ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ. ՈՎՔԵՐ ՔԻՉ ԵՆ, ՆՐԱՆՑ ՇԱՏ ՏԱԼ

Վերջերս կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, բացի ամենից, անդրադարձավ գործադիրի կենսաթոշակային քաղաքականությանը՝ պատմելով, թե ինչ գաղափար է դրված դրա հիմքում: Բնավ առաջին անգամ չէ նա խոսում այդ հարցի նկատմամբ իր մոտեցման մասին։ Դեռ մի երկու տարի առաջ նա հանրությանը բացատրում էր, որ հարյուր հազարավոր թոշակառուների կենսաթոշակները բարձրացնելն ավելի դժվար է, ավելի ճիշտ՝ ավելի թանկ, քան պաշտոնյաների ավելի քիչ քանակի աշխատավարձը տասնապատիկ ավելացնելը։ Այժմ դարձյալ արդիականացել է այդ սկզբունքը, բայց փոքր-ինչ այլ շեշտադրումով։ Հիմա նույն միտքը Փաշինյանն առաջ է տանում երկրի տնտեսության լուրջ հաջողության արձանագրման խորապատկերին։

Փաշինյանի խոսքերով, ներկայումս Հայաստանի տնտեսության գործերը լավ են ընթանում, բյուջեինը՝ նույնպես, և կարող է հարց առաջանալ. ուրեմն ինչո՞ւ են թոշակները բարձրանում ընդամենը 3 հազար դրամով: Եվ իր իսկ հարցին Փաշինյանը պատասխանում է շատ պարզ. «Մի բան է 595 հազար մարդու համար նախատեսված գումար բարձրացնել, ուրիշ բան է բարձրացնել գումար, որը նախատեսված է հազար մարդու համար»։ Տրամաբանությունը, իհարկե, երկաթբետոնե է։ Ճիշտ է, կա մի փոքր նրբերանգ։ Դա (տրամաբանությունը) բացատրում է, թե ինչու է դժվար բարձրացնել երկրի 595 հազար քաղաքացիների կենսաթոշակները 3000-ից ավելի դրամով, բայց չի բացատրում, թե որն է հազար այլ քաղաքացիների աշխատավարձի էական բարձրացման անհրաժեշտությունը։ Ինչո՞վ է այդ հազարն արժանացել իր նկատմամբ պետության հատուկ վերաբերմունքն։ Բացի սակավաթվությունից, այդ կատեգորիան, ըստ էության, պետք է ունենա էլի ինչ-որ արժանիքներ։ Բայց... Նրանք պարզապես քիչ են, դրա համար էլ շատ են վարձատրվում: Ահա, ըստ էության, Հայաստանի կառավարության տրամաբանությունը։

Ի դեպ, կա ևս մեկ փաստարկ, որին այս հարցում հղում է անում Փաշինյանը։ Միանգամայն արդարացիորեն նա պնդում է. « թոշակ բարձրացնելիս՝ կառավարությունը պետք է հաշվարկի այնպես, որ ինքը առնվազն հավերժ այդքան թոշակ պետք է տա»։ Հասկանալի է, որ այս ձևակերպմամբ նկատի է առնվում, որ եթե կենսաթոշակները շատ կապված լինեն տնտեսական հաջողությունների հետ, ապա վաղը հաջողություններ կարող են և չլինել, իսկ թոշակներն արդեն չես իջեցնի։ Ահա և ապահովագրում է իրեն, թե իբր՝ կառավարությունն իր մոտեցումները դիտարկում է երկարաժամկետ հեռանկարում։ Բայց կրկին իսկ բացարձակապես հասկանալի չէ, թե ինչու է այդ մոտեցումը վերաբերում միայն կենսաթոշակներին և թոշակառուներին:

Ինչ է, եթե վաղը տնտեսական բավարար աճ չլինի, ապա կարող են իջեցվե՞լ, ասենք, դատավորների, պաշտոնյաների կամ ոստիկանության աշխատողների աշխատավարձերը: Իհարկե՝ ոչ։ Ինչպես կենսաթոշակների, այնպես էլ արտոնյալ կատեգորիաների աշխատավարձերի ու հավելավճարների աճը, ասենք այսպես, անշրջելի գործընթաց է։ Իսկ դա (գործընթացը) այս կառավարության կողմից ապահովվում է բնավ ոչ տնտեսական աճի և պետության սեփական եկամուտների ավելացման հաշվին։ Դրա համար գոյություն ունի պարզագույն սխեմա. վարկեր և պետական պարտքի ավելացում։

Այս առումով թավշե կառավարությունն իսկապես հասել է ահռելի բարձունքների։ Հինգ տարվա ընթացքում նա հաջողացրել է ավելացնել պետական պարտքը 57 տոկոսով։ Եթե 2017-ի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմում էր 6,9 միլիարդ դոլար, ապա այս տարվա ապրիլի վերջին հասել է 10,9 միլիարդի։ Թավշե ժամանակահատվածում երկրի պետական պարտքն աճել է ավելի քան 4 միլիարդով, ընդ որում վարկերը հիմնականում վերցրել են պետական բյուջեի ֆինանսական օժանդակության համար:

Ընթացիկ տարեսկզբին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, թե բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանը շուտով կհասնի 6700-6800 դոլար ցուցանիշին և կհավասարվի Արևելյան Եվրոպայի որոշ երկրների: Այո, ցուցանիշն իսկապես պատկառելի է: Բայց այ եվրոպական երկրների հետ համեմատությունները, ուղիղն ասենք, անհեթեթ են։ ՀՆԱ-ի աճն այնտեղ իրենց վրա զգում են քաղաքացիների ոչ միայն այն կատեգորիաները, որոնք սակավաթիվ են, ինչպես ընդունված է թավշե Հայաստանում։ Դե, և թոշակառուների նկատմամբ վերաբերմունքն էլ այնտեղ փոքր-ինչ այլ է…