Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ «ՀԵՌԱՑԵԼ» ԷՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՑ, ԱՅԺՄ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Թուրքիայում նախընտրական պայքարի ընթացքում այդ երկրի իշխանությունները մի փոքր «մոռացել» էին Հարավային Կովկասի, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, դրանք ընտրական գործընթացի առանցքային սյուժեները չէին. պայքարը ծավալվում էր այլ թեմաների շուրջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքով ՝ այժմ վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է լրացնել բացթողումը և կովկասյան ուղղությունը վերադարձնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակ:

Հին քաղաքականություն, նոր նախարար

Շատ առումներով դա կարելի է կապել Հաքան Ֆիդանի՝ ԱԳ նախարար նշանակվելու հետ։ 2010 թվականից թուրքական հետախուզությունը գլխավորող Ֆիդանը միաժամանակ իրականացրել է կարևոր և գաղտնի դիվանագիտական առաքելություններ՝ կապված թուրք-իսրայելական, թուրք-եգիպտական, թուրք-սաուդական հարաբերությունների հետ, և մեծ փորձառություն ունի:

«Ի տարբերություն իր նախորդի` Ֆիդանն ինքը պատկերացնում է ոչ միայն երևացող դիվանագիտությունը, այլ նաև դիվանագիտական գործունեության չերևացող կողմերը։ Թուրքական դիվանագիտությունն աչքի է ընկնում դրանով, որ երբ հնարավորություն չկար զարգացնելու դիվանագիտական հարաբերություններ այն երկրների հետ, որոնց հետո լարված հարաբերություններ էին, գործի մեջ էր մտնում Ֆիդանը և իր գաղտնի դիվանագիտությամբ փորձում էր իր խնդիրները լուծել և որոշ չափով հաջողություններ էր գրանցում»,– ասում է Սաֆրաստյանը։

Ի՞նչ կապ ունի այստեղ Ադրբեջանը

Ադրբեջանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար կարևոր աշխարհաքաղաքական դեր են խաղում։ Եվ պատահական չէ, որ ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանն առաջին այցը կատարեց Հյուսիսային Կիպրոս, երկրորդը՝ Ադրբեջան, որտեղ մի շարք հայտարարություններ արեց։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարեց 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշիում հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին։ Սաֆրաստյանի կարծիքով՝ հյուպատոսություն բացելու ուղերձը պետք է դիտարկել տարածաշրջանային համատեքստում։ Դա նշանակում է, որ Անկարան պահպանում և մեծացնում է իր ռազմավարական հավակնությունները Հարավային Կովկասում։ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանը վերածել իր աշխարհաքաղաքական ազդեցության գոտու՝ խնդիր ունենալով հնարավորինս դուրս մղել Ռուսաստանին և Իրանին։

Եվ Էրդողանի արտահայտությունն այն մասին, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը բխում է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից, ցույց է տալիս, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որ Իրանին հեռու պահի տարածաշրջանից, և «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը հենց այդ նպատակին ծառայելու ճանապարհներից մեկն է։

Երթուղու մրցավազք

Եթե Հայաստանը չկարողանա իր սուվերեն իրավունքը իրականացնել «Զանգեզուրի միջանցքում», դա թույլ կտա թուրքերին մի կողմից դուրս գալ անմիջապես Կասպից ծով, իսկ հետո` Կենտրոնական Ասիա, մյուս կողմից անարգել զենք և զինամթերք մատակարարել Ադրբեջանին։ Դրա համար Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի միջանցքը չվերահսկի նաև Ռուսաստանի ԱԴԾ–ն։

«Մյուս կողմից այս հարցը Իրանի համար աշխարհաքաղաքական նշանակություն ունի, որովհետև այդպիսով Իրանը կորցնում է Հայաստանի և Վրաստանի վրայով Սև ծով հասնելու հնարավորությունը։ Իսկ մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում շատ արդիական է դարձել Հնդկաստանից դեպի Եվրոպա Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի հարցը, և վերջին շրջանում առարկայական քննարկումներ են ընթանում նախագծի շուրջ: Եվ Թուրքիան ոչ միայն ակտիվորեն դեմ է այս նախագծին, այլև փորձում է իր կողմը գրավել Չինաստանին՝ «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում խոսելով այն մասին, որ այդ դեպքում հնարավոր կլինի բացել Պեկին-Լոնդոն ճանապարհը»,– նշեց Սաֆրաստյանը։

Փորձագետը պատահական չի համարում Չինաստանի հիշատակումը՝ հաշվի առնելով Պեկինի և Նյու Դելիի աշխարհաքաղաքական դիմակայությունը։ Եվ Անկարան ցույց է տալիս, որ դեմ է Հարավային Կովկասում Նյու Դելիի դիրքերի ուժեղացմանը։ Սակայն բուն Չինաստանում Թուրքիայի նման հավակնություններին լուրջ չեն վերաբերվում` հասկանալով, որ Թուրքիան միջին խաղացող է, ոչ թե գլոբալ։

Իսկ Ռուսաստա՞նը

Արևելագետը նշում է, որ Թուրքիան իր տարածաշրջանային նկրտումներում էական խոչընդոտ է տեսնում ի դեմս Ռուսաստանի: Նա հիշեցնում է, որ 2020 թվականի վերջին Անկարան առաջարկել էր «3+3» ձևաչափը Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ տարածաշրջանային հարցերը քննարկելու համար։ Թբիլիսին, սակայն, մինչ օրս հրաժարվում է մասնակցել այս ձևաչափին, Թուրքիայի գաղափարը Մոսկվայում կայացած «3+2»-ի մեկ նիստից հետո զարգացում չի ստացել: Եվ հիմա տարածաշրջանում ձևավորվում է նոր ձևաչափ Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ։ Այդ ձևաչափը, ըստ էության, խանգարում է Անկարային իր տարածաշրջանային մտահղացումների իրականացման հարցում և թուլացնում նրա դիրքերը։

Թուրքիան փորձում է ազդել Հայաստանի պատմական հիշողության վրա

«Երբ ես փորձում եմ վերլուծել թուրքական ղեկավարության հռետորաբանությունը, գալիս եմ այն եզրակացության, որ Հայաստանի նկատմամբ նրանց պահանջների ցանկը ամեն անգամ ընդլայնվելու է, մի պահանջին ավելացվելու են մյուսները»,–ասում է թուրքագետը։

Վառ օրինակ է Անկարայի հայտարարություններն այն մասին, որ հայկական կողմը պետք է ապամոնտաժի «Նեմեսիսի» հերոսների հուշարձանը։ Նա, որպես հուշարձանի տեղադրման պատասխան, հայկական ավիաընկերությունների համար փակեց օդային տարածքը։ Սա բոլորովին նոր սյուժե է, որը կապ չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ այլ ավանդական խնդրահարույց սյուժեների հետ: Թուրքիան դրանով փորձում է ազդել մեր պատմական հիշողության վրա և փոխել այն հատվածները, որոնք անբարենպաստ են իրենց համար։

Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։

Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Sputnik Արմենիա