Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 44–օրյա պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է խառնաշփոթից խուսափելու համար բոլոր տեղեկությունները հավաքել ՊԲ շտաբում: Նա այդ մասին հայտնել է ԱԺ քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրություններից հետո հրապարակած իր հայտարարությունում։
Փաշինյանը հանձնաժողովում ասել էր, որ Օնիկ Գասպարյանից և Արցախի նախագահից պարբերաբար հակասական տեղեկություններ են իրեն ներկայացվել։
«Յուրաքանչյուր պատերազմին բնորոշ է կառավարման համակարգում հակասական տեղեկատվության շրջանառությունը, իսկ մեր դեպքում իրականությունը հետևյալն էր` Արցախի նախագահը ՊԲ-ի կառավարման տարբեր օղակներում ունենալով տեղեկատվության աղբյուրներ, ինչպես նաև Արցախի ԱԱԾ աշխատակիցների միջոցով որոշ դեպքերում ավելի շուտ էր իրազեկվում իրադրության վերաբերյալ, և ըստ էության ստեղծվել էր «զուգահեռ» կառավարման համակարգ, երբ Արցախից և՛ նախագահը, և՛ տարբեր պաշտոնյաներ ու այլ անհասկանալի լիազորություններով օժտված անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկություններ` շրջանցելով ՊԲ հրամանատարությանը»,– նշել է Գասպարյանը:
Նրա խոսքով` դա հաճախ առաջացնում էր խառնաշփոթ, և պահանջվում էր լրացուցիչ ջանքեր գործադրել իրադրությունն օբյեկտիվ գնահատելու համար:
«Ի դեպ, ես բացատրեցի վարչապետին, որ նման կարգով աշխատանքը նվազեցնում է զորքերի կառավարման արդյունավետությունը և առաջարկեցի ցուցում տալ Արցախի նախագահին ու Արցախում գտնվող իր ներկայացուցիչներին` ողջ տեղեկատվությունը հավաքել ՊԲ շտաբում»,–գրել է Գասպարյանը:
Նա ընդգծել է, որ դա անհրաժեշտ էր իրադրությանն օպերատիվորեն արձագանքելու տեսակետից, այսինքն` ցանկացած տեղեկություն առաջնահերթ պետք է ստանար ՊԲ հրամանատարը` ստեղծված իրադրությանը համապատասխան որոշումներ կայացնելու համար, սակայն պատերազմի ողջ ընթացքում պարբերաբար բախվել են հակասական տվյալների ստացման երևույթին:
Հիշեցնենք` Փաշինյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ իրեն որևէ լուր են հայտնել, ԳՇ-ն հերքել է, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ լուրը հավաստի է: