ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀՐԵՏԱԿՈԾՄԱՆ ԴՂՐԴՅՈՒՆԻ ՏԱԿ

Հունիս ամսվա ողջ ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 19 հայտարարություն է տարածել, թե իբր՝ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել։ Ադրբեջանի ՊՆ-ի բոլոր հայտարարությունները սուտ են և հետապնդում են մեն-միակ նպատակ. տեղեկատվական հիմք նախապատրաստել ամենօրյա ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումների համար: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հաղորդում է News.am-ը։

«Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարություններն ավելի են սաստկացել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի նման պահվածքը չի նպաստում շարունակվող խաղաղ բանակցություններին և պետք է ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»,- գրել է Մարուքյանը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՅՈ, ԱՆԿԱՍԿԱԾ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ։ Արել է դա նախկինում, անում է այսօր և կանի հետագայում։ Քանզի, ինչպես իրավացիորեն նշում է Մարուքյանը, Բաքուն ծավալապաշտական նկրտումներ ունի։ Ավելի ճիշտ՝ նաև այդ պատճառով, ի թիվս ամենի։

Այլ հարց է, որ բոլորովին հասկանալի չէ Մարուքյանի մեսիջը՝ հասցեագրված միջազգային հանրությանը։ Ի՞նչ եզրակացություն կարող է անել նույն այդ «միջազգային հանրությունը» տվյալ գրառումից: Ենթադրաբար՝ այսպիսի. Երևանը խաղաղ բանակցություններ է վարում Բաքվի հետ, հստակ գիտակցելով, որ Ադրբեջանը անթաքույց ծավալապաշտական քաղաքականություն է իրականացնում Հայաստանի նկատմամբ, օրական մի քանի անգամ դիմում ռազմական սադրանքների, ապատեղեկատվություն տարածում ՝ փորձելով բարդել ահագնացման մեղքը հայկական կողմի վրա։ Այդ «միջազգային հանրությունը» տարակուսում է, թե ինչո՞ւ պիտի ինքը զսպի Ադրբեջանին, եթե Հայաստանի իշխանությունը շարունակում է երկխոսություն վարել իր ոխերիմ թշնամու հետ։ Մարուքյանը, ըստ երևույթին, չի կռահում, որ ստեղծված պայմաններում արտաքին ուժերը կարող են լոկ օգնել Հայաստանին (տեսականորեն) զսպելու Ադրբեջանին, բայց բնավ ոչ փոխարինել Հայաստանին՝ Ադրբեջանին դիմադրություն ցուցաբերելու գործընթացում: Ուստի առնվազն տարօրինակ է, որ հայ պաշտոնյան դիմում է ոչ թե Հայաստանի կառավարության իր կոնկրետ գործընկերներին, այլ համաշխարհային վերացական հասարակական կարծիքին։

Դեսպանը հավաստիացնում է, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը չի նպաստում խաղաղ բանակցություններին: Դա տրամաբանական կլիներ, եթե չլիներ մի փոքր, բայց չափազանց նշանակալի նրբերանգ: Մինչ Մարուքյանը Twitter-ում գրում է իր «ատամնաջարդ» տեքստը, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ուղերձ է հղում իր ադրբեջանցի գործընկերոջը՝ հանդիպելու առաջարկով: Գրիգորյանը ցանկանում է Շահին Մուսթաֆաևի հետ քննարկել «ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք լարվածություն են առաջացնում հայ-ադրբեջանական սահմանին»: Եվ այստեղ հիմնավորված հարց է առաջանում. ինչո՞ւ է հայկական կողմն ինքը բանակցություններ նախաձեռնում Ադրբեջանի հետ, եթե վերջինիս պահվածքն ընդհանրապես չի նպաստում բանակցությունների անցկացմանը: Ինչո՞ւ է Երևանը ջանում երկխոսել Բաքվի հետ, եթե գիտի, որ Ադրբեջանի նպատակը Հայաստան զավթախուժելն է։ Ինչի՞ մասին կարող է լինել այդ երկխոսությունը և ինչո՞վ կարող է դա առհասարակ ավարտվել։ Դատելով այն բնորոշումից, որ Մարուքյանը տալիս է Ադրբեջանին, կա հանդիպման երկու հավանական արդյունք։ Առաջինը պարզապես միջոցառման ձախողումն է։ Երկրորդը՝ ադրբեջանական նկրտումների բավարարումը։ Տեսականորեն կարող էր լինել նաև երրորդ տարբերակ. ինչ-որ փոխզիջում։ Բայց այդ տարբերակը միշտ իսպառ բացառում է Բաքուն։

Իրականում Մարուքյանի գրառումն ու Գրիգորյանի առաջարկը համադրության մեջ ակներևաբար ցույց են տալիս հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին ընդհանուր պատկերացումների իսպառ բացակայությունը Հայաստանի կառավարությունում։ Այս կառավարության մի ներկայացուցիչը համարում է, որ ոչ թե Հայաստանը, այլ ինչ-որ արտաքին ուժ պետք է զսպի Բաքվի ախորժակը։ Մյուսը ձգտում է խաղաղ բանակցություններ վարել ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ սահմանին հրետակոծման դղրդյունի տակ և Բաքվի անդադար աճող նկրտումների խորապատկերին։ Իսկ բացի այդ, սա նաև ցույց է տալիս, թե ինչպիսին է լինելու խաղաղության չարաբաստիկ դարաշրջանը Հայաստանի համար, որտեղ ադրբեջանական ծավալապաշտությունը՝ հրետանու աջակցությամբ, պարզապես կխեղդի միջազգային իներտ հանրությանն ուղղված կոչերով հանդերձ բանակցելու հայկական բուռն ձգտումը։