր վերաբերյալ ուրիշների սցենարները իրականություն դառնան՝ մեզ համար բացասական հետևանքներով:

Մոտ մեկուկես տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարց էին տվել Հայաստանի ապագայի հետ կապված սցենարների մասին: Ես պատասխանել էի, որ լուրջ ու գրագետ աշխատանքի դեպքում մենք հնարավորություն ունենք դառնալու հաջողակ երկիր, այնպիսին, ինչպիսին Ֆինլանդիան էր Երկրորդ համաշխարհայինից հետո: Կամ Շվեյցարիան, եթե գտնենք ու աշխարհին ցույց տանք մեր յուրահատկությունը: Եվ հակառակը՝ սխալ քաղաքականությունը, որը, ցավոք, շարունակում է իրականացնել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, կարող է հանգեցնել բացասական սցենարի. կարող ենք հայտնվել պատժամիջոցների տակ ու անգամ կորցնել ինքնիշխանությունը, դառնալ աշխարհի համար ոչ կարևոր երկիր: Այդպիսի անցանկալի սցենարները հնարավոր են, եթե մենք ինքներս ոչինչ չանենք և թույլ տանք միայն, որ մեր հակառակորդները գործեն: Եվ հենց այդպիսի օտար, արտաքին սցենարների իրականացման են մեզ տանում Հայաստանի ներկայիս իշխանությունները: Սեփական ծրագիր չկա:

Իհարկե, հաջող Հայաստան ունենալը ծանր ու բարդ աշխատանք է: Բայց դա իրականանալի նպատակ է, պարզապես պետք է սեփական սցենարը գործարկել: Վստահ եմ, որ մենք հնարավորություն ունենք Հայաստանը կամուրջ դարձնել Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի միջև, դարձնել հաջողակ երկիր: Իսկ դրա համար ծայրահեղ կարևոր է Արցախը պահել հայկական», - գրել է Վարդանյանը։

Aysor.am