«ԱՐՏԱՍԱՀՄԱՆԸ» ՉԻ ՕԳՆԻ
Երկու արտասահմանցիներ են վիրավորվել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի»,-ասվում է հայկական պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՏՎՅԱԼ ՄԻՋԱԴԵՊԻ ԱՌԻԹՈՎ Ե՛Վ ՊՆ-Ի, և՛ Հայաստանի որոշ պաշտոնական անձանց հայտարարություններում յուրօրինակ կարմիր թելի պես անցնում է այն հանգամանքը, որ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրետակոծվում է հենց արտասահմանյան ներդրումներով կառուցվող օբյեկտը։ Տպավորություն է ստեղծվում, որ առանձնահատուկ ընդգծելով արտասահմանյան կապիտալի անվտանգությանը սպառնացող վտանգի փաստը, հայկական կողմը փորձում է ավելի հաստատուն հիմքեր ստեղծել Ադրբեջանի հասցեին իր արդարացի և հիմնավորված մեղադրանքների համար։ Այն է՝ տեսե՛ք, արտասահմանցիներ, ձեր փողերը գնդակոծության տակ են, սանձե՛ք Բաքվին։ Մինչդեռ ակնհայտ է, որ անկախ նրանից, թե ում ներդրումներով և ինչ օբյեկտ է կառուցվում Հայաստանի տարածքում, Երևանի համար պետք է նշանակություն ունենա միայն մեկ տեսանկյուն. հրակոծման է ենթարկվում հայկական ինքնիշխան տարածքը։ Եվ սրանով ամեն ինչ ասված է։ Այստեղ արտասահմանցիների վտանգված կոմերցիոն շահերն աչք խոթելը առնվազն տարօրինակ է։
Ասենք, ոչ միայն տարօրինակ, այլև վնասակար է տնտեսական տեսանկյունից։ Դիտարկելով, թե անվտանգության տեսակետից որքան խոցելի է տվյալ կառուցվող օբյեկտը, թե ինչքանով է Հայաստանն ունակ երաշխավորել արտասահմանյան կապիտալ ներդրումների պահպանությունն իր տարածքում, արտասահմանցի հնարավոր ներդրողներն ակնհայտորեն կսկսեն մտածել. արժե՞ առհասարակ փող ներդնել հայաստանյան որևէ ծրագրում։ Դա չի նշանակում, թե իշխանությունները պետք է թաքցնեն երկրի ներդրումային անհրապույրությունը։ Բայց ինչո՞ւ խրոխտալ դրանով։
Իմիջիայլոց, Բաքուն, թիրախավորելով հայկական այս կամ այն ձեռնարկություն, լուծում է բացի ամենից նաև Հայաստանի տնտեսության մեջ արվող ներդրումների անհուսալիությունը աշխարհին ցուցադրելու խնդիրը։ Ադրբեջանը շահագրգռված է, որ հայկական տնտեսությունը վանի արտասահմանյան կապիտալը։ Որպեսզի Հայաստանը նաև տնտեսապես թուլանա։ Իսկ որո՞նք են Երևանի շահերը, որը գանգատվում է, որ ադրբեջանական զինված ուժերը հրակոծում են ոչ թե պարզապես հայկական տարածքը, այլ այն, որտեղ ձեռնարկություն է կառուցվում արտասահմանյան ֆինանսավորմամբ։ Այ, եթե դրանով կարողանար ինչ-որ կերպ գրավել նրանց ուշադրությունը, ովքեր իրենց ներկայացնում են որպես Ադրբեջանին զսպող գործոն, դա արդեն այլ բան կլիներ։
Օրինակ, վերցնենք եվրոդիտորդներին։ Եթե նրանց «սրտին դիպչեր» տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանցիների կողմից հրակոծման է ենթարկվում մի ձեռնարկություն, որտեղ ներդրումներ են կատարել ամերիկացիները, ապա հայկական կողմի հայտարարություններում արված շեշտադրումները իմաստ կունենային։ Բայց խնդիրն այն է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը վաղուց արդեն ընդգծուն ցուցադրում է, որ ցանկություն չունի հստակ գնահատականներ տալ կատարվող միջադեպերի վերաբերյալ։ Նրանք պարզապես դիտում են, տեղեկատվությամբ կիսվելով Բրյուսելի և Բաքվի հետ։ Նրանք նույնիսկ չգիտեն, կամ գիտեն, բայց չեն ասում, թե կողմերից որ մեկն է առաջինը կրակ բացում։
ԼԻՈՎԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ արտասահմանյան ներդրումների մասին հղումներով հայկական կողմի հայտարարությունները հասցեագրված են կոնկրետ Հայաստանում ամերիկյան դեսպանատանը։ Բանն այն է, որ խոսքը հայ-ամերիկյան համատեղ մետաղարդյունաբերական ձեռնարկության մասին է, որտեղ տասնյակ միլիոն դոլարներ են ներդրել ամերիկացիները։ Սակայն եթե դա այդպես է, ապա հայկական իշխանության մեսիջը դեսպանատանը լսեցին բավական յուրօրինակ կերպով։ Երևանում ԱՄՆ դեսպանությունը Երասխի գնդակոծումների խորապատկերին հանդես եկավ հայտարարությամբ, բայց բնավ ոչ այնպիսի, որը կարողանար զսպել ադրբեջանական հրակոծումները։ Այսպես, ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցրեց ամառային ճամփորդությունների շրջանում ուղևորությունների սահմանափակումների մասին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում են անկարևոր ճանապարհորդությունները հետևյալ ուղղություններով. Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը։ Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը։ Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք։ Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ։ Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով: Սյունիքի մարզ։ Ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ»,- նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։ Նկատենք, որ Երասխի մասին, որտեղ հրակոծվում են այդ թվում նաև ամերիկյան քաղաքացիների ներդրումները, դեսպանատունը ասում է ընդամենը այն, որ անցնել կարելի է, կանգ առնել՝ ոչ։
Ամենայն հավանականությամբ, Երասխի իրադարձությունների առնչությամբ հայտարարություններում արտասահմանյան ներդրողների շահերի վնասման վրա ուշադրություն է հրավիրվում ճղճիմ սկզբունքի նկատառումով. «արտասահմանը մեզ կօգնի»։ Ամենևի՛ն։ Դա առավել քան հնացած և անգործունակ սկզբունք է։ Առավելևս անվտանգության հարցերում։ Միակը, ով կարող է մեզ օգնել, մենք ինքներս ենք։ Բայց դրա համար պետք է, օրինակ, որ սահմանային իրադրության հայկական գնահատականներում նշվի միայն մեկ բան. ագրեսիայի է ենթարկվում Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչը Երևանի համար բացարձակապես և կտրականապես անընդունելի է։ Դրանով ամեն ինչ ասված կլինի։